ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը
    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ
  • Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը
    Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը։ Այս մասին Դուբայում Կանաչ տնտեսության հարցերով համաշխարհային գագաթաժողովում հայտարարել է Կոլումբիայի նախկին նախագահ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խուան Մանուել Սանտոսը, հայտնում է AFP-ը։«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը բախվեց միջուկային պատերազմի սպառնալիքին։ Այս սպառնալիքը մնում է, սակայն մենք ավելի վատ բան ունենք։ Դա կլիմայի փոփոխությունն է։ Եթե մենք չգործենք, մենք կզոհվենք։ Մենք պետք է գործենք հանուն գոյատեւման»,- հայտարարել է նա
  • Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ
    Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի ձայն»-ին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով՝ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է, և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ և նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, ո
  • Շվեդիան ուսումնասիրում է թվային կրոնի թողարկման հնարավորությունը
    Շվեդիան ուսումնասիրում է տարվա ընթացքում թվային կրոնի թողարկման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի ԿԲ նախագահ Ստեֆան Ինգվեսը: Նրա խոսքով՝ տնտեսության վերաձեւավորման համար խթան է հանդիսացել Facebook Libra նախագիծը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ CNBC-ի վրա հղումով:«Դա անհավանական կարեւոր իրադարձություն էր… Libra-ն անսպասելի հայտնվեց եւ մեզ մտածելու տեղիք տվեց»,- ասել է Ինգվեսը:Մեկ այլ պատճառ է Ինգվեսը նշել Շվեդիայում կանխիկ փողի օգտագործման կրտուկ կրճատումը: Երկրում շատ խանութներ թղթադրամներ եւ մետաղադրամներ չեն կիրառում:Այն բանից հետո, երբ Facebook-
  • Գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում լճերին ստիպել է ավելի վառ ծաղկել
    Ամբողջ աշխարհում տասնյակ խոշոր քաղցրահամ լճերի երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց 68 տոկոսում կտրուկ աճել են ծաղկող ջրիմուռների բծերի չափերը, ինչպես նաեւ դրանց պայծառությունն ու թունավորությունը: Աճի պատճառ է դարձել գլոբալ տաքացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Nature-ի վրա հղումով: «Ամռան ամիսներին ջրիմուռների ծաղկման ինտենսիվությունն աճել է ուսումնասիրված լճերի 68 տոկոսում, սակայն, միեւնույն ժամանակ, այն նվազել է միայն 6 ջրամբարներում: Դա նշանակում է, որ մենք տեսնում ենք ծաղկման աճ ոչ թե այն պատճառով, որ վերջին տարիներին ակ
  • Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը
    «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում կբացվի հոկտեմբերի 16-ին։ Դրան կմասնակցեն ամբողջ աշխարհից առաջատար գիտնականներ։Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։GIF19-ի ընթացքում գիտնականները եւ առաջնորդները կմասնակցեն ակադեմիական քննարկումների եւ բանավեճերի՝ ներկայացնելով իրենց փորձը եւ հետազոտության արդյունքները։ Խոսնակները ներկայաց
  • Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը հանձնվել է աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար
    Այսօր հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»: Այս մրցանակը հիմնել է Շվեդիայի բանկը, այն շնորհվում է 1969 թվականից:Հիշեցնենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավոր
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հարկային հարաբերությունները Այրարատի կողմնակալություն փոխարքայությունում

    ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
    Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ
    գիտական գրադարան



    Զաքարյանների կողմից 1190−1200-ական թվականներին Այրարատի նահանգի ազատագրումը, այնուհետև այդտեղ Այրարատի կողմնակալություն-փոխարքայության հիմնումն ու Վաչուտյաններին հանձնումընշանակում էր նոր սոցիալ-տնտեսական և իրավական հարաբերությունների հաստատում: Երկրամասը շուրջ մեկուկես դար սելջուկյան լծի տակ հեծում էր սահմանված հարկերի ծանրությունից: Ազատագրումից հետո երկրամասում հաստատվեցին նոր իրավահարաբերություններ նաև հարկային քաղաքականության մեջ: Ինչպես նախորդ շրջանի, այնպես էլ ազատագրումից հետո առկա հարկերի մասին տվյալներ չկան: Որոշ հարկատեսակների վերաբերյալ մասնակի տեղեկություններ են պահպանվել ժամանակաշրջանի վիմագրերում: Հոդվածում քննարկվում են հարկատեսակների մասին տեղեկությունները: 

    Հիմնաբառեր. Զաքարյան Հայաստան, Այրարատի փոխարքայություն, Զաքարե Բ, Վաչուտյաններ, Վաչե Ա, Քուրդ Ա, Մխիթար Գոշ, Փարպի, Հովհաննավանք, Օշական, Կարբի, հարկեր, հարկերի
    զիջում 


    Զաքարյանները, ապա նաև Վաչուտյանները, Այրարատի կողմնակալություն-փոխարքայության տարածքի բնակչության վիճակը թեթևացնելու նպատակով, որոշ չափով պակասեցրել, երբեմն էլ զիջել են գանձվող հարկերը: Նման առաջին ակտը, անշուշտ, 1191 թ. Փարպիի Ծիրանավոր եկեղեցու պատին փորագրված հրամանագիր-արձանագրությունն է. «Ի թ/ուի/ս ՈԽ /1191/: Ես` Զաքարիա ամիրսպասալար Հա/յ/ոց եւ Վրաց... առի զաշխարհս ի տաճկաց եւ ազատ արարի զՓարպո իրիցանիս յամենայն հարկէ»:
    Սելջուկ-թուրքերից երկրամասն ազատագրելուց հետո Զաքարե Բ ամիրսպասալարն անմիջապես Փարպիի իրիցանին ազատել է յամենայն հարկէ: Փարպի գյուղում վանական երեք կառույցների մնացորդները թույլ են տալիս նկատել, որ այդտեղ երեցների, քահանաների թիվն այնքան էլ փոքր չի եղել, և որ նրանք գյուղում, ինչպես նաև շրջակայքում ունեցել են այգիներ, բանջարանոցներ, հասութաբեր հաստատություններ, որոնք նույնպես քաղաքական անբարենպաստ ժամանակներում հարկադրվել էին նվաճողների կողմից, և ահա Զաքարե Բ-ն եկեղեցու սպասավորներին բոլոր կարգի հարկերից ազատել է:
    Թշնամու կողմից երկրամասի բնակչության կեղեքումը պատկերավոր «ի ծանր լծո» բառերով է ներկայացնում Զաքարե Բ ամիրսպասալարը Հովհաննավանքի 1200 թ. արձանագրության մեջ: Նրա հրամանով փորագրվել է.
    «…եւ ի թուականութեան...ՈԽԹ /1200/: Մե/ն/ք` եղբարքս հարազատք` Զաքարիա եւ Իւանէ, որդիք մեծին Սարգսի, որդո աւագ Զաքարիաի, յորժամ ծագեաց լոյս շնորհացն Ա/ստուծո/յ եւ այց արար աշխարհիս Հա/յ/ոց և /զ/աւրացոյց զտկարութի/ւն/ս մեր ի մարտ պատերազմի ընդդեմ թշնամեաց խաչին Ք/րիստոս/ի, եւ ելոյծ զզաւրութի/ւն/ նոցա եւ զվաղընջուց բռնութի/ւ/նն, եւ ազատեցաւ երկիրս Ա/յ/րարատու ի ծանր լծո ծառա/յ/ութե/ան/ նոցա, կամեցաք սակաւ ինչ նշան ընծա/յ/ից եւ տուրք շնորհի տուաք ի Ս/ուր/բ  Կարապետս` ի վանս Յովհաննու եւ տուաք զգեղն Որդկան եւ զՏաճկամարգ, եւ ազատեցաք զամենայն հայրենիք ուր եւ իցէ ի գաւառիս` էթե այգի, էթե հողսոցա»:
    Զաքարե Բ-ն, Հովհաննավանքին տված ընծաների` երկու գյուղերի հետ միասին, հարկերից ազատել է գավառի տարբեր մասերում գտնվող եկեղեցու բոլոր կալվածքները:
    1200-ական թվականների սկզբին Զաքարե Բ-ն մի արձանագրությունարտոնագիր էլ փորագրել է Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային, ձորահայաց պատին, բարձրուստ: Արձանագրության   կարևորությունից ելնելով` մեջ ենք բերում ամբողջությամբ. «Ես` ամիրսպասալար Զաքարիա և Իւանէ... առաք զերկիրս Հայոց... եւ տուաք ի սուրբ ուխտիս զԽոճկոր` իւր ջրովն եւ հանդովն եւ լերամբ, եւ դաշտուն, եւ վերստին դարձուցաք ի ս/ուր/բ եկեղեցիս եւ աղբիւրն Աւանա: Եւ զինչ հայրէնիք կա գաւառիս ազատ յամենայն յարկէ եւ հաստատեցաք հայրենիք սմա եւ հոգեւոր զաւակացս, որ առ յաւիտեան»:
    Արձանագրության մեզ հետաքրքրող բաժինը կազմված է երեք իրավական-արտոնագրային   հասկացություններից.
    1. Նվիրատվություն. Զաքարյանները Սուրբ Ստեփանոսին են նվիրել Խոճկոր բնակավայրը` իր դաշտով, սարով ու ջրով:
    2. Վերադարձ. Սուրբ Ստեփանոսին են վերադարձրել Ավանի աղբյուրների ջուրը:
    3. Հարկային. Սուրբ Ստեփանոսի բոլոր նախկին ունեցած հողային կալվածքները վերահաստատվել են ու ազատվել հարկերից:
    1214−1218 թվականների ընթացքում նույն Կոշ գյուղում Իվանե Ա Զաքարյանը եկեղեցի է կառուցել և հարավային պատի արևելյան անկյունում վրացերեն արձանագրություն փորագրել: Սա արտոնագիր է. դրանով Իվանե Ա-ն թեթևացրել է որոշ հարկեր: Ահա արձանագրության այդ մասը. «…. թողինք ձեր` կոշեցիների վերին /հանդա/սահմանի շարիաթը, և վարի /հանդա/սահմանից` միայն ցորենի ղալայից է ազատված կոշեցի մարդը: Եվ դուք սահմանեցիք, որ մեկ արոր ձեր եզով ու իր սարքով մշտապես մեզ համար լինի»:
    Այրարատի փոխարքայության հայրենի /սեփական/ տիրույթներում տարբեր ժամանակներում հարկային զիջումներ են արել նաև Վաչուտյանները:
    Կարբի գյուղի դիմաց` ձորի մյուս ափին գտնվող բերդում, փոխարքայի պաշտոնը ստանձնելու առթիվ, Քուրդ Ա Վաչուտյանը կնոջ` Խորիշահի հետ 1235-ին խաչքար է կանգնեցրել, որի պատվանդանին արձանագրել է. «.... ի թուի/ն/ ՈՁԴ /1235/, յիշխանութե/ան/ Շահնշահի, որդո Զաքարիաի, ես` Քուրդ, Վաչէ/ի որդի/ եւ ամուսին իմ Խորիշահ … շարետ առա … վասն փրկութե/ան/ հոգոց մեր/ոց/ եւ վասն կենաց որդոց մեր»:
    Կարբիի հաղթակամար-զանգակատան հարավային պատին, արտաքուստ, 1343-ին փորագրվել է Վաչուտյան տոհմի վերջին իշխանաց իշխան Թեոյդոս Չրքինի հրամանագիրը, որ խիստ կարևոր է ինչպես փորագրվելու շարժառիթի, այնպես էլ այդ ժամանակաշրջանի հարկային քաղաքականության ուսումնասիրության առումով: Արտոնագիր-հրամանագիրը հայտնում է. «Ես` Չրքինս, որդի Քրդին, տէր Անբերդո գաւառի անիրաւունք տէսա, որ զճանապարհորդի ձիաւլախ տաին: Մե/ն/ք զայս արձան գրեցաք, որ այլ ի Կարբի ճանպորդի ձիաւլախ չտան: ... Թվ/ին/ ՉՂԲ /1343/»: Ձիաւլախը մոնղոլական շրջանի հարկային պարտույթ էր, որն արտահայտել է մոնղոլական սուրհանդակներին, հարկահավաքներին, արտոնյալ վաճառականներին ձիերով, պարենամթերքով, օթևանով, ճանապարհի պաշարով ապահովելը: Հայկական վիմագիր արձանագրություններում և մատենագրության մեջ հարկային այս պարտույթի հիշատակությունն առաջին և միակ դեպքն է: Արտոնագրի` Կարբիում փորագրվելու հանգամանքը հուշում է, որ այն, լինելով Արարատյան դաշտ-Վրաստան առևտրատնտեսական ամենակարևոր ճանապարհի վրա, միաժամանակ կատարել է փոստակայանի դեր: Եվ Թեոյդոս Չրքին 1343 թ. արտոնագրով վերացրել է իլխանության` արդեն հարյուրամյակից ավելի ժամանակաշրջանում գործող պարտույթը: Այս փաստը գալիս է հաստատելու նաև, որ իլխանության կենտրոնական իշխանությունը 14-րդ դարի կեսերին այն աստիճան էր սպառել իրեն, որ ծայրամասերում արդեն ոչ միայն չէին կատարում պետական հրամանները, այլև դրանք ուղղակի վերացնում էին: Ամենայն հավանականությամբ, Վաչուտյանների կողմնակալություն-փոխարքայության տարածքում միայն Կարբիում չէ, որ եղել են փոստակայաններ: Եվ Թեոյդոս Չրքինի հրամանը հավասարապես վերաբերել է իրեն ենթակա ամբողջ տարածքին: Զաքարյան Հայաստանում գյուղացիությունն ամրացվեց հողին և հողի հետ միասին դարձավ հողատեր-իշխան-ֆեոդալի սեփականությունը: Սոցիալ-իրավական այս ինստիտուտը թեև բնորոշ է ճորտատիրությանը, սակայն, ինչպես իրավացիորեն նշել է պատմաբան Գ.Գրիգորյանը, 13-14-րդ դարերում Հայաստանում հաստատված կացութաձևն իր առանձնահատկություններով տարբերվել է դասական ճորտատիրական կարգից: Տիրող ձևը եղել է ճորտ-ծառաների ինստիտուտը, որը հարատևել է նաև հետագա դարերում:
    Հովհաննավանքի 1200 թ. արտոնագրով Զաքարե Բ-ն եկեղեցուն է նվիրել Որդկան և Տաճկամարգ գյուղերը: Պետք է հասկանալ, որ այդ գյուղերը Հովհաննավանքին են նվիրվել իրենց բնակչությամբ, եկամտով, հասույթի հարկի, պարտույթի ամբողջ իրավունքով: 1283 թ. Հասան Վաչուտյանի  անունից փորագրված կտակ-արձանագրությունից պարզ է դառնում, որ «.... եւ զՈրդկան, որ սեփական հայրէնիք էր էկեղէցոյս, եւ ի դառն բերմանց ժամանակաց էլել էր ի վանացս, բազում աշխատութ/եամ/բ եւ յոլով ծախիւք դարձուցաք ի ս/ուր/բ ուխտս»: Այս նույն արձանագրությամբ Հասանի եղբայր Դավիթ Բ-ն, որ առաջինի կտակով դարձել էր իշխանության ահակալ, Հովհաննավանքին Հասանի և իր անունից նվիրել է «զմեր գանձագին գեղն զՎարհամագեղ և զՂամազանցն իրենց ամէն հողով ու ջրով և բնորդի մարդկաւք»: Այս դեպքում նաև շեշտվել է, որ գյուղերը նվիրաբերվել են իրենց բնակիչներով հանդերձ: Երբեմն նվիրաբերված գյուղերը դուրս էին գալիս նվերն ստացողի իշխանությունից, նույնիսկ խլվում էին գերագույն իշխանության ներկայացուցիչների, նրանց ժառանգների կողմից: Սաղմոսավանքի 1215 թ. շինարարական արձանագրության մեջ Վաչե Ա-ն հայտնել է, որ «ողորմածութեամբ պատրոնին տվաք զգեղն Աղկունծ ի ս/ուր/բ Սիոն Սաղմոսավանացս»: Սակայն տարիներ հետո եկեղեցու իրավասությունից այն անցել է գերագույն իշխանավոր Շահնշահ Ա-ի որդի Իվանե Բ-ին: Եվ 1261-62 թվականներին փորագրված Վաչե Բ-ի կտակ-արձանագրությունից պարզվում է, որ Վաչե Ա-ի «ողորմածութեամբ պատրոնին» նախադասությունը բնավ էլ պատրոնի «ողորմածութեամբ» /թույլտվությամբ/ իմաստ չի արտահայտում, այլ նշանակում է պատրոնից գնված, ասել է թե` Վաչե Ա-ն Աղկունծ գյուղը Զաքարե Բ-ից կամ նրա հաջորդներից /1215-ին Զաքարե Բ-ն արդեն մեռած էր/ գնել և նվիրել է Սաղմոսավանքին: Ահա այդ փաստը հաստատող Վաչե Բ-ի արձանագրության համապատասխան հատվածը. «....եւ գնեցին յընչից իմոց ԺՌ /10.000/ սպիտակի զԱղկունծ յԻվանէէ, յորդո Շահնշահի... զոր յառաջ պապն իմ Վաչէ գնել էր ի մեծ սպարապետէ Զաքարէէ եւ գրել ի դուռն եկեղեցւոյս, զոր խափանել էր ի չար պատահմանց ելել ի վերա աշխարհիս»: Այսպիսով` Զաքարե Բ-ից գնած և Սաղմոսավանքին նվիրված Աղկունծ գյուղը հարկ է լինում դարձյալ 10.000 սպիտակով /արծաթով/ գնել Զաքարե Բ-ի թոռ Իվանե Բ-ից, որը, ամենայն հավանականությամբ, օգտվելով երկրում տիրող խառնակ իրավիճակից, կրկին տիրել էր Աղկունծին: Հատկանշական է, որ Վաչե Բ-ի կտակ-արձանագրությամբ Սաղմոսավանքին տրվել է նաև «զըտունն Տորոզոնոնց ի Կարբի իւր հայրենիքն` ետուն յիմ քնարանս»: Այս դեպքում  արդեն ոչ թե ամբողջ գյուղ է նվիրաբերվել եկեղեցուն, այլ Կարբիի բնակիչ Տորոզոնոնց գերդաստանն իր հայրենիքով, այսինքն` ամբողջ ունեցվածքով հանդերձ: 1244 թ. կառուցելով Աստվածընկալի Կաթողիկե եկեղեցին` Քուրդ Ա Վաչուտյանը և Խորիշահ իշխանուհին այլևայլ նվերների թվում եկեղեցուն տվել են նաև «:Ա: շինական, :Գ: ողջատուն»: Մեկ շինականի նվիրատվությունը հասկանալի է, իսկ ինչ է նշանակում 3 ողջատունը: Վիմագրագետ Ս. Ավագյանը վիմագրական տվյալների համադությամբ պարզել է, որ ինչպես ողջատունը, այնպես էլ այլուր հիշատակվող «շինակնատունը», «լմնածուխը» նշանակում են ճորտ շինականի տուն, գերդաստան: 1300 թ. Հոնայի որդի հեճուպ Դավիթը Հովհաննավանքին տված նվերների թվում ավելացրել է նաև «շինական ի շինութի/ւն/ Ձորի գեղին, զԱւետիս` մականուն Կոնկիկ» 16: Ավետիսի նվիրատվությունը, փաստորեն, կատարվել է նույն տարիներին` Քասաղի ձորում շինարարությանը, եկեղեցու, բնակելի խցերի կառուցմանը մասնակցելու համար:
    13-րդ դարի կեսերին, բոլոր դեպքերում, մինչև Հովհաննավանքի գավթի կառուցումը /մինչև 1247-1248 թվականները/, Կաթողիկե եկեղեցու ներսում, հյուսիսային պատին փորագրվել է. «.... ես` Մարուկս եւ Մխիթարիչս տուաք զմեր Կովաղագին եւ զԲշտունց տներն ի ս/ուր/բս»: Մարուկն ու Մխիթարիչը Հովհաննավանքին նվիրել են երկու տուն, սակայն դժվար է պնդել` բնակիչներով հանդերձ, թե առանց բնակիչների:
    Այրարատի կողմնակալություն-փոխարքայության տարածքում, ինչպես ամբողջ Զաքարյան Հայաստանում բնակչությունը, անձնական իրավունքների սահմանափակմանը զուգահեռ, տնտեսական շահագործման էր ենթարկվում: Բավական է դիտարկել Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» երկրորդ մասի առաջին հատվածը` համոզվելու համար, թե բնակչության շահագործումն ինչ չափերի էր հասել, և օրենսդիրն ինչպես է փորձել որոշակիորեն կարգավորել տեր և ծառա, շահագործող և շահագործվող դասակարգերի իրավահարաբերությունները: Նա գրել է. «Զանդաստանացն զհինգերորդ մասն առցեն, որպէս Յովսեփ աւրինադրեաց յԵգիպտոս … Սոյնպէս եւ այժմ լիցի, զի արծաթագին անդաստան, եւ այգեստան, եւ բուրաստան մի լիցին ընդ հարկաւ հնգեկին, նմանապէս` ջրաղաց եւ տուն: Այլ թէ բնակիչքն ընդ արուեստի եւ կամ ընդ վաճառի հարկիցեն, զի ոչ է հարկ գլխոյ քրիստոնէից, բայց այլազգեաց, յորժամ բռնի ընդ հարկաւ արեսցեն: Բայց անդաստանք ջրարբիք լիցին ընդ հնգեկաւ, այլ ոստինք` տասանորդեսցին, զի հող միայն է իշխանի եւ թագաւորի եւ ոչ ջուր: Սոյնպէս` ոստինք, այգիք եւ ծառաստանք:
    Այսպէս եւ յաւուրս շաբաթի յեւթնէն մին գործիցէ իշխանի եւ տէրունի, այլ աւելի աշխատելն զձեռամբ անկեալն անիրաւութիւն մեծ է: Եզին առանձինն այլ հարկ մի լիցի, զի այն իսկ է, զոր աշխատեալ հնգեկի:
    Կովու լիտր եղն միայն լիցի: Արաւտի հարկ այլ մի լիցի, զի այն իսկ են արաւտականք, որ հարկին:  Ոչխարք ի գառինսն տասանորդեսցին. թէ հաճոյ իցէ տէրունեանցն` ընդ ոչխարի փոխանակիցէ ըստ արժանաւոյն:
    Ձիոյ, եւ ջորւոյ, եւ իշոյ մի լիցի հարկ, զի նոքաւք բազում անգամ ծառայէ զտէրունիսն»: Վերը բերված ընդարձակ հատվածից հետևում է, որ օրենսդիրը տերերին պարտավորեցրել է ջրովի, բարեբեր հողերի պարագայում գանձել գյուղացու եկամտի մեկ հինգերորդը, իսկ անջրդի հողերի դեպքում` մեկ տասներորդը, յուրաքանչյուր կովի համար ստանալ մեկ լիտր յուղ, տասը ոչխարից վերցնել մեկը: Միաժամանակ սահմանում է, որ գյուղացին իր բանող անասուններով արքունիքի /զտէրունիսն/ և անմիջական տիրոջ օգտին աշխատի մեկ օր: Մխիթար Գոշի հիշատակած լիտրն այժմյան կշռով պետք է հաշվել 408 գրամ: Վիմագրական ու մատենագրական տվյալներով` գյուղացին վճարել է շարիատ /լայն առումով` հողային տուրք, ֆեոդալին բնարդյունքով վճարված տուրք, նեղ առումով` հացահատիկից բնարդյունքով վճարվելիք բերքի 1/10 մասը/, խալա /այգեգործությունից բնարդյունքով վճարված տուրք/, բեկար /Զաքարյաններին տրվող եկամտահարկ/ և այլն: Զաքարյանների արքունիքի և տեղական իշխանների կողմից հովանավորվող վանքերն ու եկեղեցիները դարձել են ժամանակի խոշոր հողատերեր` ստանալով այն բոլոր հարկերն ու տուրքերը, ինչ` աշխարհիկ տերերը: Այրարատի փոխարքայության տարածքում կիրառվող հարկերի չափերի մասին Զաքարյան պետության շրջանից հիշատակություններ չունենք: Փորձենք այլ ժամանակահատվածի տվյալներով պարզել հարկային քաղաքականության բովանդակությունը: 1026-ին Անբերդի եկեղեցու բարավորին Վահրամ Պահլավունու փորագրած հրամանագրով սահմանվել են նորահաստատ եպիսկոպոսական աթոռի հասույթները Նիգ-Արագածոտնից, որ գրեթե ամբողջությամբ համապատասխանում էր Վաչուտյանների հայրենի /սեփական/ իշխանության տարածքին: Արձանագրությունը մեջ ենք բերում ամբողջությամբ. «Յամին ՆՀԵ /1026/: Ես` իշխանս Վահրամ, շինեցի զԿաթողիկես աթոռ հա/յ/րապետական եւ սահմանեցի պտուղ Նիգի տունն :Բ: կապիճ ցորեան, յԱրագածոտնե յէգին :Բ: փասգի, ի Քաղքոդաշտի բաբակն :Ժ: լիտր: Յէրէցն :Ա: դահեկան յիւրո և ի կնոչէ, :Գ: դահեկան հողադրամ, ձեռնադրել է :Դ: ՅԱնբերդի պտուղ տունն :Դ: կապիճ ցորեան, :Ա: կտաւահատ: Այլ տւաք զջաղացն վերա կարմնճին: Ի պսակի :Գ: դահեկան, հողադրամ, կնքադրամ, տնաւրհնեք»:
    Այստեղ հականե-հանվանե թվարկվել են ժամանակի գրեթե բոլոր պարտույթները, միաժամանակ նշվել են եպիսկոպոսական թեմին տրվելիք հարկերի չափերը: Լեռնային Նիգ գավառը հիմնականում արտադրել է ցորեն և գյուղատնտեսական կենդանիներ, և, ըստ դրա, գավառի բնակիչների պարտույթը նշանակվել է երկու կապիճ ցորեն: Վաղ և քննարկվող ժամանակաշրջանի այլ վկայություններ չկան, բայց այդ փաստը հաստատող ուշ շրջանի վկայություններ կան: 1598 թ. Հանես քարագործը Ապարանի ջրամբարի տակ մնացած բնակավայրում պատրաստել է Գրիգորի տապանաքարը, որի արևելյան լանջին պատկերված է մի զույգ լծկան եզներով գութան, որի հետևից քայլում են երկու հողագործ: Նույն քարագործ վարպետը նմանօրինակ աշխատանքային տեսարանով մի տապանաքար էլ պատրաստել է այդտեղից ոչ հեռու գտնվող Երնջատափ գյուղում: Բնակատեղին մոտ գտնվող Զովունի գյուղի հին գերեզմանատանը մի տապանաքարի հարավային կողմում պահպանվել է հետևյալ տապանագիրը. «Այս է տապան առն քաջի եւ
    բազմաջան հողագործի, որ անուամբ Վարդանն ասի: Թվ/ին/ ՌՃԼ /1681/»: Այս արձանագրությունից երևում է, որ, քաջակորով տղամարդ լինելուց բացի, Վարդանը նաև բազմաջան հողագործ է եղել: Պետք է նշել նաև, որ առայժմ հրատարակված ավելի քան տասը հազար հայերեն վիմագիր արձանագրություններից սա միակն է, որտեղ օգտագործված է հողագործ բառը: Նույնպիսի լեռնային տարածք, բայց ավելի բարեխառն կլիմա ունեցող Անբերդը վճարելու էր արդեն չորս կապիճ ցորեն և մեկ կապիճ կտավատ:  Հայկական չափագիտության մասնագետ Ռ.Վարդանյանը պարզել է, որ միջնադարից վկայված կապիճ չափակշռային միավորը, որ նույնական է օտար աղբյուրների փոքր կապիճի հետ, հավասար է նաև գրիվին կամ մոդին, այսինքն` համապատասխանել է 8,976 կգ-ին կամ 9,872 կգ-ին: Այսպիսով` Նիգ գավառի յուրաքանչյուր տուն ցորենի պտղի է տվել 2x8,976=17,972 կգ կամ 2x9,872=19,744 կգ, իսկ Անբերդի յուրաքանչյուր տունը ցորենի պտղի տվել է 4x8,976=35,97 կգ կամ 4x9,872=39,888 կգ: Արագածոտնի դաշտային մասի համար, որ ձգվում է ներկայիս Աշտարակից մինչև մի կողմից Վաղարշապատով դեպի Արաքս, իսկ մյուս կողմից մինչև Թալինի սահմանը, հիմնական պարտույթը սահմանվել է յուրաքանչյուր այգուց երկու փաս գինի: Փաս միավորի չափի որոշման համար ելակետային է Եսայի Նչեցու հետևյալ տեղեկությունը. «Ձէթ որ տան պտուղ քահանայիցն քսեստ մի, որ լինի ի սափորէն, որ է փաս մի, ի տասնէն մինն»: Այստեղից հետևում է, որ փասը հավասար է մեկ սափորի, որի մեծությունը 10 քսեստ է:  Եվ քանի որ քսեստի մոտավոր չափը 532-652 գրամ է, ապա փաս սափորի կշիռն էլ, համապատասխանաբար, կլինի 5,32-6,52 կիլոգրամ: Փաստորեն, Արագածոտնի յուրաքանչյուր այգուց եկեղեցական թեմին պարտույթ է հասել 2 փաս` մոտ 12-13 լիտր գինի: Արձանագրության Քաղքոդաշտը ներկայիս Վաղարշապատն է իր շրջակայքով: Արագածոտնի այն հատվածը, որ սահմանակցել է Վաղարշապատին, պարտավոր էր վճարել իր հիմնական արտադրանքը` տունը 10 լիտր բամբակ: Արձանագրության մեջ հիշված եկեղեցական արարողությունների   համար սահմանված այլ վճարումները /պտուղ, հողադրամ, կնքադրամ, ձեռնադրել, տնօրհնեք, պսակ/ շուրջ երկու հարյուրամյակ հետո փոխանցվել են Զաքարյան Հայաստանի հարկային համակարգ, իսկ դրանից հետո գոյատևել հետագա դարերում ևս:
    Ահա մի օրինակ: Վաչուտյանների Այրարատյան կողմնակալությունփոխարքայության տարածքում գտնվող Աշտարակում, Կարմրավոր եկեղեցու պարսպի հարավային մուտքի բարավորին 1325 թ. փորագրվել է շինարարական-նվիրատվական արձանագրություն, որում հանդիպում է նույն փաս կամ փաս գինի արտահայտությունը` որպես եկեղեցու հաղորդության համար տրված պարտույթ: «.... ողորմութեամբ պարոն Աղբուղային եւ Սիթի խաթունին, ես` Ասնաւորս եւ Ղուտուլչաքս... շինեցաք զպարիսպս, զշրջայմաղն եւ զդուրն յիշատակ մեզ եւ զաւակի մեր Զաքարի եւ տվի տարէնն :Ժ:  փաս գինի ի Թամիրայ այգոյն… Թվ/ին/ ՉՀԴ /1325/»: Ասնավորը և  Ղուտալչաքը նախատեսել են Կարմրավոր եկեղեցուն տարեկան հանձնել 10 փաս, այսինքն` 54-66 լիտր գինի: Ասնավորի և Ղուտալչաքի արձանագրության մեջ հիշված Թամիր բնակատեղին Տեղերից ոչ հեռու, Արագածի փեշին ընկած պատմական Թամիր գյուղատեղն է /ուշ շրջանում` Աղթամիր/, ներկայիս Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերի տարածքը: Թամիրը հիշվել է նաև Տեղերի եկեղեցում 13-րդ դարի կեսերին փորագրված Խնծորիկի նվիրատվական արձանագրության մեջ. «ՈՁԲ /1233/: Ես` Խնծորիկս միաբանեցա Ս/ուր/բ ուխտիս Տեղերու եւ ետու յառաջ զիմ այգին ի Թամիր, եւ յետ իմ մահուան այլ զինչ լինի»27, ինչպես նաև Բագնայրի դարձյալ 13-րդ դարի մի նվիրատվական արձանագրությունում. «Ես` Ավետիս եւ Հազարդեղս տուաք… այգին ի Թամիր…»:
    Վաչուտյանների փոխարքայությունում պահպանված արձանագրություններում հիշվում են նաև այլ հարկատեսակներ: Աշտարակի Մարինե եկեղեցու պատին 1323 թ. փորագրվել է Զաքարյան Աղբուղա Գ-ի կին Սիթի խաթունի հրամանագիրը, որի համաձայն «ետու ի սուրբ Մարիանէի միաբանացտունն զՓարպոյ հողին կէսն, որ Այծամանց երկիրն, որ զկէսն Ակոբ` Ապլղարիփի որդին գնել էր ի Թուրանէն, ի Խոսրովէն, ու սուրբ Մարիանէիս տվել, որ զ :Ա: էլ կէսն ես տվի ու ի յամենայն հարկէ ազատեցի: Չունի ոչ ով դաւի` ոչ չարի, ոչ շարիատի, ոչ էլ մեծ կամ փոքր խարճով զմեր հաստատյիշատակս խաբանել ջանայ… Ի թվ/ին/ ՉՀԲ /1323/»: Այս արձանագրության մեջ հիշատակված շարիատ հարկը, արդեն գիտենք` կամ հողային տուրք է, կամ հացահատիկից բնարդյունքով վճարվելիք տուրք, իսկ մեծ կամ փոքր խարճը, կորցնելով նախկինում ունեցած գլխահարկ նշանակությունը, մոնղոլական շրջանում ըմբռնվել է որպես հողային հիմնական հարկատեսակ: Փարպին բարեբեր հողերով ու այգիներով հարուստ բնակավայր էր նաև միջնադարում: Այրարատի առաջին փոխարքա Վաչե Ա Վաչուտյանը 1221 թ. Հառիճի վանքին մի այգի է նվիրել Փարպի գյուղում30, նրա որդի Քուրդ Ա Վաչուտյանը 1244-ին Աստվածընկալի Կաթողիկե եկեղեցուն մեկ այլ այգի է նվիրել նույն Փարպի գյուղում: Հոռոմոսի եկեղեցուն Փարպի գյուղի հյուրատան մոտ գտնվող մեկ այգի 1174 թ. նվիրել են Պետրոս երեցն ու իր եղբորորդիներ Ազատը, Յուսիկը և Սիմոնը, մեկ մեծ այգի` անթվակիր արձանագրությամբ` Սարգիս կրոնավորը: Հոռոմոսի անթվակիր ևս մեկ արձանագրությամբ` նույն գյուղի անորոշ հատվածից այգի է նվիրել Բարդուղիմեոս աբեղան:  1271 թ. Կոշի մոտ գտնվող Պետրոս Ականատեսի խաչքարի հարավային պատին փորագրվել է Ուքանի արձանագրությունը, իսկ նույն խաչքարի հյուսիսային կողին` վերը հիշված Աղբուղա Գ-ի բավականին եղծված արձանագրությունը, որոնցով յուրաքանչյուրի հեղինակն արտոնել է որոշակի հարկերի վերացման կամ, գուցե, ժամանակավոր վերացման մասին: Ուքանը զիջել է շահնահակը, Աղբուղա Բ-ն` թողի … հորահակ կտաւն: Պատմաբան Գ. Կարախանյանը շահնահակը համարել է այգիներից և ջուլհակից գանձվող հարկ: Սակայն նրա եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը: Շահնահակն առաջացել է շահնայի` հարկահավաք պաշտոնյայի` ոստիկանի պաշտոնի անվանումից և գանձվում էր այդ պաշտոնյայի օգտին/հիշվել է նաև Քանաքեռի Պետևանի խաչքարի 1266 թ. և Հռիփսիմեի տաճարի 1296 թ. արձանագրություններում/: Հորահակ կտաւն հարկատեսակը Գ. Կարախանյանի կողմից ճիշտ է մեկնաբանվել և իրոք համապատասխանել է կտավագործից գանձվող հարկին: 1352 թ. Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցու ներսում, արևելյան պատին փորագրվել է հետևյալ արձանագրությունը. «Թվ/ին/ ՊԱ /1352/... մե/ն/ք` Յոհանայվանից միյաբանքս, տ/է/ր Անդրէաս, հայր Աբրայհամ, Դաէս, Յովէլ, Կարապետ, այլ միաբանքս տվաք ձիթայհանից հակէ կէս լիտր ձէթ ս/ուր/բ Կարապետիս, :Ա: լիտր հասարակաց»: Այս արձանագրությունից պարզվում է, որ միջնադարյան Հայաստանում գոյություն է ունեցել նաև ձիթհանքի հարկ, որ այլուր չի հաստատված: Այդ հարկի վճարման սկզբունքն այնքան էլ պարզ չէ, քանի որ ձիթհանքի հարկից կես լիտր տրվել է եկեղեցուն և մեկ լիտր` հասարակաց /գյուղի բնակիչներին/:
    Մեր կարծիքով ձիթհանքի հարկին է վերաբերում նաև Կարբիի հաղթակամար-եկեղեցու հարավային պատին 1338 թ-ից հետո փորագրված արձանագրությունը. «Կամաւն Ա/ստուծո/յ, ես` Երանաւս, Կարբոյ տանուտէրս շինեցի ձիթահան եւ ետու ս/ուր/բ Աստուածածնիս յամէն դրքէս չարէք ձէթ»:
    Միջնադարյան ձիթհանը կարող էր մի քանի դիրքից լինել: Դիրքն այն տեղն էր, որտեղ տեղավորված էր ձիթահատիկները ճզմելու և ձեթը քամելու հարմարանքը, մամլիչը: Երանոսի արձանագրությունից պետք է հասկանալ, որ նա եկեղեցուն ամեն դիրքից որպես հասույթ տվել է չարեք ձեթ: «Չարեքը» փոխառնվել է պարսկերենից և, ըստ «Վաստակոց գրքի», նշանակում է քառորդ, մի բաժին ի չորից36: Հեղուկների դեպքում մեկ չարեքը նշանակում է  չափի որոշ միավորի` դույլի մեկ քառորդը: Չարեքը օգտագործվել է նաև որպես ընդեղեն բույսերի չափի միավոր, բայց այս դեպքում հավաստի է, որ Երանոսը Սուրբ Աստվածածնին տվել է ձիթհանքի յուրաքանչյուր դիրքի հանույթի մեկ չարեքը` մեկ քառորդ դույլ ձեթ: Վաչուտյանների փոխարքայությունում գտնվող Օշական գյուղի եկեղեցում Յով.Շահխաթունեանցն անցյալ դարի 30-ական թվականների վերջին ընդօրինակել է մի քանի արձանագրություն, որոնք այժմ ծածկված են ծեփով: 1286 թ. պարոն Սահմադինի ողորմածությամբ /համաձայնությամբ/ Ստեփանոս ձեռնավորը և Վահրամ Քեթոբարը «թողաք զյՕշականու քահանայից զինչ որ հարկ կայր այգւոյ, բամբակի»: 1288-ին նույն Սահմադինի և իր որդիների` Ամիրբեկի և Հազարբեկի օրոք «.... ես` Գէշ մարդս էյի ամիրայ եւ Հաւիկս ձեռնաւոր` թողաք զՍ/ուր/բ Կարապետին այգեացն զյՕշականու, զՄիրինու զձեռնաւորին զյարկն` զինչ որ կայր» 38 /փաստորեն, Գեշմարդ ամիրան և Հավիկը, Օշականի ու Մրանա այգիներից իրենց օգտին սահմանված ձեռնավորի հարկը թողել են Սուրբ Կարապետին` Հովհաննավանքին/: Ավելի քան մեկ տասնամյակ անց` 1295 թ-ին, նույն պարոն Սահմադինի որդի Ամիրբեկի որդի Բէսութայը «թողի զյՕշականու զղեսարայ զհարկն, զգեղիս և զվանորայից»: Վերը դիտարկված օրինակներում Վաչուտյանների փոխարքայությունում հիշատակվեցին Զաքարյան Հայաստանի և մոնղոլական տիրապետության շրջանի հարկային ինստիտուտները` շարիատ, ղալա, փասգինի, խարճ, ձիաւլախ, ձեռնավորի հարկ, շահնահակ, հորահակ կտաւն, ձիթհանքի հարկ, կոռ: Ինչ խոսք, շրջանառության մեջ էին նաև ավելի վաղ ժամանակներից հիշված այնպիսի հարկային ձևեր, ինչպես կապիճը, հողադրամը, կնքադրամը, ձեռնադրելու, տնօրհնեքի, պսակի դրամը և այլն:
    Թվարկված հարկերին զուգահեռ, պետք է նկատի ունենալ և այն հարկերը, որոնք թեև այստեղ չեն հիշված, բայց այդ ժամանակ շրջանառության մեջ էին Հայաստանում և Այրարատի կողմնակալություն-փոխարքայության հարևան գավառներում: Սահիբ Դիվանի և Խոշաքի որդի, աթաբեկ Ավագ Զաքարյանի թոռ Զաքարե Դ-ն Բջնիի եկեղեցու պատին 1325-ին փորագրած արձանագրությամբ իր տիրույթների բնակիչներին ազատել է որոշ հարկերից և արտոնել. «Ես` Զաքարէ… ի վեր կալայ որ Բջնի այլ մարդոյ տիրութիւն չէլնի եւ թողի զամէն հարկ` զամիրայհակն, զհարսանէհակ, զկովայհամարն, զկալայթաղարն, զսայլին սպիտակն, զմահկանէն…»: Այս նույն Զաքարե Դ-ն և իր մայր Խոշաքը 1291 թ. Գառնիի հեթանոսական տաճարի մուտքի պարակալին փորագրված արտոնագրով հայտնել են. «Գիր տուաք Գառնո մեր սեփական հայրենացն, որ եզն :ԺԱ: սպիտակ շարիատ էր եւ :Ի: ոչխարն :Ա:  բալախահակ, եւ մե/ն/ք վերուցաք զայս հարկ, ազատեցաք զեզն եւ զոչխար յամենայն հարկաց»: Անիի Առաքելոց վանքի գավթում Աղբուղա Բ Զաքարյանը 1301 թ. արտոնագրել է. «Ես` Աղբուղայս … թողի զեզինն հազրն, զկովին համբրելէն, զոչխարին աղլհակն»:
    1296 թ. Հռիփսիմեի տաճարի հարավային ավանդատան պատին փորագրված արտոնագրով տեղի իշխանավորների կողմից վերացվել է վանքից առնվող բամբակի շարիատ հարկը, ինչպես նաև շահնայի /հարկահանի/ օգտին հավաքվող բամբակի հարկը. «…. թողաք զՀռիփսիմուցս զբաբակին շարիատն եւ զշահնաին բաբակի հակն»:  Բջնիի և Անիի քննարկվող արձանագրություններում հիշատակված հարկերը հավասարապես ընդհանուր էին նաև Վաչուտյանների կողմնակալություն-փոխարքայության համար: Դրանք գանձվել են` ամիրահակը` քաղաքապետի օգտին, հարսանէհակը` տեղական աշխարհիկ իշխանավորների օգտին,  կովայհամարն կամ կովին համբրելէն` խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի համար, բալախահակը` իշխանական արոտներում անասուններ արածացնելու համար, աղլհակն` տեղական կալվածատերերի օգտին` նրանց պատկանող փարախներում, արոտավայրերում կամ մակաղատեղերում անասուններ պահելու համար, շահնահակն` հարկահանի օգտին: Բջնիի արձանագրության կալայթաղար հարկատեսակը Լ. Բաբայանը մեկնաբանել է որպես կալերից/կալատեղից/ վերցվող թաղար-հարկ: Վերը բերված արձանագրություններում նշված են նաև սայլի, եզի համար անվանված հարկերը:
    Ինչպես երևում է վերը բերված օրինակներից, մեկ կամ մի շարք հարկեր վերացնելու մասին արտոնագրերը հիմնականում փորագրվել են 13-րդ դարի վերջերին և 14-րդ դարի առաջին կեսին, այսինքն` իլխանության հոգեվարքի շրջանում: Մինչդեռ այս և սրանց զուգահեռ հիմնական պետական հարկերը` մալը /հողահարկ/, ղփչուրը46 /գլխահարկ/, տղղուն /պաշտոնեության համար գանձվող հարկ/, թաղարը47 /բանակի պահպանման համար գանձվող հարկ/ մեկուկես հարյուամյակից ավելի կեղեքել ու կործանման են հասցրել հայ ժողովրդին: Այս ամենին պետք է գումարել նաև 13-րդ դարի վերջին կյանքի  կոչված, բայց 1307 թ. Ուլջեյթու-Մուհամմեդ խանի ժամանակ վերականգնված ջիզա-խարաջը /քրիստոնյա ժողովուրդներից գանձվող հարկը/, որ նոր հարված էր հայ ժողովրդին: Գրիգոր եպիսկոպոս Կարնեցու կենսագրականում /1321/ այս առթիվ գրվել է. «….եդին հարկս ի վերայ քրիստոնէից և յամենայն գլխոյ առնուին էօթն ութ դահեկան` յամենայն ամի, կամ ուրանալ զՔրիստոս, կամ տալ զդահեկանն :է: խարաճ…: … յերկոտասանամեայ մանկանէ առնուին զհարկն. և բազումք տարագիր եղեալ վասն հարկին….»: Դաժան հարկահանությունը ստիպում էր մարդկանց հարկի դիմաց վաճառել հարազատ զավակին, նաև ստիպում էր լքել հայրենի բնօրրանն ու հեռանալ այլ երկրներ:
    Պատմիչ Մաղաքիա աբեղան գրել է. «Եւ յամենեցունց պահանջեալ խստագոյն հարկս, աւելի քան զկար մարդոյն, սկսան չքաւորիլ. և նեղէին անհնարին կտտանօք և չարչարանօք և գելոցօք: Եւ որ թաքչէր` ըմբռնեալ, սպանանէին, և որ ոչ կարէր հատուցանել զսակն զմանկունս նոցա առնուին ընդ պարտուցն….»:
    Թեղենյաց վանքում 1295-ին ընդօրինակված Ավետարանի գրիչ Դավիթն  իր հիշատակարանում գրել է. «Բայց գրեցաւ սա ի թվիս Հայոց ՉԽԴ /1295/, ի յաւուրն նետողաց ազգի, որ բռնացել ունէր զամենայն աշխարհս Հայոց և զայլս բազումս, որում չեն բաւական պատմել զդառնութիւն և զաւէրութիւնն աշխարհիս, որ իբրև զծով խռովել մրրկածին աւդով զերեքալեանն բերելով զնմանութիւն, ուր ոչ երկիր, և ոչ քաղաք, և ոչ գեաւղ, և ոչ աւանք, և ոչ հրաշազան վանորեայք զխաղաղութիւն գտեալ….»:
    Գրեթե նույնպիսի մի հիշատակարան էլ 1310 թ. Հովհաննավանքում արտագրած «Ավետարանի» 311բ էջում թողել է Սարկավագ գրիչը. «Բայց զաղետ և զողբ տարակուսանացս ո~ պատմեսցէ, զի ի խիստ և յանհնարին հարկապահանջութենէ ծախեա/լ/ լինին ուստերք և դստերք աշխարհիս մեր և բազում գեղք և վանորայք աւէր և անհանգիստ և քահանայք տարաշխարհիկ լինին»:
    Հպատակ ժողովուրդների` հատկապես հայ ժողովրդի համար ստեղծելով սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններ, բռնելով ժողովրդին և նրա իշխանական տներին ձուլելու-ուծացնելու ճանապարհը` 13−14-րդ դարերում մոնղոլ տիրողները երազում էին ոչնչացնել հայ ժողովրդին, որը, սակայն, ինչպես նրանց, այնպես էլ նրանցից հետո եկածներին չհաջողվեց: