ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը
    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ
  • Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը
    Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը։ Այս մասին Դուբայում Կանաչ տնտեսության հարցերով համաշխարհային գագաթաժողովում հայտարարել է Կոլումբիայի նախկին նախագահ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խուան Մանուել Սանտոսը, հայտնում է AFP-ը։«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը բախվեց միջուկային պատերազմի սպառնալիքին։ Այս սպառնալիքը մնում է, սակայն մենք ավելի վատ բան ունենք։ Դա կլիմայի փոփոխությունն է։ Եթե մենք չգործենք, մենք կզոհվենք։ Մենք պետք է գործենք հանուն գոյատեւման»,- հայտարարել է նա
  • Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ
    Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի ձայն»-ին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով՝ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է, և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ և նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, ո
  • Շվեդիան ուսումնասիրում է թվային կրոնի թողարկման հնարավորությունը
    Շվեդիան ուսումնասիրում է տարվա ընթացքում թվային կրոնի թողարկման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի ԿԲ նախագահ Ստեֆան Ինգվեսը: Նրա խոսքով՝ տնտեսության վերաձեւավորման համար խթան է հանդիսացել Facebook Libra նախագիծը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ CNBC-ի վրա հղումով:«Դա անհավանական կարեւոր իրադարձություն էր… Libra-ն անսպասելի հայտնվեց եւ մեզ մտածելու տեղիք տվեց»,- ասել է Ինգվեսը:Մեկ այլ պատճառ է Ինգվեսը նշել Շվեդիայում կանխիկ փողի օգտագործման կրտուկ կրճատումը: Երկրում շատ խանութներ թղթադրամներ եւ մետաղադրամներ չեն կիրառում:Այն բանից հետո, երբ Facebook-
  • Գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում լճերին ստիպել է ավելի վառ ծաղկել
    Ամբողջ աշխարհում տասնյակ խոշոր քաղցրահամ լճերի երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց 68 տոկոսում կտրուկ աճել են ծաղկող ջրիմուռների բծերի չափերը, ինչպես նաեւ դրանց պայծառությունն ու թունավորությունը: Աճի պատճառ է դարձել գլոբալ տաքացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Nature-ի վրա հղումով: «Ամռան ամիսներին ջրիմուռների ծաղկման ինտենսիվությունն աճել է ուսումնասիրված լճերի 68 տոկոսում, սակայն, միեւնույն ժամանակ, այն նվազել է միայն 6 ջրամբարներում: Դա նշանակում է, որ մենք տեսնում ենք ծաղկման աճ ոչ թե այն պատճառով, որ վերջին տարիներին ակ
  • Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը
    «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում կբացվի հոկտեմբերի 16-ին։ Դրան կմասնակցեն ամբողջ աշխարհից առաջատար գիտնականներ։Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։GIF19-ի ընթացքում գիտնականները եւ առաջնորդները կմասնակցեն ակադեմիական քննարկումների եւ բանավեճերի՝ ներկայացնելով իրենց փորձը եւ հետազոտության արդյունքները։ Խոսնակները ներկայաց
  • Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը հանձնվել է աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար
    Այսօր հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»: Այս մրցանակը հիմնել է Շվեդիայի բանկը, այն շնորհվում է 1969 թվականից:Հիշեցնենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավոր
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հակագնագցման միջոցները տնտեսավարման արդի պայմաններում. միջազգային միտումները և Հայաստանի փորձը

    ՖՐԻԴԱ ԲԱՀԱՐՅԱՆ
    ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն
    ԷՄՄԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչություն


    Հակագնագցման (հակադեմպինգային) միջոցառումները նշանակալի տեղ են զբաղեցնում արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման գործիքակազմում, քանի որ լայնորեն կիրառվում են ներքին շուկայի և տեղական արտադրողների պաշտպանության նպատակով: Հակագնագցման  կարգավորման նշանակությունն աճում է հատկապես տնտեսական ճգնաժամերի պայմաններում, որի համար որպես հիմք է ծառայում համապատասխան միջոցների ընտրողական բնույթը: Հակագնագցման կարգավորման տնտեսական հիմքերի հետազոտության արդիականությունը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից առանձնացվել են առավել մեծ կարևորություն ունեցողները: Առաջին հերթին` վերջին տարիներին պաշտպանական միջոցների վերաբերյալ օրենսդրությունը նշանակալի դեր չի ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրային գործունեության կարգավորման իրավական և տնտեսական մեխանիզմներում, սակայն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ի վեր հակագնագցման կարգավորման իրավասությունը տեղափոխվել է վերազգային մակարդակ, որից հետո հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների վերաբերյալ օրենսդրությանը փոխարինելու եկավ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար արտաքին առևտրում կիրառվող միասնական պաշտպանական միջոցների վերաբերյալ նորմատիվ-իրավական կարգավորումը: Երկրորդ` 2003 թվականից անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետությունը վերագնահատեց հակագնագցման քաղաքականության միջազգային կարգավորող մարմնի դերը, այդ թվում` Սակագների և առևտրի վերաբերյալ ընդհանուր համաձայնագրի (ГАТТ) հակագնագցման օրենսդրությունը:

    Հիմնաբառեր. հակագնագցում, հակագնագցումային հետաքննություն, առևտրային վեճ, ԱՀԿ, ԵԱՏՄ

    Միջազգային մրցակցային պայքարի արդի պայմաններում հայրենական  արտադրողներին աջակցությունը դարձել է յուրաքանչյուր պետության առևտրային քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը: Շուկայում իրենց մասնաբաժինը մեծացնելու նպատակով ընկերությունները կարող են դիմել անբարեխիղճ մրցակցության` իջեցնելով արտադրանքի գինը, այսինքն` կիրառել գնագցում (դեմպինգ) տեղական արտադրողներին դուրս մղելու համար: Վերոնշյալի դեմ պայքարելիս կիրառվում է միջազգային հանրության կողմից ճանաչում ունեցող հակագնագցման տուրքերի ներմուծման գործընթացը:
    Արդյոք հակագնագցման միջոցների կիրառումը անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարի միջոց է` հօգուտ արդար առևտրի, թե դա «հովանավորչական խոչընդոտ» է: Նշված հարցը բազմիցս քննարկվել է տնտեսագիտական գրականության մեջ: Առևտրի ազատականացման տեսանկյունից դիտարկելիս կարելի է եզրակացնել, որ հակագնագցման տուրքերն ունեն ավելի նշանակալի բացասական հետևանքներ, քան գնագցումն ինքնին:
    Ընդհանուր առմամբ, հակագնագցման միջոցները մաքսատուրքերի ավելացման պատճառ են դառնում, ինչն էլ, իր հերթին, նշանակում է ազատ առևտրի խոչընդոտների ավելացում: Հեղինակների մի մասը կարծում է, որ հակագնագցման տուրքերը կարելի է դիտարկել որպես արդյունաբերության նորաստեղծ ճյուղերին աջակցության ժամանակավոր միջոց` հատկապես զարգացող երկրների տեսանկյունից: Սակայն, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, վերոնշյալ միջոցները կիրառվում են ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների կողմից` հաճախ արդեն ձևավորված և կայացած արդյունաբերության ճյուղերում, մեծ մասամբ` մեքենաշինական և քիմիական:
    Որպես առևտրի ազատականացման պայմաններում խաղի կանոնների հաստատման նպատակով հակագնագցումային օրենսդրության կիրառման օգտին լրացուցիչ փաստարկ կարելի է նշել այն, որ գործունեության տվյալ ոլորտը կարգավորվում է համաշխարհային ճանաչում ունեցող մակարդակով` Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում: VI ГАТТ 1994 հոդվածի (հակագնագցում) կիրառման ԱՀԿ համաձայնագիրը վերոնշյալ ոլորտում հիմնական իրավական նորմն է: Դա թույլ է տալիս գանգատարկել հակագնագցման միջոցները, եթե վերջիններս օգտագործվել են ոչ թե առևտրի ոլորտում արդարություն հաստատելու, այլ ներմուծողների համար լրացուցիչ անհիմն խոչընդոտներ ստեղծելու համար: Տարբեր երկրներում հակագնագցման միջոցների կիրառման մասով առևտրային վեճերի ավելացումը վկայում է ի շահ հայրենական ընկերությունների հակագնագցման չարաշահման մասին:
    Հարկ է նշել, որ հակագնագցման տուրքերը հայրենական արտադրողների պաշտպանության ավելի հաճախ կիրառվող գործիքներից են` ի տարբերություն ներքին շուկայի պաշտպանության այնպիսի միջոցների, ինչպիսիք են փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցները։ Առևտրի համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն` վերոնշյալ կազմակերպության հիմնադրման պահից ի վեր ԱՀԿ անդամ պետությունների կողմից կիրառվել են մոտ երեք հազար հակագնագցման տուրքեր։
    Անհրաժեշտ է նշել, որ մինչ ԵԱՏՄ անդամակցությունը, Հայաստանի Հանրապետությունը չի եղել վերոնշյալ գործիքը կիրառող պետություն։ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությամբ պայմանավորված առավելությունների հետ մեկտեղ, հայրենական ընկերությունները բախվում են ազգային շուկայում օտարերկրյա ընկերությունների աճող մրցակցությանը։ Ըստ վերոնշյալի` հայրենական ընկերությունների պաշտպանության նպատակով հակագնագցման միջոցների կիրառման օտարերկրյա փորձի վերլուծությունն արդիական է։
    Անհրաժեշտ է դիտարկել հակագնագցման հետաքննության անցկացման փուլերը և այն խնդիրները, որոնց կարող են բախվել ընկերությունները վերոնշյալ գործընթացին թե՛ որպես նախաձեռնող, թե՛ որպես մեղադրյալ մասնակցելիս։ Այստեղ հարկ է նշել, որ ԵԱՏՄ անդամ պետություններից հատկապես Ռուսաստանի Դաշնության արտահանողների նկատմամբ են առավել հաճախ կիրառվում նման միջոցներ։ ԱՀԿ անդամ պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, կարող են դիմել առևտրային վեճերը կարգավորող ԱՀԿ համապատասխան մարմնին` վերոնշյալ միջոցները վիճարկելու նպատակով։ Այլ կերպ ասած` ոչ միայն հակագնագցման տուրքերը կարելի է դիտարկել որպես հայրենական արտադրողների պաշտպանության միջոց. երկրի մասնակցությունը ԱՀԿ առևտրային վեճերին նույնպես համարվում է հայրենական ընկերությունների նկատմամբ հակագնագցման օրենսդրության կիրառման դեպքում չարաշահումների դեմ պայքարի միջոց։
    Հակագնագցման հետաքննության անցկացման գործընթացը հստակ ներկայացված է VI ГАТТ 1994 հոդվածի կիրառման մասին ԱՀԿ համաձայնագրում, ինչպես նաև ազգային օրենսդրության մեջ։ Ներքին շուկայի պաշտպանության միջոցների, այդ թվում հակագնագցման տուրքերի կիրառումը նախկինում համապատասխան ազգային ինստիտուտների բացառիկ իրավունքն էր։ Մինչ վերջերս միայն Եվրոմիությունում էին հետաքննություններն անցկացվում տարածաշրջանային մակարդակով։ Հետաքննության անցկացման կանոնները և գործընթացները կարգավորվում են հատուկ կանոնակարգով։ Այլ ինտեգրացիոն միավորումներում հակագնագցման հարցերը կամ ընդհանրապես չեն շոշափվում, ինչը հանգեցնում է տվյալ միավորման անդամ պետությունների ընկերությունների նկատմամբ հակագնագցման միջոցների կիրառման հնարավորության (օրինակ` ACEAN, MERCOSUR), կամ սահմանվում են անդամ պետությունների միջև հակագնագցման հետաքննությունների կարգավորման գործընթացներ (ինչպես օրինակ` NAFTA-ի դեպքում), որոնք չեն առնչվում երրորդ երկրների հետ հարաբերություններին։
    2008 թվականի հունվարի 25-ից երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին համաձայնագրի ներմուծումից հետո Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Մաքսային միությունը դարձավ աշխարհում երկրորդ ինտեգրացիոն կառույցը, որը կարգավորում էր հակագնագցման հետաքննությունները տարածաշրջանային մակարդակով։ Հետագայում 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 48−50 հոդվածները և 8-րդ հավելվածը լրացրին հակագնագցման միջոցների կիրառման օրենսդրական բազան։
    Հակագնագցման հետաքննության իրականացման հիմնական փուլերը կարելի է ներկայացնել հետևյալ գծապատկերով. 



























    Հատկանշական է, որ կիրառվող հակագնագցման տուրքերի քանակով ԱՀԿ-ում առաջատարը ոչ թե զարգացած պետություններից որևէ մեկն է, այլ Հնդկաստանը։ Վերջինս նաև ներգրավված է բազմաթիվ հակագնագցման հետաքննություններում։ Հնդկաստանն ակտիվորեն սկսել է կիրառել նշված միջոցառումները 2000-ական թվականների սկզբից, և դրանց քանակը բավական տպավորիչ է։ 1995−2016 թթ. ընթացքում Հնդկաստանը կիրառել է 609 հակագնագցման միջոցներ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվել են 395, իսկ ԵՄ-ի կողմից` 314 նման միջոցներ։ Առևտրային քաղաքականության վերոնշյալ գործիքը շատ հաճախ կիրառվում է այնպիսի պետությունների կողմից, ինչպիսիք են Արգենտինան, Չինաստանը, Թուրքիան, Բրազիլիան և այլն։
    Հակագնագցման հետաքննությունների մեջ երկրների ներգրավվածության ցուցանիշները շատ հաճախ չեն համապատասխանում դրանց դերին և համաշխարհային արտահանման մեջ մասնաբաժնին։ Դա խոսում է այն մասին, որ հակագնագցման հետաքննությունների մեջ ներգրավվածության վրա ազդում են ինստիտուցիոնալ հայեցակետերը։ Ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման համար պատասխանատու պետական մարմինների և ընկերությունների փոխազդեցության համակարգումը կարևոր դեր ունի արդյունավետ հետաքննության անցկացման գործում։ Այս առումով, առաջատարը հիմնականում խոշոր երկրներն են, որոնք տիրապետում են հարաբերությունների արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի կառուցմանն անհրաժեշտ համապատասխան ռեսուրսներին։ Ավելի փոքր տնտեսական ներուժ ունեցող զարգացող երկրներն առավել հաճախ բախվում են հակագնագցման միջոցներին, քան հանդես են գալիս որպես նախաձեռնող կողմ։ 





















    Մինչ ԵԱՏՄ անդամակցությունը, Հայաստանի Հանրապետությունը չի կիրառել հայրենական արտադրողների պաշտպանությանն ուղղված առևտրային քաղաքականության վերոնշյալ գործիքը։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կողմից, փաստորեն, հակագնագցման որևէ միջոց չի գործադրվել։ Միևնույն ժամանակ, նշված ժամանակահատվածում մեր երկրի նկատմամբ կիրառվել է միայն մեկ հակագնագցման տուրք` 2009 թվականին։
    Հարկ է նշել, որ հիշատակված ոլորտում բացարձակ առաջատարը Չինաստանն է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համաշխարհային առևտրի առաջատար արտահանող է և լուրջ մրցակից` երկրների մեծամասնության ներքին շուկաներում։ Երկրորդ` հակագնագցման հետաքննությունների ժամանակ Չինաստանը չի դիտարկվում որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր. նորմալ գինը որոշվում է ոչ թե արտահանման փաստացի տվյալների հիման վրա, այլ «փոխնակ երկրի» մեթոդով, այսինքն` տեղի է ունենում երրորդ երկրներում նույնանման ապրանքի արտադրության ծախքերի համեմատություն։ Հակագնագցման տուրքերի կիրառման հետևանքով չինական կազմակերպությունների վնասները բավական մեծ են, ինչի պատճառով էլ Չինաստանը վերջին շրջանում ավելի հաճախ է դիմում ԱՀԿ վեճերի կարգավորման մարմին` կիրառվող միջոցները բողոքարկելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստանի Դաշնությունը ևս որոշակի դժվարություններ է ունեցել` ԱՀԿ անդամ պետությունների կողմից իր շուկայական կարգավիճակի ճանաչման հետ կապված։ Սակայն ԱՀԿ-ին Ռուսաստանի Դաշնության միացման բանակցությունների գլխավոր նախապայմաններից մեկը վերջինիս շուկայական կարգավիճակի ամրագրումն էր։
    Բացի Չինաստանից և Ռուսաստանից, երկրների (որոնց ընկերությունների նկատմամբ կիրառվել են հակագնագցման տուրքեր) առաջին տասնյակում են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կորեայի Հանրապետությունը, Բրազիլիան, ԱՄՆ-ը և այլն։ Դիտարկվող ժամանակահատվածում որպես մեկ միասնական մաքսային տարածքի` ԵՄ-ի նկատմամբ կիրառվել է 83 հակագնագցման միջոց, սակայն դրանք հիմնականում վերաբերում են որոշակի ընկերությունների: Այսպես` գերմանական ընկերությունների նկատմամբ կիրառվել են 52, ֆրանսիականների նկատմամբ` 30, անգլիականների նկատմամբ` 25, բելգիականների նկատմամբ` 18 հակագնագցման տուրքեր։ Եթե գումարենք ԵՄ առանձին անդամ պետությունների նկատմամբ կիրառված հակագնագցման միջոցները և համեմատենք այլ երկրների հետ, ապա ԵՄ-ն վերոնշյալ ցանկում կգրավի երկրորդ տեղը` Չինաստանից հետո։
    Հատկանշական է, որ հակագնագցման միջոցներ կիրառող առաջատար երկրների ցանկը գրեթե համընկնում է այն երկրների ցանկի հետ, որոնց ընկերությունների նկատմամբ կիրառվում են նման միջոցներ, ինչը կարելի է բացատրել նշված երկրների` միջազգային առևտրում ներգրավվածության բարձր մակարդակով, ինչպես նաև հակագնագցման հետաքննություններ անցկացնելու համար պահանջվող ռեսուրսների առկայությամբ։ Բացի դրանից, նման իրավիճակը պայմանավորված է նաև հակագնագցման տուրքերի կիրառման ճյուղային կառուցվածքով։ 

    Առևտրի համաշխարհային կազմակերպություն հայտի ներկայացումը բավականին ծախսատար է ինչպես կառավարության, այնպես էլ շահագրգիռ կողմ հանդիսացող և վերոնշյալ գործընթացը փաստացի նախաձեռնող ընկերությունների համար: Սակայն կիրառվող հակագնագցման տուրքերի պատճառով արտահանողների կրած վնասները, ինչպես նաև օտարերկրյա շուկաներ մուտքի սահմանափակումները բավական մեծ են, ուստի զարմանալի չէ առևտրային վեճերի նման քանակությունը:
    Առևտրային վեճերի համար որպես հիմք է ծառայում նորմալ գնի և դեմպինգային մարժայի հաշվարկման մեթոդաբանությունը, որը ԱՀԿ անդամ պետություններում տարբեր է: Մասնավորապես` շատ են բողոքները հատկապես ԱՄՆ-ի կողմից կիրառվող մեթոդաբանության նկատմամբ, քանի որ, կախված իրավիճակից, օգտագործվում են իրականությունն աղավաղող մոտեցումներ, ինչը նշանակալի վնաս է հասցնում օտարերկրյա արտահանողներին: Փաստացիորեն, ԱՄՆ-ում հետաքննություններ իրականացնող համապատասխան մարմինը շտկում է նորմալ գինը` բարձրացնելով այն և դրանով իսկ հնարավորություն տալով սահմանելու ավելի բարձր դեմպինգային մարժա: Վերոնշյալից պարզ է դառնում, թե ինչու է ԱՄՆ-ը ԱՀԿ անդամ պետությունների նկատմամբ ներկայացված հայտերի մասով բացարձակ առաջատար համարվում: ԱՀԿ վեճերը կարգավորող մարմնի որոշումները հակադարձ ուժ չունեն, այսինքն` ԱՄՆ-ը անարդարացի ձևով պաշտպանում է իր ազգային արտադրողներին հակագնագցումային տուրքերի օգնությամբ, քանի դեռ հետաքննություն է վարվում:
    ԵՄ-ի կողմից օգտագործվում է նորմալ գնի որոշման այլ մեթոդաբանություն, որը ևս բազմաթիվ հարցերի առաջացման հիմք է դառնում: Ընդ որում,
    ԵՄ-ն ավելի հաճախ հանդես է գալիս որպես հայցվոր, քան որպես պատասխանող: Կիրառվող հակագնագցման միջոցների թվով բացարձակ առաջատար հանդիսացող Հնդկաստանը հաճախ հետապնդվում է ԱՀԿ անդամ պետությունների կողմից, որի պատճառը նորմալ գնի որոշման մոտեցումների աղավաղումն է: Չինաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միացել է 2001 թվականից և բավականին հաճախ է օգտագործում վերոնշյալ կազմակերպության վեճերի լուծման մեխանիզմը թե՛ որպես հայցվոր, թե՛ որպես պատասխանող: Ընդ որում, վերջինիս ներկայացրած բոլոր հայցերը վերաբերում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից չինական ընկերություններից ազգային շուկայի պաշտպանության միջոցներին14: Դա բնութագրում է մի կողմից` ՉԺՀ անհամաձայնությունն ազգային ընկերությունների նկատմամբ կիրառվող հակագնագցումային միջոցներին, իսկ մյուս կողմից` երկրի ձգտումը նույնպես կիրառելու առևտրային քաղաքականության վերոնշյալ գործիքը: Ներկայումս Եվրասիական տնտեսական միության կողմից կիրառվում են 18 հակագնագցման միջոցներ այն կազմակերպությունների պաշտպանության նպատակով, որոնք գտնվում են Միության տարածքում, սակայն հակագնագցման հետաքննությունները մեծ մասամբ նախաձեռնվում են ռուսական ընկերությունների կողմից։ ԵԱՏՄ շուկան հիմնականում պաշտպանվում է Չինաստանից և Ուկրաինայից ներմուծվող ապրանքներից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված երկրների ձեռնարկատերերը արտաքին շուկաներում բավականին ագրեսիվ վարք են դրսևորում։ Վերջին շրջանում հայրենական արտադրողների ուշադրության կենտրոնում են նաև Հնդկաստանից ներկրվող ապրանքները. մեկ հակագնագցման միջոց վերոնշյալ երկրից ներմուծվող ապրանքատեսակի նկատմամբ արդեն իսկ կիրառվում է։ ԵԱՏՄ տարածքում մինչ որևէ պաշտպանական միջոցառման ուժի մեջ մտնելը պահանջվում է որոշակի ժամանակ, որը պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի` հետաքննություն, որի ընթացքում հաստատվում է պաշտպանական մեխանիզմների օգտագործման անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը, և որոշակի դեպքի վերաբերյալ որոշման ընդունման գործընթաց։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից հետաքննություն սկսելու համար պահանջվում է տվյալ ոլորտի ներկայացուցիչների դիմումը, որը պետք է ներկայացնի միջոցի կիրառման անհրաժեշտության ապացույցներ։ Կարևոր պայման է, որ դիմողներին բաժին ընկնի ԵԱՏՄ միասնական շուկայում նշված ապրանքի արտադրության ընդհանուր ծավալի 25%-ը։ Դիմումը ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով, ստուգվում է հավաստիությունը և փաստերի առկայությունը, որից հետո որոշում է ընդունվում հետաքննություն սկսելու վերաբերյալ։ Հետաքննությունը տևում է մոտավորապես մեկ տարի. իրականացված վերլուծության արդյունքների հիման վրա պատրաստվում է զեկույց, որոշման նախագիծ, հետաքննության արդյունքները քննարկվում են առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի նիստում` հինգ անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պաշտպանական միջոցառման կիրառման որոշման նախագիծը դրվում է քննարկման ԵՏՀ Կոլեգիայի նիստում, որտեղ ինը նախարարները ստորագրում են միջոցի կիրառման վերաբերյալ փաստաթուղթ` պարտադիր ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար։ Այս կամ այն միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել ԱՀԿ վեճերի լուծման մարմնի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, բողոքարկման գործընթացը կարող է ձգվել մինչև երկու տարի։ Սկզբում կողմերը նշված հարցի վերաբերյալ պետք է անցկացնեն խորհրդակցություններ, և եթե դրանք հաջողությամբ պսակվեն, ստեղծվում են արբիտրաժային խմբեր, որոնց կազմում ընդգրկվում են տվյալ ոլորտի մասնագետներ։ Սովորաբար մեկ տարի անց հրապարակվում է նշված խմբի կողմից պատրաստված զեկույցը, որում հիմնավորվում է, թե որ կողմն է իրավացի, որը` ոչ։ ԱՀԿ վեճերի լուծման մարմինը համապատասխան եզրակացություն է ձևակերպում այն մասին, թե արդյոք նշված միջոցը համապատասխանում է ԱՀԿ նորմերին, որից հետո խախտում կատարած երկրին կամ միությանը հանձնարարվում է այդ միջոցը համապատասխանեցնել արտաքին տնտեսական գործունեության ազատական միջոցներին։
    Ըստ այսմ` պաշտպանական տարբեր միջոցների կիրառման նպատակահարմարության որոշման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԱՀԿ իրավական համակարգի տեսանկյունից օրինականության խնդիրներին։
    ԵԱՏՄ շրջանակներում իրականացվել է 41 հետաքննություն, որից ինը ներկայումս ընթացքի մեջ են։ Իրականացված հետաքննություններից միայն ինն են հատուկ պաշտպանական միջոցների մասով. մնացածը հակագնագցման հետաքննություններ են։ Եվրոմիության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Չեռնոգորիայի և Ալբանիայի սանկցիոն քաղաքականության շրջանակներում կիրառվում է Ղրիմից և Սևաստոպոլից ծագող ապրանքների ներմուծման արգելք։ Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնք պայմանավորում են ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողների համար ներքին շուկայի պաշտպանության միջոցների շահեկանությունը` համեմատած արտաքին առևտրի կարգավորման այլ գործիքների հետ։ Առաջին հերթին` ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման գործընթացը իրավական առումով բավական հանգամանալից մշակված է, այսինքն` որոշակի պայմաններում արտադրողներն ունեն վերոնշյալ պաշտպանության օրենսդրորեն սահմանված իրավունքը։ Երկրորդ` նշված գործիքը համաշխարհային ասպարեզում ունի լայն կիրառություն և ընդունվում է ԱՀԿ-ի կողմից։ Երրորդ` ի տարբերություն սովորական մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և պաշտպանիչ միջոցները կիրառվում են ԱՊՀ ծագում ունեցող ապրանքների նկատմամբ, որոնց պարագայում գործում է ազատ առևտրի անմաքս ռեժիմ։
    Ամփոփելով հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ընդլայնի ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառությունը։ Սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հետաքննություններ վարելու համար որպես հիմք պետք է ծառայեն ԵԱՏՄ անդամ պետությունների ընկերությունների կողմից ներկայացված դիմումները։ Անհրաժեշտ է, մի կողմից` բիզնեսը ավելի հաճախ դիմի վերազգային ինստիտուտներին` մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով, մյուս կողմից` գիտաժողովների և սեմինարների միջոցով հարկ է բարձրացնել գործարարների իրազեկվածության մակարդակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տիրապետման ներքո գտնվող ներքին շուկայի պաշտպանության միջոցների վերաբերյալ, այդ թվում` հակագնագցման գործընթացների իրականացման առանձնահատկությունների մասով։ Այսպիսով` իրավասու մարմինների և մասնավոր կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների և փոխհամագործակցության խորացումը ազգային շահերի պաշտպանությանն ուղղված հաջողված առևտրային քաղաքականության գրավականն է։