ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ
    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետա
  • Ֆրանսիան 2019-ից նոր հարկեր կսահմանի տեխնոլոգիական հսկաների նկատմամբ
    Ֆրանսիան 2019-ից սկսած նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը:Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին, Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան մոտ 500 մլն եվրո գումար ներգրավել:Դեկտեմբերի սկզբին Լը Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին
  • Եվրոն հույս ունի շահույթ ստանալ առևտրային գործարքներից. դոլարը թույլ է
    Եվրոն աշխուժացավ հինգշաբթի, երբ կիրակի կայանալիք գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնեցին փաստաթղթի հարցում, որը ներկայացնում է նրանց վերաբերմունքն ապագա հարաբերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ տեքստը քննարկել են Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը: Նրանք մտադիր են  պահպանել ապրանքների առևտրային սերտ հարաբերությունները:Ըստ լուրերի, միասնական արժույթը&nb
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղեղային կենտրոնները

    Հետազոտական խմբի ղեկավար`
    ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ
    տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

    Հետազոտական խմբի անդամներ`
    ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ
    փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

    ԱՐՓԻՆԵ ՄԱԼՔՋՅԱՆ
    ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և
    բարոյագիտության ամբիոն

    ԱՄՆ-ում ուղեղային կենտրոնների ծագումը պայմանավորված էր երկու փոխկապակցված գործընթացներով: Առաջին գործընթացն ինտելեկտի զարգացման ու կիրառման ոլորտում էտատիզմից (պետության տիրապետությունից)  անցումն էր քաղաքացիական հասարակության մասնավոր կառույցներին (կորպորացիաներին), որոնք ոչ թե պարզապես կազմակերպում, զարգացնում ու կիրառում են ինտելեկտը, այլ ստեղծում են սոցիալական ինժեներիայի  մի ողջ ինդուստրիա, որտեղ մտավոր ներուժը արտադրվող ու օգտագործվող  բոլոր տեխնոլոգիաների գործիքն ու գլխավոր հիմքն է: Երկրորդ գործընթացը ղեկավարների անձնական պատասխանատվության քաղաքականությունից  անցումն էր հանրային քաղաքականությանը, որտեղ պատասխանատվությունն  իր վրա է վերցնում քաղաքացիական հասարակության  քաղաքականապես ակտիվ մասը, և դրա արդյունքում հանրային քաղաքականությունն առանձնանում է պետական, կուսակցական, կորպորատիվ և  հատուկ քաղաքականություններից` կազմելով հատուկ ոլորտ:  Ուղեղային կենտրոնների առաջացումը կանխորոշված էր ԱՄՆ-ում  անցկացվող, այսպես կոչված, ռեֆորմիզմի քաղաքականության խնդիրներով:  Մի կողմից, այդ շրջանում ԱՄՆ-ն փորձում էր դուրս գալ մեկուսացվածությունից,  ինչը պահանջում էր ավելի լայնածավալ գնահատում, գլոբալ  մտածողություն, ակադեմիական պատրաստվածություն, մյուս կողմից, ներքին  քաղաքականության մեջ դա համընկնում էր քաղաքական կառավարող  վերնախավի (ինստեբլիշմենտի)` իշխանությանը մասնագիտացնելու ձգտումների  հետ: XX դարի առաջին տասնամյակներին` արդյունաբերական աճի  դարաշրջանում, սրված հիմնախնդիրները լուծելիս, գործարար ու քաղաքական ընտրախավի ներկայացուցիչները սկսեցին ֆինանսավորել հետազոտական  կենտրոններն ու օգտվել դրանց ծառայություններից: Այդպիսով՝  տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության մեջ մեկնարկեց  հատուկ գիտելիքների և կիրառական մեթոդների մշակմանն ուղղված հետազոտությունների անցկացման փուլը: Ուղեղային կենտրոնները ստեղծվում  էին հատկապես այդպիսի գիտելիքների մշակման նպատակով:   Հետևաբար՝ XX դարի սկզբին ուղեղային կենտրոնների առաջացման հիմնական նախադրյալներ դարձան հասարակության տնտեսական ու քաղաքական  կյանքում պետական միջամտության գերակշռումը և պետական  իշխանությունների գործողությունների ռացիոնալացման   հարցում գործարար կառույցների հետաքրքրվածության ուժեղացումը: Այդ հանգամանքները  հատկապես արդիական դարձան այն պայմաններում, երբ պետական հովանավորչությունը  որոշիչ զենք էր մրցակցային քաղաքականության մեջ (մասնավորապես՝  միջազգային ասպարեզում): Բացի այդ, կարևոր գործոններ  դարձան մտավոր կապիտալի կրիտիկական զանգվածի կուտակումը և, դրա  հետ կապված, հասարակական-տնտեսական ու սոցիալ-քաղաքական գիտությունների  շեշտակի զարգացումը:
    Առաջին սերնդի ուղեղային կենտրոններ (XX դարի սկիզբ – 1920-30-ական թթ.): Որպես ուղեղային առաջին կենտրոններ կարելի է համարել  ակադեմիական, համալսարանական լաբորատորիաները, որոնք աշխատում  էին քաղաքական երաշխավորագրերի և կառավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ: 1907 թ. հիմնված Ռասել Սեյջի հիմնադրամը (Russell  Sage Foundation) դարձավ մարդասիրական-բարեգործական բնույթի առաջին  կազմակերպությունը, որը ֆինանսավորում էր հասարակագիտական հետազոտությունները:  Դրա օրինակով 1916 թ. հիմնվեց Պետական կառավարման ուսումնասիրության ինստիտուտը, որը 1927 թ. միավորվեց երկու այլ կազմակերպությունների` Տնտեսագիտության ինստիտուտի և Բրուկինգսի տնտեսագիտության  ու պետական կառավարման բարձրագույն դպրոցի հետ. միավորումը  ստացավ Բրուկինգսի ինստիտուտ (Brookings Institution) անվանումը:  Բացառապես արտաքին քաղաքականությամբ զբաղվող առաջին կենտրոն դարձավ Միջազգային խաղաղության Կարնեգիի հիմնադրամը (CEIP),  որը հիմնվել է 1910 թ. պատերազմի ու խաղաղության, հակամարտությունների  կարգավորման խնդիրների հետազոտության համար: Առաջին համաշխարհային  պատերազմը ծնեց սուր բանավեճեր ԱՄՆ-ի` որպես նոր համաշխարհային  տերության տեղի ու դերի մասին: 1917 թ. նախագահ Վուդրո  Վիլսոնի խորհրդական Է. Հաուսը (Edward M. House) սկսեց անցկացնել կանոնավոր  խորհրդակցություններ առաջավոր գիտնականների հետ` փորձելով մշակել պատերազմի ավարտից հետո աշխարհակարգի ամերիկյան նոր  մոտեցումը: Այդ ժամանակ ծնված շատ գաղափարներ դրվեցին միջազգային հարաբերությունների, այսպես կոչված, Վերսալ-վաշինգտոնյան համակարգի հիմքում: Հաուսի խումբը, որը հայտնի դարձավ «Հետազոտություն» անվանումով, ներառվեց ամերիկյան պատվիրակության կազմում և Փարիզի  խաղաղության գիտաժողովում հանդես եկավ որպես խորհրդականների խումբ: 1921 թ. դրա կազմում ընդգրկվեցին ֆինանսական շրջանակների ներկայացուցիչներ, հայտնի իրավաբաններ ու պրոֆեսորներ: Հենց այդ թվականից էլ այն սկսեց աշխատել որպես Միջազգային հարաբերությունների  խորհուրդ (CFR), որի մշակած՝ Ազգերի լիգայի խարտիայի նախագիծը դարձավ  այդ կազմակերպության ստեղծման հիմքերից մեկը:  Երկրորդ սերնդի ուղեղային կենտրոններ (1940-1950-ական թթ.):  Պետական քաղաքականության մշակման գործում ակադեմիական շրջանակների  ներգրավման առաջին փորձը դեռևս չէր կարելի որակել որպես իսկական  հեղափոխություն ինտելեկտուալ աշխատանքի պատմության մեջ:
    Երկրորդ համաշխարհային պատերազմը պետական քաղաքականության  առաջնահերթությունները տեղափոխեց ռազմական-տեխնոլոգիական և  ռազմական-ռազմավարական ոլորտներ: Ուղեղային կենտրոնների ձևավորման  գործընթացը, մի շարք կազմակերպությունների առաջարկությամբ, շարունակվեց  ռազմաարդյունաբերական համալիրի հովանավորության ներքո:
    Այսպիսով՝ XX դարի առաջին կեսին ուղեղային կենտրոնների զարգացման  վրա խոր հետք թողեցին երկու պատերազմները, որոնք կարճաժամկետ  հեռանկարում դրանց աշխատանքին հաղորդեցին զուտ ռազմական-տեխնոլոգիական  բովանդակություն: Ավելի երկարաժամկետ հեռանկարում մյուս  բաղադրիչը` խնդիրների քաղաքացիական բովանդակությունը, ուղղված էր  պատերազմի ու խաղաղության համաշխարհային հիմնահարցերի հետազոտությանն  ու մշակմանը: 40-ական թթ. սկզբին այդ ուղղությունները ներկայացնում  էին Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտը (American  Enterprise Institute) և Պատերազմի, հեղափոխության ու խաղաղության Հուվերի ինստիտուտը (Hoover Institution on War, Revolution and Peace): Երկրորդ համաշխարհային պատերազմը բացահայտեց ռազմի դաշտում հաջողության հասնելու համար տեխնիկայի ուսումնասիրության ու զարգացման կարևորությունը, ցուցադրեց ոչ զինվորական, քաղաքացիական  մասնագետների և գիտատեխնիկական կադրերի մեծ նշանակությունը,  որոնց դերը վճռորոշ էր հաղթանակի կերտման գործում` ստեղծելով զենքի
    ու տեղեկատվական տեխնոլոգիաների առաջավոր տեսակներ: Սակայն,  պատերազմի ավարտից հետո ծագեց այդ հսկայական ներուժի կորստի  սպառնալիք: Կառավարությունը, որ զբաղված էր ընթացիկ ֆինանսական  խնդիրների լուծմամբ, ժամանակ չուներ համախմբելու զինվորականներին ու քաղաքացիական գիտնականներին: Միաժամանակ, ավելի ակնհայտ էր  դառնում ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի ռազմական-ռազմավարական և ռազմականտեխնոլոգիական  հակամարտությունը: Այդ իրավիճակում, 40-ական թթ. կեսերին, բանակային շրջանակներում ծնվեց ռազմական-ռազմավարական հետազոտությունների  շարունակականությունն ապահովելու համար մտքերի  համախմբման նոր գործիքի ստեղծման գաղափարը: Մտահղացումը շատ  պարզ էր. քաղաքացիական անձանց ներգրավել հարաբերականորեն անկախ  կազմակերպության մեջ, որը պետք է ուսումնասիրեր բանակային  (ռազմաօդային) կորպուսի պահանջմունքներն ու հիմնախնդիրները: Այդ  որոշումը հիմնովին ազդեց զինվորականների կողմից սառը պատերազմի  խնդիրների լուծման եղանակի վրա:
    Հենց այդ ժամանակ ստեղծվեց կենտրոններից մեկը` «ՌԷՆԴ» կորպորացիան (RAND Corporation), որտեղ առավել հստակորեն դրսևորվեցին  ուղեղային կենտրոնների երկրորդ ալիքի հատկանիշները: Գիտական ու  վերլուծական մտքի ներգրավումը քաղաքական ու պետական ռազմավարության  մշակման գործում դարձավ ավելի կանոնավոր ու զանգվածային իրողություն:  «ՌԷՆԴ» կորպորացիան, հաստատվելով որպես անկախ ոչ  առևտրային ինստիտուտ և ստանալով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատվերների պորտֆելը, սկիզբ դրեց համակարգային վերլուծության  և խաղերի տեսության ոլորտների հետազոտությունների իրականացմանը՝ ձևավորելով պաշտպանական քաղաքականության ուսումնասիրությանմեթոդաբանություն: Փաստացիորեն, այստեղշակվեց «զսպման աղաքականությունը»`  որպես արտաքին քաղաքական դոկտրին: Վերլուծությունների մեթոդաբանական համընդհանրությունը հանգեցրեց նրան, որ  դրանք հաջողությամբ օգտագործվում են և՛ գործարարության ոլորտում, և՛  կառավարման վերաբերյալ ակադեմիական դասընթացներում: «ՌԷՆԴ»-ը դարձավ ամերիկացի մտավորականների հետպատերազմյան  տրամադրությունների նախակարապետը: Կազմակերպությունն առաջացավ կալիֆոռնիական ռազմաշինարարական «Douglas Aircraft Company»  ընկերությունում՝ որպես ստորաբաժանում և աստիճանաբար վերածվեց անկախ,  շահույթ չհետապնդող ինստիտուտի: Իր ստեղծման ժամանակից` 1948 թ. մայիսի 14-ից ի վեր այն կենտրոնացավ հասարակական-քաղաքական  ամենաանհետաձգելի գործնական հարցերի ուսումնասիրության վրա:  Սկզբում դրանք վերաբերում էին առավելապես ազգային անվտանգությանը,  իսկ այսօր արդեն ֆինանսական ռեսուրսների գերակշիռ մասը ստացվում է  կառավարական գործակալություններից, ինչպես նաև մասնավոր ֆիրմաներից,  բարեգործական կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից:  Կազմակերպության նպատակները սահմանված են համառոտ, բայց ընդգրկուն  կերպով. առաջադրել և նպաստել գիտական, կրթական ու բարեգործական գործունեությանը` հանուն ԱՄՆ-ի հասարակական բարեկեցության ու ազգային անվտանգության: Կորպորացիան շարունակում է աշխատել հասարակական-քաղաքական  երկարաժամկետ ծրագրերով, որոնք ընդգրկում  են հասարակական կյանքի բոլոր ոլորտները (տնտեսություն, քաղաքականություն, սոցիալական խնդրակարգ, արդյունաբերական քաղաքականություն,  գիտություն և տեխնոլոգիա, հաղորդակցում և տեղեկատվություն, անվտանգություն և պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, տարածաշրջանային  հետազոտություններ)` դրանց շրջանակներում բացահայտելով  ազգային հիմնախնդիրների ռազմավարական նորանոր կողմեր: Մեկանգամյա  հովանավորչական ֆինանսավորման պայմաններում իրականացվում  են նաև որոշակի նախագծեր, քաղաքականության ու տեխնոլոգիայի  գնահատումներ և հետազոտություններ, ծրագրերի մշակում, օպերացիոն  վերլուծություն: Իր նպատակներին հասնելու համար կորպորացիան հրավիրում է գիտաժողովներ (միջազգային ու տեղական), գիտական նստաշրջաններ  ու սեմինարներ, ճեպազրույցներ, թողարկում մամլո հաղորդագրություններ,  կազմակերպում շնորհանդեսներ կառավարության անդամների, ընդդիմադիր  քաղաքական ուժերի, քաղաքական ու արդյունաբերական կազմակերպությունների  համար, ինչպես նաև կրթական ծրագրեր (թրեյնինգներ):  Երրորդ սերնդի ուղեղային կենտրոններ (1960-1970-ական թթ.):  1960-ական թթ., երբ քաղաքացիական հասարակությունը գիտակցեց համաշխարհային մակարդակում տեխնոլոգիական փոխկախվածության դերը,  տեղի ունեցավ հեղաշրջում ինտելեկտուալ կադրերի ու ռազմաքաղաքական,  կառավարական շրջանակների փոխհարաբերություններում. քաղաքացիական  հասարակությունն իսկապես ներխուժեց պետական քաղաքականության ոլորտ՝ ամրապնդելով հանրային քաղաքականության վերելքը:  «ՌԷՆԴ» կորպորացիայի փորձը, իր հերթին, ցույց տվեց, որ ռազմական ու քաղաքացիական հետազոտական կազմակերպությունների միջև գոյություն  չունեն շահերի, հասարակության զարգացման արդիական հարցերի նկատմամբ  միասնական մոտեցումներ ու ըմբռնումներ, ինչպես նաև հստակ տարորոշվեց  ու հայտարարվեց հանրային քաղաքականության ոլորտում նոր հայեցակարգերի  ու կողմնորոշիչների բացակայության մասին, ինչին զուգահեռ,  ավելի ու ավելի ցայտուն դարձան այն երևույթի սաղմերը, որ այսօր անվանում  են գլոբալ հիմնախնդիրներ, համաշխարհայնացում, միջազգային  ինտեգրում: Երրորդ սերնդի ուղեղային կենտրոնների ծագումը գլխավորապես  պայմանավորված էր ամերիկյան ու արևմտաեվրոպական հասարակությունների  հիմնարար արժեքների նկատմամբ որոշակի սպառնալիքի առկա  յությամբ` ի դեմս ԽՍՀՄ-ի:  Ուղեղային կենտրոնները դարձան հասարակական-քաղաքական զարգացման  երկարաժամկետ գործնական խնդիրների լուծման մեջ հասարակագետների ու հետազոտողների ակտիվ ներգրավման նոր միջոց: Նրանց  գործունեությունը բնորոշվում էր համաշխարհային գաղափարախոսությունների,  երկարաժամկետ գլոբալ կանխատեսման վրա հիմնված ֆուտուրոլոգիական  աշխատանքների արտադրությամբ: Այս շրջանում աչքի ընկան  հատկապես Հուդզոնյան (Hudson Institute) և Ապագայի (Institute for the Future)  ինստիտուտները՝ որպես ամերիկյան հանրային քաղաքականության մեջ  գործերի վարման նոր տեխնոլոգիայի ներդրման առաջամարտիկներ: Ըստ  էության, հենց այդ շրջանից է սկսվում հանրային քաղաքականության անկախ  հետազոտության փուլը:  Հուդզոնյան ինստիտուտը ստեղծվել է 1961 թ.՝ Հերման Կանի (Herman  Kahn) կողմից: Գտնվում է Ինդիանապոլսում: Շահույթ չհետապնդող, չգաղափարայնացված  կազմակերպություն է, որտեղ աշխատում են մոտ 70 հետազոտող  և աշխատակից: Հիմնադիրներին հետաքրքրում էր հետազոտական ինստիտուտի ձևավորումը, որը հակադիր տեսանկյուններից պետք է զբաղվեր  ապագայի իմաստավորմամբ՝ չհետևելով որոշակի գաղափարախոսության  կամ քաղաքական դիրքորոշման:
    Ի տարբերություն շատ հանրային-քաղաքական հաստատությունների,  Հուդզոնյան ինստիտուտը հավասարապես անաչառ է և՛ ներքին, և՛ արտաքին  քաղաքականության հարցերում: Զբաղվում է հանրային քաղաքականության  հետազոտությամբ` նպատակ ունենալով կանխատեսելու զարգացման միտումները և մշակելու որոշումներ կառավարության, գործարար շրջանակների և լայն հասարակայնության համար, ինչպես նաև ուսումնասիրում է  տնտեսության, ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների  հարցերը, այն հիմնախնդիրները, որոնց ԱՄՆ-ը և ամբողջ աշխարհը բախվելու են ապագայում: Հետազոտությունների ու նախագծերի ֆինանսավորման  հիմնական աղբյուրները դրամաշնորհներն ու ամերիկյան և միջազգային  ընկերություններից, անհատ ներդրողներից ստացվող դոնորական  միջոցներն են:
    Ապագայի ինստիտուտը շահույթ չհետապնդող, կիրառական հետազոտական-խորհրդատվական ընկերություն է (1968 թ.), որը վերլուծում է տնտեսական,  տեխնոլոգիական ու հասարակական փոփոխությունների էությունը,  դրանց ներքին ու գլոբալ երկարաժամկետ հետևանքները, կատարում է կանխատեսումներ  ու մշակում վարքի մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են գործարար  ու պետական շրջանակների ներկայացուցիչներին, օտարերկրյա  պատվիրատուներին որոշումների ընդունման գործընթացում: Ինստիտուտի  հովանու ներքո, կորպորատիվ անդամության ու անհատական սկզբունքներով,  իրականացվում են մի շարք խորհրդատվական ծրագրեր, որոնք օգնում  են հաճախորդներին վերլուծել սոցիալ-տնտեսական միտումները, հաշվարկել  դրանց երկարաժամկետ արդյունավետությունը, կողմնորոշվել համաշխարհային  շուկայում` բացահայտելով հեռանկարները, գնահատել բիզնեսի  ու հասարակության համար նոր տեխնոլոգիաների առաջացման հետևանքները, հավաքագրել փորձագիտական արդյունքներ ու ռեսուրսային տվյալներ,  առաջարկել աշխարհի մասին իրենց դիտանկյունը, հեշտացնել ռազմավարական  պլանավորման գործընթացը: Հաճախորդների շարքում են  «Fortune Global 500»  ցանկում ներառված ընկերություններ, հասարակական  ու մասնավոր հիմնադրամներ, ամերիկյան ու օտարերկրյա վերազգային  կորպորացիաներ, մանր ու միջին ձեռնարկություններ, պետական կառույցներ  ու գործակալություններ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ:  XX դարի 70-ական թթ., զինվելով երկարաժամկետ հեռանկարների դիտանկյամբ
    և ստանալով ընթացիկ կողմնորոշման ու վերլուծության գործիքներ,  ուղեղային կենտրոնները կարողացան ավելի ակտիվորեն միջամտել  հանրային քաղաքականության ընթացքին. գլոբալ հայեցակարգերի ու գաղափարախոսությունների մշակումը դարձավ հասարակության զարգացման  նոր տեսակին անցման անհրաժեշտ պայման: Նրանք նախապատրաստեցին  հանրային քաղաքականության զարգացման հաջորդ, իսկապես հեղափոխական փուլը, որի էությունն ամփոփվում է հետևյալ դրույթներում.
    - Հանրային քաղաքականությունն ինքնորոշվեց որպես զուտ քաղաքացիական շահերի ոլորտ և առանձնացավ ռազմականից, վարչական-պետականից:
    - Պահպանողական հեղափոխության բովանդակությունը լիբերալիզմի ու շուկայական տնտեսության իդեալների իրականացումն է:
    - Այն դարձավ ազատական-ժողովրդավարական քաղաքական փորձի  գերիշխանության և հասարակական-տնտեսական կյանքում պետության լայն միջամտության արձագանք:
    Այս ժամանակահատվածում առաջացավ փորձագիտական կառույցների  մի նոր սերունդ, որի առանձնահատկությունը գործունեության սկզբունքների  լուրջ փոխակերպումն էր` դրանց գաղափարախոսական ուղղվածություն  հաղորդելով: Նոր սերնդի կենտրոններից էին Ժառանգության հիմնադրամը  (Heritage Foundation) և Ուրբանիստիկայի ինստիտուտը (Urban  Institute), որոնք այն առաջին կառույցներն էին, որ, ունենալով որոշակի քաղաքական,  գաղափարախոսական կողմնորոշում և հանրային դիրքորոշում,  միաժամանակ ձգտում էին ակտիվ քարոզչությամբ ազդել ընթացիկ քաղաքականության  հարցերի քննարկման վրա: Ժառանգության հիմնադրամը (1973 թ.) նշանավորել է մի ամբողջ դարաշրջան  ամերիկյան հանրային քաղաքականության ու ողջ պետության  պատմության մեջ: Այն պահպանողական, շահույթ չհետապնդող հետազոտական  ու կրթական ինստիտուտ է, որի նպատակն է ձևավորել ու տարածել  պահպանողական հանրային քաղաքականություն՝ հիմնված ազատ գործարարության, կառավարության սահմանափակ դերի, անհատական ազատության սկզբունքների, ամերիկյան ավանդական արժեքների ու ազգային պաշտպանական ուժեղ համակարգի վրա: Ինստիտուտն առաջադրում է հետևյալ  հիմնարար արժեքները` ազատություն, պատասխանատվություն,  մարդասիրություն, ընտանիք, ժառանգություն, ճշմարտություն, հավատ, հայրենասիրություն,  օրենքի իշխանություն, ինքնակառավարում, ձեռնարկատիրություն,  մրցակցություն: Դրանց հասնելու համար իրականացվում է քաղաքական  առանցքային հիմնախնդիրների հանգամանալից հետազոտություն  և առաջնային լսարանում` Կոնգրեսի, գործադիր իշխանության անդամների,  ազգային լրատվամիջոցների, ակադեմիական ու քաղաքական հանրությունների  սուբյեկտների շրջանակներում՝ տվյալ հետազոտությունների արդյունքների  արդյունավետ մարքեթինգ: Ինստիտուտը հանդես է գալիս բազմաբնույթ  հրատարակություններով (այդ թվում` նաև հոդվածներ), կազմակերպում  դասախոսություններ, գիտաժողովներ, հանրային հանդիպումներ և  այլն, ֆինանսական աջակցություն է ստանում մասնավոր անձանցից, բազմատեսակ  հիմնադրամներից ու կորպորացիաներից, բացի այդ, կատարում  է պայմանագրային աշխատանքներ, այդ թվում` պետական հաստատությունների  ու հիմնադրամների հետ:
    1970-ական թթ. հետազոտական կենտրոնները նպատակաուղղված կերպով մշակում էին ռազմավարական նախագծեր և վերջիններիս առաջքաշման  ու մարքեթինգային իրացման պլաններ: Նախագծերի առաջքաշման և  դրանց պաշտպանության համալիր բնույթն ուղեղային կենտրոնների գործունեությունը  բարձրացրեց որակական նոր մակարդակի, ինչը թույլ տվեց ուժեղացնել դրանց ազդեցությունը քաղաքականության վրա ժողովրդավարական  երկրներում: Իրոք, քառասուն տարի առաջ ուղեղային կենտրոնները չէին զբաղվում իրենց արտադրանքի մարքեթինգով. որպես կանոն, արտադրանքի  «կյանքի ուղին» ավարտվում էր հրատարակման ու հրապարակման փուլում, իսկ հետագա ճակատագիրը լիովին կախված էր ընթերցողից: Ի հավելումն դրա` ուղեղային կենտրոնների արտադրանքից օգտվողների  շրջանակը բավական նեղ էր: Այժմ ուղեղային կենտրոններն առանձնանում են իրենց քաղաքականության գրոհայնությամբ, որոնց արտադրանքի գլխավոր  հասցեատերերը մնում են բարձրաստիճան պետական գործիչները,  որոնց անհրաժեշտ է հավաստիանալ, որ արտադրանքն այն մարդկանց ձեռքերում է, ովքեր իսկապես աշխատում են տվյալ խնդրակարգի ուղղությամբ:  Ավելին, ուղեղային կենտրոնները հանդիպումներ են ունենում վերջիններիս  հետ` նպատակ ունենալով առավել հանգամանալից քննարկելու ներկայացված փաստարկների բովանդակությունը (ժամանակակից ուղեղային կենտրոնները, այդպիսով, գործածում են լոբբիի տեխնոլոգիան): «Սառը պատերազմի» ավարտը նույնպես խթանեց հետազոտական կառույցների  զարգացումը, որոնց մեծ մասի համար բնորոշ դարձավ գործունեության  միջազգային բնույթը, ինչը տարբեր պետությունների գիտնականներին  ու մասնագետներին թույլ էր տալիս արդյունավետորեն ու փոխշահավետ կերպով համագործակցել այս կամ այն նախագծի կամ ինստիտուտի շրջանակներում: Արդյունքում պարզ դարձավ, որ կորպորատիվ ձևով կազմակերպված միտքը, որն իր գաղափարներն առաջարկում է նախագծերով և պետական հաստատություններում առաջ մղում հատուկ մշակված ու իմաստավորված  տեխնոլոգիայով, առաջացնում է այնպիսի սոցիալական շարժընթաց,  որը շատ ավելի լավ է պատասխանում ժամանակի մարտահրավերներին,  քան կուսակցական համագումարները, որոնք որոշումների ընդունումը թողնում էին բյուրոկրատական ապարատին: Երրորդ սերնդի ուղեղային կենտրոնների հիմնական տարբերակիչ գիծը,  այնուամենայնիվ, ոչ այնքան իրենց արտադրանքի տարածման տեխնոլոգիան  է, որքան այն առաքելությունը, որ կատարում են քաղաքացիական և, ընդհանրապես, լայն հասարակայնության համար, հետևաբար՝ հասարակայնորեն  նշանակալի հարցերի ընտրության տեխնոլոգիան: Այդ գիծը ստացել է «շահապաշտպան» (advocacy) անունը: Այս ուղղության ուղեղային կենտրոնները  զբաղվում են քաղաքացիական հասարակության ու լայն հասարակայնության  շահերի պաշտպանությամբ քաղաքականության մյուս սուբյեկտների` պետության, քաղաքական կուսակցությունների առաջ:
    Չորրորդ սերնդի ուղեղային կենտրոններ (1980-ական թթ. – 1990-ական թթ. I կես): Եթե նախկինում ձևավորված կենտրոններն աշխատում  էին առավել ընդգրկուն, զանգվածային և հանրային նշանակության խնդիրների  լուծման ուղղությամբ, ապա այս շրջանում դրանք կենտրոնացան հիմնականում  նեղ, խիստ տեղային, քաղաքային կամ նահանգային հարցերի  քննարկման վրա: Առաջին ուղեղային կենտրոնը, որը զբաղվում էր տեղական  ինքնակառավարման մարմինների մակարդակում ազատ շուկայի զարգացման  խնդիրներով, Պիտսբուրգի Ալեգենի ինստիտուտն էր (Allegheny  Institute for Public Policy): Այսօր շատ տեղային կառավարություններ սկսել են դիմել կենտրոնական  և ոչ կենտրոնական ուղեղային կենտրոններ, այդ շարժման առաջամարտիկներին`  նպատակ ունենալով ստեղծելու համանման հաստատություններ:  Այդպիսի հաստատություններից է Նյու Յորքի Մանհեթենի ինստիտուտը  (Manhattan Institute), որը պահպանողական, չգաղափարայնացված  հետազոտական ու կրթական անկախ կազմակերպություն է: Սկզբնապես հիմնադրվել է որպես շուկայական կողմնորոշմամբ կրթական ու հետազոտական  կազմակերպություն Ուիլյամ Քեյսիի` Ռոնալդ Ռեյգանի վարչակարգի օրոք ԿՀՎ-ի ապագա տնօրենի կողմից: Նպատակն էր հանրային  քաղաքականության զարգացումն ու խրախուսումը պետական կառավարման  բոլոր մակարդակներում` անհատներին թույլ տալով լիովին օգտագործել  իրենց ներուժը որպես արտադրող տնտեսության ու գործառնող հասարակության մաս: Ինստիտուտի գործունեությունն այժմ ուղղված է գաղափարների  զարգացմանը և դրանք շրջանառության մեջ դնելուն՝ այդ նպատակով  օգտագործելով զանգվածային լրատվամիջոցների ու ազդեցիկ  մարդկանց մասնակցությամբ կազմակերպվող միջոցառումները: Թեև ինստիտուտը  հայտնի է պահպանողական հակվածությամբ, սակայն միավորում  է աջ ուղղվածության գրեթե բոլոր քաղաքական գործիչներին` շուկայական, սոցիալապես կողմնորոշված և հնաոճ արիստոկրատական պահպանողականներին, լիբերտար ուղղության կողմնակիցներին և նույնիսկ որոշ դեմոկրատների  ու լիբերալների: Ֆինանսավորման աղբյուրներն են մասնավոր  անձանց, հիմնադրամների ու կորպորացիաների նվիրատվությունները: Ինստիտուտի  կազմում են կամ նրա միջոցով գործառնում են Իրավական քաղաքականության, Քաղաքացիական նորաստեղծությունների, Կրթության ոլորտում  նորաստեղծությունների կենտրոնները, «Սիթի» ամսագիրը և «Գիրք» ծրագիրը:
    Նոր տեսակի այդպիսի ինստիտուտներն ավելի շատ գործի, քան մտքի կենտրոններ էին: Աստիճանաբար ավելի էր մեծանում այն ուղեղային կենտրոնների թիվը, որոնք ուսումնասիրում էին որոշակի թեմա: Հաճախ նման կենտրոնները միավորում էին իրենց ջանքերը խոշոր հիմնախնդրի հետազոտության համար` օգտագործելով նոր տեխնոլոգիաներ, ներառելով ԶԼՄ-ներին` ուսումնասիրությունների արդյունքների տարածման համար:
    Հինգերորդ սերնդի ուղեղային կենտրոններ (1990-ական թթ. II կես – XXI դար (մինչև մեր օրերը)): Ցանցային տեխնոլոգիաների առաջացմամբ  սկսեց ձևավորվել ուղեղային կենտրոնների նոր` հինգերորդ սերունդը: Դրանց տարբերակիչ գիծը վիրտուալ հասարակության (վիրտուալ կորպորացիաների) ցանցային տեխնոլոգիաների ու սկզբունքների լայն կիրառում  է: Այդպիսի ուղեղային կենտրոնը, որպես կանոն, ձևավորվում է` նպատակ  ունենալով կազմակերպելու «ուղեղային գրոհ» այս կամ այն գլոբալ, հասարակայնորեն նշանակալի խնդրակարգի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, վիրտուալ ուղեղային կենտրոնները զարգացել են երկու փուլով: Առաջին խումբը` «ուղեղային կենտրոններն առանց պատերի», աշխատում  է հետևյալ սկզբունքներով.
    - Արտաքին սուբյեկտներին պայմանագրային ձևով փոխանցվում են հետազոտական ու կառավարչական գործառույթներ` պահպանելով գլխամասային ոչ մեծ գրասենյակը:
    - Ցանցը ներառում է առանձին ֆինանսավորվող այնպիսի կենտրոններ, որոնք ղեկավարվում են որոշակի, հստակ մշակված ընթացակարգով: 
    - Հետազոտություններ կատարելու համար մասնավոր զբաղվածության հիմունքներով ներգրավվում են գիտնականներ:
    - Հետազոտական ծրագրերի համակարգման համար որոշ դեպքերում հրավիրվում են արտաքին փորձագետներ:
    - Օժանդակություն է ցուցաբերվում հետազոտող գիտնականների և փորձագետների միջազգային ցանցերին:
    Այսպիսով` վիրտուալ ուղեղային կենտրոնների ռեսուրսային ու մարդկային  մեծ ներուժը գտնվում է կազմակերպությունից դուրս, քանի դեռ չի  լրացել տեղեկատվական տեխնոլոգիաների կրիտիկական զանգվածը: Վիրտուալ ուղեղային կենտրոնների երկրորդ խումբը հենվում է համացանցային տեխնոլոգիաների` որպես հետազոտական ու հաղորդակցային  գործիքների օգտագործման վրա: Նրանք ստեղծում են իրենց կայքէջերը,  կրճատում են թղթային կրիչների քանակն ու վարչական անձնակազմի թիվը:  Նրանց աշխատանքում կենտրոնական տեղ են գրավում ինտերակտիվ (համագործակցային)  բանավեճերը:  Ուղեղային կենտրոնների զարգացման փուլերը ներկայացված են աղյուսակ  1-ում: