ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ԱՄՆ նախապատրաստվել է պետական պարտքի կրկնակի աճին
    Մինչեւ 2050 թվականն ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կկրկնապատկվի` 2020-ին ՀՆԱ-ի 98 տոկոսից հասնելով 195 տոկոսի: Այս մասին ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունվարին կանխատեսումը մնում էր 180 տոկոսի մակարդակում, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ընթացիկ դրամավարկային քաղաքականության հետ կապված տնտեսական ճգնաժամը ստիպեց վատթարացնել կանխատեսումը: Փորձագետները կոչ են արել նախապատրաստվել նրանց, որ 2021 թվականին պետական ​​պարտքը կհատի 100 տոկոսի սահմանը բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին, իսկ 2022-ին այն կհասնի 107 տոկ
  • Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
    2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը: Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտա
  • Նավթի գները նվազել են
    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.44%-ով և կազմել 39.57 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.52%-ով և կազմել 41.63 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայու
  • ԱՀԿ-ում 2020-ի մարտից մինչև սեպտեմբեր աճի դանդաղում են նշել ծառայությունների համաշխարհային շուկայում
    Առևտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առևտրում աճի դանդաղում է արձանագրել մարտ ամսից մինչև սեպտեմբեր: Դա նշված է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Ժնևում: Այնտեղ նշված է, որ ԱՀԿ-ի մշակած «Ծառայությունների առևտրի ճնշաչափը», որն արտացոլում է միտումները գլոբալ առևտրի բնագավառում, այժմ կազմում է 95,6 կետ, ինչն ավելի ցածր է, քան այս տարվա մարտին (96,8) և քան անցյալ տարվա սեպտեմբերին (98,4): «Սեպտեմբերի 17-ի դրությամբ ինդեքսը հավասար է եղել  95,6 կետի, ինչն ամենաթույլ ցուցանիշն է հայտնիներից»,- նշում
  • Գիտնականները ջրի նոր վիճակ են բացահայտել
    Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա: Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառ
  • ՀԾԿՀ. Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ
    ՀԾԿՀ-ից  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավա
  • ՀՀ ԲՏԱ և ԱՀ ԷԱԵ նախարարները քննարկել են փոստի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցեր
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 15-ին  ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառությունը ֆինանսական համակարգերում

    ԳՈՌ ՉԱՏԻՆՅԱՆ
    ՄՀԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետ


    Տեխնոլոգիական փոփոխությունները կանխորոշում են անհատների և հասարակությունների կենսակերպը հաջորդող տասնամյակների կամ երբեմն դարերի համար: Այդպիսի տեխնոլոգիաներից է բլոկչեյնը: Հոդվածում քննարկվում են ֆինանսական համակարգերում բլոկչեյնի կիրառություններին ու աճող դերին վերաբերող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է կատարվում բանկային համակարգի վրա այդ տեխնոլոգիայի ազդեցությամբ հնարավոր վերափոխումներին: Այդ համատեքստում դիտարկվում են նաև Հայաստանի ֆինանսական համակարգի հնարավորությունները և մարտահրավերները բլոկչեյն տեխնոլոգիայի հետագա զարգացմամբ:

    Հիմնաբառեր. տեխնոլոգիական փոփոխություն, բլոկչեյն, բիթքոին, նոդ, մայնինգ, տարածված գրանցամատյան, ֆինանսական համակարգ, բանկային համակարգ 




    Համաշխարհային ֆինանսական համակարգում օրական կատարվում են տրիլիոնավոր ԱՄՆ դոլարների հասնող համախառն շրջանառությամբ գործարքներ միլիարդավոր մարդկանց միջև: Այդ գործարքները, բացառությամբ կանխիկ գումարով կատարվողների, տեղի են ունենում կենտրոնացված ֆինանսական հաստատությունների` բանկերի (կենտրոնական, առևտրային, ներդրումային և այլ), պետական մարմինների և մի շարք մասնագիտացած մասնակիցների անմիջական ներգրավվածությամբ: Նշված հաստատությունները հանդես են գալիս որպես վստահելի միջնորդներ գործարքների կողմերի միջև: Նրանց առաքելությունն է ապահովել գործարքների օրինականությունը, համոզվել խաբեությունների բացակայության մեջ և, ընդհանրապես, ապահովել գործարքների կնքման ոչ կանխիկ ձևերի նկատմամբ վստահելիության պատշաճ մակարդակ: Գործնականում որոշ չափի խաբեությունները և անօրինական գործարքները դառնում են վիճակագրորեն ընդունելի, իսկ 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ պարզ դարձավ, որ ֆինանսական շուկայի միջնորդները երբեմն կարող են անպատասխանատու կերպով առաջացնել տնտեսական ճգնաժամեր և դրանցից որոշ ժամանակ անց նույնկերպ շարունակել իրենց գործունեությունը գրեթե անփոփոխ մնացած կարգավորումների դաշտում: Ճգնաժամերի մեծ մասի պատճառը, ըստ որոշ դիտարկումների, հանգում է լճացման շրջանում շահութաբերություն որոնելուն: Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ միջնորդավորված գործարքներում վճարումներն անվերադարձելի չեն, ինչի պատճառով գործարք կնքողների կողմից միմյանց մասին մեծածավալ տեղեկատվության տրամադրման օբյեկտիվ պահանջ է առաջանում: Դա էլ, իր հերթին, զսպող հանգամանք է դառնում այն անձանց համար, որոնք չեն ցանկանում անկանխիկ գործարքներ կատարելիս իրենց անձնական տվյալները տրամադրել մի շարք պետական և մասնավոր հաստատությունների:
    Միջնորդ հաստատությունների մեկ այլ կարևոր առաքելություն է ոչ կանխիկ գործարքներում կրկնակի ծախսումները կանխելը։ Բանն այն է, որ տեսականորեն բոլոր վճարահաշվարկային համակարգերի միջոցով (Visa, MasterCard, PayPal և այլն) հնարավոր է ծախսել միևնույն գումարը մի քանի գործարքում. դա այն ժամանակ, երբ այդ գործարքն անցնում է հաստատման փուլ: Այս խնդիրը լուծվում է, երբ կա վստահելի միջնորդ:
    Բլոկչեյն (անգլ.` block chain, հայերեն` բլոկ-շղթա) տեխնոլոգիայի միջոցով կարելի է լուծել մի շարք խնդիրներ` ինչպես վերը նշված, այնպես էլ հաջորդիվ քննարկվող:
    Բլոկչեյնի մասին առաջին անգամ խոսվել է 2008 թ. Սատոշի Նակամոտո անունով հանդես եկող անձի (անձանց) հրապարակած աշխատանքում:
    Բլոկչեյնի կիրառմամբ աշխատող Bitcoin-ը (ներկայումս տարածված վճարահաշվարկային համակարգ է) նա նկարագրում է որպես «գործարք կնքող երկու կողմերի միջև անկանխիկ դրամաշրջանառության ապահովման միջոց` առանց ֆինանսական միջնորդ հաստատությունների ներգրավման»:
    Ավելի ընդհանրական` բլոկչեյնը կամ տարածված գրանցամատյանի (distributed ledger) տեխնոլոգիան արձանագրություն է, որի միջոցով հնարավոր է դառնում տեղեկատվության փոխանակումն ուղղակիորեն` առանց միջնորդների գործակցող երկու կողմերի միջև: Համակարգի բոլոր մասնակիցներն անանուն կերպով են մասնակցում գործարքներին, և յուրաքանչյուր գործարք ավելացվում է անընդհատ թարմացվող և բոլոր նոդերին տարածվող գործարքների շղթային: Այսպիսով` ակնկալվում է, որ բլոկչեյնի ի հայտ գալով և դրա ներուժի բացահայտմամբ խիստ փոփոխվելու են մի շարք բնագավառներ, այդ թվում` բիզնես մոդելներ, վճարահաշվարկային համակարգեր, ֆինանսական շուկայի մասնագիտացված մասնակիցների (նաև բանկերի) գործառույթներ, հաշվապահության, աուդիտի իրականացման գործընթացներ և այլ տնտեսական ու ոչ տնտեսական բնագավառներ: Հետևաբար` հարցն այն չէ` արդյո՞ք բլոկչեյնի ներուժը կկիրառվի, այլ այն, թե երբ և որ ոլորտներում հատկապես:
    Բլոկչեյնի առաջին կիրառությունը տեղի է ունեցել բիթքոինի (bitcoin) ստեղծմամբ: Բիթքոինը կրիպտոարժույթ է, էլեկտրոնային փողերի ձև: Առաջին հերթին կարևոր է հասկանալ, թե ինչ սուբյեկտներ են մասնակցում բլոկչեյնի կիրառությունում, մասնավորապես` բիթքոինի դեպքում: Գործարք կատարելու համար պետք է օգտագործել ուղարկող կողմի հանրային (public) և անձնական (private) բանալիները, իսկ ստացողի դեպքում միայն հանրային բանալին: Արդեն քննարկված կրկնակի ծախսման խնդիրը լուծվում է նոդերի օգնությամբ: Ըստ էության, կրկնակի ծախսումը կանխվում է կենտրոնացված մարմնի կողմից, քանի որ վերջինս ունի բոլոր գործարքների և հաշիվների շարժերի գրանցամատյան: Այդ միջնորդներին այս համակարգում փոխարինում են բոլոր ցանկացողները (նոդերը), որոնք պատրաստ են պահպանել և տարածել գործառնությունների անընդհատ թարմացվող գրանցամատյանը կամ դրա մի մասը: Գործնականում բիթքոինի յուրաքանչյուր իրազեկված տնօրինող պահում է բլոկչեյնի շղթայի բոլոր գործարքները` իր շահերը հարկ եղած դեպքում պաշտպանելու համար:
    Գոյություն ունի նոդերի ապակենտրոնացված համակարգ, որտեղ որոշ նոդեր, պահելով ամբողջ բլոկչեյնը (բլոկ-շղթան), կատարում են մի գործառույթ, որը ստացել է մայնինգ (mining) անվանումը: Նոդերը պահում են լիարժեք ցուցակը կամ ամբողջ բլոկչեյնը, որպեսզի տարածեն և օգտագործեն` պարզելու համար հնարավոր խարդախությունները, ստուգելով մայներների տրամադրած տեղեկատվությունը: Մայներները, իրենց հերթին, կա՛մ պահելով ամբողջ բլոկչեյնը, կա՛մ էլ ունենալով վստահված նոդ, զբաղվում են նոր կատարված գործարքների հաստատմամբ: Այդ գործընթացը պահանջում է հաշվողական մեծ հզորություն և էլեկտրաէներգիա, քանի որ խոսքը վերաբերում է մաթեմատիկական ծածկագրման սկզբունքով ստացված տեղեկատվությունը ստանդարտ, վերջնական տեսքի բերելուն, «հաշ»-ը (hash) գեներացնելուն: Մայներների կատարած աշխատանքը փոխհատուցվում է միջնորդավճարներով: «Հաշ»-ի միջոցով նոր գործարքը կապվում է բոլոր նախորդ գործարքների հետ, հետևաբար` բացառում խաբեությունները:
    Բացի նրանից, որ «հաշավորումը» կեղծիքներից խուսափելու միջոց է, գործընթացի ռեսուրսատար լինելը նաև հնարավորինս նվազեցնում է այն բանի հավանականությունը, որ մի քանի հզոր մայներներ կարող են զբաղվել նշանակալի թվով գործարքների հաստատումով` ներազդելով ամբողջ համակարգի վրա: Դեռևս 2014 թ. հաշվարկվել էր, որ կեղծ բլոկ ստեղծելու համար անհրաժեշտ է այդ ժամանակվա ամենահզոր գերհամակարգչի` չինական Tianhe-2-ի հզորության շուրջ 51500-ապատիկ հաշվողական հզորությունը: Գծապատկեր 1-ում ներկայացված է յուրաքանչյուր օրում ստեղծված բլոկի կախվածությունը նախորդից և բոլորի կախվածությունը սկզբնական բլոկից: 
















    «Nonce»-ը և յուրաքանչյուր այլ տեղեկատվություն փոփոխելու դեպքում կփոխվի «հաշ»-ը, և պարզ կդառնա, որ կատարվել է փոփոխություն: TX1,TX2…TXn-ը վերաբերում են n-րդ գործարքին: «Ժամանակի նշումը» (timestamp) առնչվում է ժամանակին, քանզի բլոկչեյնը լրացվում է ժամանակագրության սկզբունքով: Ի հավելումն դրա, բլոկչեյնի` տեսականորեն հնարավոր միակ սողանցքը համարվում է 50% և ավելի նոդերի կազմակերպված աշխատանքը համակարգի դեմ: Այդ առումով, Սատոշի Նակամոտոն նշում է. «Համակարգը ապահով է այնքան ժամանակ, քանի դեռ ազնիվ նոդերը միասնաբար կառավարում են ավելի շատ հաշվողական հզորություն, քան միմյանց հետ աշխատող նոդերի խումբը»:
    Բիթքոինի մայնինգի 6 քայլերը, որոնք նշված են Ս․Նակամոտոյի աշխատանքում, ուրվագծում են համակարգի անխափան աշխատանքի սկզբունքները․
    - նոր գործարքները տարածվում են բոլոր նոդերի վրա,
    - յուրաքանչյուր նոդ նոր գործարքները հավաքում է բլոկի մեջ,
    - յուրաքանչյուր նոդ ջանում է խրթին աշխատանքի (մայնինգի) հաստատում փնտրել իր բլոկի համար,
    - երբ նոդը գտնում է աշխատանքի (մայնինգի) հաստատումը, դա տարածում է բլոկի բոլոր այլ նոդերի վրա,
    - նոդն ընդունում է բլոկը միայն այն դեպքում, երբ բոլոր գործարքները վավեր են և դեռ ծախսված չեն,
    - նոդերն արտահայտում են իրենց համաձայնությունը բլոկի վերաբերյալ` աշխատելով հաջորդ բլոկի վրա, օգտագործելով վավեր բլոկի «հաշը» որպես նախորդող «հաշ»:
    Հատկանշական է, որ այն մայներները, որոնք աշխատել են ինչ-որ մի բլոկի ստեղծման ուղղությամբ, սակայն չեն հասցրել գտնել համապատասխան «հաշ»-ը, դրա դիմաց պարգևավճար չեն ստանա: Այդ իսկ պատճառով բիթքոինի մայնինգը ստացել է «մրցակցային հաշվապահություն» անունը:
    Օրինակ` բիթքոինի շրջանառության վերջին 1 տարում կատարված մայնինգից եկամուտները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ էլեկտրաէներգիայի օրական սպառումը միջինում` 128,521 Մգ/ժ: Այդ ցուցանիշը մոտ է Իրաքի էլեկտրաէներգիայի սպառմանը, իսկ աշխարհի մասշտաբով սպառում է արտադրված էլեկտրաէներգիայի 0,21%-ը:
    Քրոսբին և այլք առանձնացնում են բլոկչեյնի ֆինանսական և ոչ ֆինանսական կիրառությունները, որոնցից ֆինանսականները ներկայացված են աղյուսակ 1-ում.






















    Վերոնշյալների հիմքում կարելի է առանձնացնել երեք հիմնական կիրառություններ` կրիպտոարժույթներ, սմարթ գործարքներ և նախնական մետաղադրամի առաջարկներ:
    Կրիպտոարժույթների ի հայտ գալը բլոկչեյն տեխնոլոգիայի առաջացման հիմքը դարձավ: Անշուշտ, պետք չէ նույնացնել բլոկչեյնը և կրիպտոարժույթները, քանի որ բլոկչեյնը շատ ավելի լայն կիրառության  հնարավորություն ունի, բայց և պետք է ընդունել, որ հենց դրանց միջոցով հետաքրքրություն առաջացավ բլոկչեյնի նկատմամբ: Առաջին և ամենահայտնի կրիպտոարժույթը, ինչպես արդեն նշվեց, բիթքոինն է: Գոյություն ունեն մի շարք այլ կրիպտոարժույթներ, որոնք հայտնի են ալտքոին անվանումով: Դրանցից ենԷքս-ԱՌ-Փին, Իթերիումը, Ռիպպլը, Լայթքոինը և Ստելարը: Ալտքոինները թեև ունեն որոշակի տարբերություններ, սակայն օգտագործում են նույն գաղափարը և սկզբնական կոդը, ինչ բիթքոինի դեպքում է, հասանելի են համացանցում:
    Հատկանշական է, որ այս արժույթները կառուցված են փոխադարձ վստահության հիման վրա: Այսինքն` եթե մի օր բոլոր օգտատերերը կամ նրանց զգալի մասը որոշեն ձերբազատվել բիթքոինից (կամ այլտքոիններից), ապա չի լինի որևէ երրորդ կողմ, որը ապահովի դրանց փոխարկելիությունը և արժեքը: Այդ երրորդ կողմի դերը, սովորաբար, ստանձնում է արժույթը թողարկող երկրի կենտրոնական բանկը, որից ազատվելու համար էլ ստեղծվել էին կրիպտոարժույթները: Չնայած այսպիսի ռիսկերին` բիթքոինի նկատմամբ պահանջարկը շարունակում է պահպանվել:
    Խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը` NASDAQ-ը, հայտարարել էր, որ 2018-ից կիրականացնի բիթքոինի ֆյուչերսային պայմանագրերի կնքում11, որը հնարավորություն կտա բիթքոինի փոխարժեքի կանխատեսումով «խաղադրույքներ» կատարելու: Փաստորեն, չունենալով որևէ բիթքոին, հնարավորություն է ստեղծվում` օգտվելու դրա գնային տատանումներից:
    Որոշ մասնագետների կարծիքով նմանատիպ գործիքների առկայությունն էր հենց առաջացրել 2008-ի ճգնաժամը, և շատերը կարծում են, որ բիթքոինի` որպես ֆինանսական գործիքի ուժեղացումը հղի է ֆինանսական աշխարհը ցնցելու ռիսկերով: Իհարկե, կարելի է վիճարկել բիթքոինի ռիսկայնությունը, բայց այն, որ բիթքոինի արժեքը զգալի տատանումներ է ունենում և կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում վստահություն չի ներշնչում, անկասկած է (գծապատկեր 2):


















    Կրիպտոարժույթներից բացի, բլոկչեյնի մեկ այլ շատ կարևոր կիրառություն են սմարթ գործարքները: Սմարթ գործարքը համաձայնագիր է երկու կողմի միջև` բլոկչեյնում պահվող: Դա հնարավորություն է տալիս փոխանակելու ակտիվներ` առանց երրորդ կողմի իմացության: Այս ընդհանուր կիրառությամբ հնարավոր է դառնում հեղափոխել իրավական ողջ համակարգը` ազատվելով կենտրոնացված նոտարներից և, ըստ էության, «նոտար դարձնել» ողջ հանրությանը: Սմարթ գործարքների միջոցով կարող են շրջանառվել ֆյուչերսային, ֆորվարդային համաձայնագրեր, արժեթղթեր, պարտատոմսեր և բոլոր այն ֆինանսական գործիքները, որոնք պահանջում են վստահելի միջնորդ` գործարքներն օրինական և լեգիտիմ դարձնելու համար:
    Վերոնշյալ սկզբունքով արդեն աշխատում են մի շարք կազմակերպություններ արժեթղթերի շուկայում` NASDAQ private equity, Medici, Blockstream, Coinsetter, ապահովագրության ոլորտում` Everledger, նոտարականում` Stampery, Viacoin, Ascribe և այլն:
    Ուշագրավ կիրառություն է նաև նախնական հրապարակային առաջարկին (IPO) փոխարինող նախնական մետաղադրամի առաջարկը (ICO): Երբ ինչ-որ մի կազմակերպություն մի նոր ապրանք կամ ծառայություն է ստեղծում, ICO-ի օգնությամբ կարողանում է ձեռք բերել առաջնային ներդրողներ: Ներդրումների դիմաց տվյալ կազմակերպությունը ներդրողներին է տրամադրում «տոկեններ»: Տոկենները կրիպտոգրաֆիկ պաշտպանություն ունեցող թվային ակտիվներ են: Կախված ձեռնարկության գործունեության   հաջողությունից` տոկենները փոխարկվում են կրիպտոարժույթների` առաջարկ-պահանջարկի միջոցով որոշված շուկայական գնով: Նախնական մետաղադրամի առաջարկների տարածմամբ ՀՀ-ում հնարավոր կլինի ֆինանսավորել հայկական ստարտափները համաշխարհային կապիտալով, ինչը, իր հերթին, կմեղմի ՀՀ-ում գործող վենչուրային կապիտալի պակասի խնդիրը և կդառնա տնտեսական աճի կարևոր ռեսուրս։
    Բլոկչեյնի զարգացման փուլերը հաճախ նմանեցվում են համացանցի զարգացման փուլերին: Մասնավորապես` ընդունված է, որ բլոկչեյնն անցնում է երեք փուլով և հինգ ենթափուլով`
    1. Նախնական մշակման փուլ.
    1.1. տեխնոլոգիայի հետազոտում ու հայտնաբերում,
    1.2. տեխնոլոգիայի նախատիպերի մշակում:
    2. Ստանդարտացման փուլ.
    2.1. բիզնեսի նախատիպի մշակում,
    2.2. բիզնես նորամուծության առաջարկ, տեխնոլոգիական ստանդարտացում:
    3. Արժեքի ստեղծման փուլ.
    1.1. բիզնես արժեքի առաջացում:
    Փաստորեն, բլոկչեյնը 2016 թ. 2.1 ենթափուլում էր, իսկ արդեն այսօր, կարելի է ասել, որոշ կիրառություններում (օրինակ` կրիպտոարժույթներում) անցել է բոլոր փուլերը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գտնվում է վերը նշված ենթափուլում: Դա կարելի է հիմնավորել նրանով, որ առ այսօր բլոկչեյնի կիրառությունների մեծ մասը գտնվում է նախատիպային մշակման փուլում: Այս հանգամանքը կարելի է հիմնավորել նրանով, որ առկա է զգալի հակազդեցություն առանց միջնորդների համակարգերի ներդրման հարցում:
    Որոշ դեպքերում բլոկչեյնի ֆինանսավորմամբ պետք է զբաղվեն այն ինստիտուտները (օրինակ`   կառավարությունները, բանկերը և այլն), որոնց գոյության նախկին կացութաձևերը հարցականի տակ են հենց այս տեխնոլոգիայի կիրառման հեռանկարի առումով: Այնուհանդերձ, բլոկչեյնի հետազոտմամբ, նոր կիրառությունների որոնմամբ զբաղվող կազմակերպությունները կարող են միլիարդավոր դոլարների կապիտալ ձեռք բերել շատ կարճ ժամանակում, ինչպես համացանցի առաջացման շրջանում էր, եթե, իհարկե, բլոկչեյնի կիրառումը հանգեցնի երկարաժամկետ դրական` բիզնես արժեքի ստեղծմանը:
    Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե որ ոլորտների վրա որքան ազդեցություն կունենա այս տեխնոլոգիան: Deloitte-ը որպես 2 առանցքային ազդեցությունների չափորոշիչ է սահմանել ազդեցությունը ծախսերի ու եկամուտների, տրանսֆորմատիվ ազդեցությունը` յուրաքանչյուր ոլորտի վրա:
    Այս համատեքստում տրանսֆորմատիվ ասելով նկատի ունենք այն, թե ինչպես է բիզնեսը կառավարվելու կամ տվյալ հաստատությունում (կորպորատիվ) ռազմավարությունն ինչպես է փոխվելու. գործնականում խոսքը վերաբերում է կորպորատիվ մշակույթի և բիզնես ռազմավարությունների մշակման և իրականացման մոտեցումների փոփոխությանը: 
    Այսպիսով` բլոկչեյն տեխնոլոգիայի ազդեցությունը, ըստ երկու չափորոշիչների, ամենամեծն է լինելու ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև լոգիստիկայի, ապահովագրության, առողջապահության և հանրային կառավարման ոլորտների վրա:
    Հարկ է նշել, որ ֆինանսական ոլորտի կազմակերպությունների համար գումարների «նստեցման» կարգավորումը բլոկչեյնով նշանակալի խնայողություն կլինի և՛ ծախսերի, և՛ ժամանակի առումներով: Ներկայում դա աշխատատար գործընթաց է բանկերի համար` հաճախ 3 օր պահանջող: Բլոկչեյնի գործող համակարգերով այդ գործընթացը կարող է 10 րոպե տևել, իսկ արդեն փորձարկվող, կատարելագործված համակարգերով` գրեթե ակնթարթային: Այստեղից էլ ակնհայտ է վերլուծությամբ ստացված գնահատականի երկրորդ մասը, ըստ որի ֆինանսական հաստատություններում փոխակերպման ազդեցությունը զգալի կլինի: Իհարկե, որոշ հաստիքներ կփոփոխվեն, որոշները առհասարակ կկրճատվեն, սակայն, միաժամանակ, կտնտեսվեն հսկայական միջոցներ, գործարքների կնքման և փողի տեղաշարժի արդյունքում վերջինս մեկուսացված չի լինի հաշիվներից օրերով այլ հաշիվներ անցնելու ժամանակ. կներդրվի տնտեսության մեջ ակնթարթորեն` ապահովելով շոշափելի տնտեսական և փողի բազմապատկիչ էֆեկտ:
    Ի հավելումն դրա, հանրային ֆինանսների կարգավորման, հաշվետվության և կառավարման  տեսանկյունից, բլոկչեյնի կիրառությունը գրեթե անսահմանափակ է: Ըստ էության, բյուջեի կատարման գործընթացի չորս հիմնական փուլերից երկուսում (բյուջեի կատարման և կատարման  հաշվետվությունների կազմման)  բլոկչեյնը կարող է ամբողջությամբ փոխարինել գործող համակարգին: Մնացած երկու` կազմման և կատարման արդյունքների գնահատման փուլերում կարող է որպես վստահելի տեղեկատվական ռեսուրս ծառայել ֆինանսական հոսքերի մանրակրկիտ մշտադիտարկման տեսանկյունից:
    Բլոկչեյնի կիրառման մեկ այլ հեռանկար քննարկվել է Սթիվ Հաքլի և Մարտին Ուայթի կողմից: Այս հեռանկարի հիմնական գաղափարն այն է, որ բլոկչեյնի հիմնական կիրառությունները դիտվում են ոչ թե որպես ազատական շուկայի կարգավորման գործիքներ, այլ որպես սոցիալիզմի համակարգում կիրառելի` հասարակական սեփականության և աշխատանքի արդյունքի կառավարման գործիք: Ապակենտրոնացված արժույթի շրջանառությունը, պայմանագրերի վավերացումը այստեղ դիտարկվում են որպես ոչ աստիճանակարգային կառավարմանն անցման նախադրյալ: Ինչպես Կ. Մարքսն էր կարծում, թե սոցիալիզմը գործող կապիտալիզմի բնական աճն է , այնպես էլ հնարավոր է համարվում օգտագործել բլոկչեյնը ապակենտրոնացված տնտեսություն կազմակերպելու և անարխիզմի կամ ուտոպիական սոցիալիզմի գաղափարներն իրականացնելու համար: Այդպես, օրինակ, առաջարկվում է բլոկչեյնի միջոցով գործող կրիպտոարժույթների ներդրմամբ փոխել կապիտալիզմի խիստ դրամական հասարակարգի արժեքային համակարգը: Կ. Մարքսն առաջարկում էր ազատվել փողից և արժեչափի գործառույթը վերագրել աշխատանքային սերտիֆիկատներին (վկայականներին):
    Համաձայն այդ վկայականների` պարզ կդառնար, թե ով ինչքան ժամանակ է ծախսել արտադրությունում: Ապրանքներ գնելիս յուրաքանչյուր ապրանքի արժեքը կորոշվեր ըստ արտադրությունում դրա վրա ծախսված ժամերի: Այս կարևոր հարցում էլ հենց կարող է օգտագործվել բլոկչեյնի ներուժը: Այսպես` եթե կիրառենք Կ․Մարքսի մեթոդով արժեքի որոշման սկզբունքը` ծախսված ժամանակի փոխարեն օգտագործելով ծախսված էլեկտրաէներգիայի չափը որպես արժեքի չափման միջոց, ապա կարող ենք նաև, օրինակ, բիթքոինի արժեքը կապել դրա վրա ծախսված էլեկտրաէներգիայի հետ: Արդեն ունենալով այդ ցուցանիշը` կարող ենք, օրինակ, հաշվարկել էլեկտրական մեքենայի լիցքավորման գումարն ըստ բիթքոինների: Փաստորեն, բիթքոին ստանալու վրա ծախսված էլեկտրաէներգիան կարող է կիրառվել որպես արժեչափման միջոց սոցիալիստական հասարակարգերում և, առհասարակ, յուրաքանչյուր ոչ դրամական տնտեսությունում:
    Մեկ այլ զարգացման հեռանկար, որը շատերի կարծիքով արդեն փաստ է, վերաբերում է անօրինական դրամաշրջանառության կազմակերպմանը` թմրանյութերի ու զենքի առք ու վաճառքին, թրաֆիքինգի դրամաշրջանառությանը: Բանն այն է, որ բլոկչեյնի նման տեխնոլոգիան կատարելապես համապատասխանում է անօրինական գործարքների կնքման տրամաբանությանը,
    քանի որ չկա կենտրոնացված մարմին, որը կհսկի, թե որ գործարքը ինչ նպատակով է կատարվում: Ըստ էության, անօրինական տարրերը նույնիսկ կարող են չօգտվել հայտնի կրիպտոարժույթներից, այլ հնարավորություն ունեն ստեղծելու իրենցը` անօրինական շրջանառության համար: Այս հեռանկարը կարող է ճակատագրական դեր խաղալ բլոկչեյնի համբավի, հետևապես նաև տեխնոլոգիայի ապագայի առումով:
    Բլոկչեյնի տեխնոլոգիան նոր հնարավորություն է ստեղծում ՀՀ-ի համար համաշխարհային զարգացումներում, որը կարող է հաջողությամբ պսակվել ներգրավվելու տեսանկյունից: Ավելի մանրամասն այս հնարավորությունը ուսումնասիրելու համար անդրադառնանք Շվեյցարիայի փորձին և Deloitte-ի կանխորոշած կարևոր գործոններին:
    Deloitte-ի զեկույցում խոսվում է Շվեյցարիայի` բլոկչեյնի համաշխարհային կենտրոն դառնալու հեռանկարի մասին` այդ նկատառումով շեշտադրելով ամենաբարենպաստ միջավայրի ստեղծումը ստարտափների իրագործման և նորարարությունների ներդրման համար: Այստեղ առանձնացվում են շվեյցարական էկոհամակարգի 6 հիմնական տարրեր, որոնց միջոցով երկիրը կարող է դառնալ մրցունակ նոր առաջացող ոլորտում: Դրանք են` 
    1. ֆինանսական տեխնոլոգիաների զարգացած ենթակառուցվածք ունենալը,
    2. տեղեկատվության պաշտպանության և անվտանգության բարձր մակարդակը,
    3. նորաստեղծական կենտրոն լինելը,
    4. գիտական հանգույց համարվելը,
    5. տնտեսական բարեկեցության և կենսամակարդակի բարձր աստիճանը,
    6. իրավական և կարգավորման կայացած ու ժամանակակից համակարգ ունենալը:
    Կարելի է համարել, որ ՀՀ-ն միայն մասամբ բավարարում է 2-րդ պահանջը, իսկ մնացած գործոնների առումով կայացած չէ: ՀՀ-ում կենսամակարդակը ցածր է, համալսարանական կրթության որակը վիճարկելի է, վենչուրային կապիտալի հասանելիությունը` խիստ անբավարար (հաշվի առնելով նաև այն, որ չկա կայացած արժեթղթերի շուկա), բացակայում են մտավոր սեփականության պաշտպանության հուսալի մեխանիզմները և այլն:
    Առաջին հերթին անհրաժեշտ է պարզեցնել օրենսդրական դաշտը` ընդլայնելով ֆինանսական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ազատությունները:
    ՀՀ-ում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման առավելություններից են տեղեկատվության պաշտպանվածությունն ու էլեկտրաէներգիայի բավարար առաջարկի առկայությունը: Առաջինի մասին կարելի նշել միայն, որ մի շարք ընկերություններ ունեն ՀՀ-ում գործող ֆրիլանսերներ կամ համագործակցող ընկերություններ հենց կիբեռանվտանգության ապահովման բնագավառում:
    Իսկ էլեկտրաէներգիան, ինչպես արդեն նշվել է, բավական մեծ նշանակություն ունի մեծածավալ բլոկչեյն համակարգերի ներդրման գործում:
    ՀՀ-ն կարող է առաջիններից մեկը լինել հանրային ֆինանսներում բլոկչեյնի կիրառման հարցում, քանի որ այս տեխնոլոգիան խոստանում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը և բոլոր գործառնությունները  թափանցիկ դարձնել օգտատերերի համար:
    Հուսադրող է, որ 2018 թվականից սկսեցին ի հայտ գալ բիթքոինի մայնինգով զանգվածաբար զբաղվող կազմակերպություններ, սակայն կարևոր է նշել, որ դա հավելյալ արժեքի ստեղծմանը չի նպաստում, քանզի միայն տեխնիկական ծառայություն է: Ուստի հարկավոր է ոչ թե կենտրոնանալ բիթքոինի կամ այլ կրիպտոարժույթի միջոցով կարճաժամկետ միջոցներ ձեռք բերելու, այլ բլոկչեյնի ամբողջ ներուժը որոշակի ուղղություններով բացահայտելու վրա:
    Այնուհանդերձ, նշված բոլոր խնդիրները կարող են լուծվել նպատակասլաց քաղաքականության իրականացման պարագայում: Այն առավելությունները, որոնք Շվեյցարիան դարձրին բլոկչեյնի տեխնոլոգիայի զարգացման ամենահրապուրիչ վայրերից մեկը, կարող են որպես մարտահրավերներ ու հնարավորություններ հանդես գալ Հայաստանի համար: