ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Եվրոպա-ճապոնական համատեղ տիեզերանավն ուղարկվել է Մերկուրի
    Եվրոպական տիեզերական գործակալության և Ճապոնիայի օդատիեզերական ուսումնասիրությունների գործակալության BepiColombo համատեղ տիեզերական առաքելությունը մեկնարկել է շաբաթ առավոտյան:Ինչպես հաղորդում է DW.com-ը, Bepicolombo-ի Ariane 5 հրթիռակիրն արձակվել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից:Մասնագետների հաշվարկների համաձայն՝ տիեզերանավը, որի երկարությունը կամզում է 6.40 մետր, իսկ քաշը՝ 4.1 տոննա, Արևին ամենամոտ գտնվող մոլորակին կհասնի 2025 թվականի դեկտեմբերին: Այնուհետև դրանից կառանձնանան 2 ինքնուրույն արբանյակ, որոնք Մերկուրին կհետազոտեն երկու տարբեր
  • Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
    Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով կիսվում են Հայաստանի
  • Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին
    Ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը վախենում էր «սուպեր մարդկանց» ի հայտ գալուց, որի պատճառ կարող է հանդիսանալ ԴՆԹ փոփոխությունը:Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ նշելով, որ մտահոգությունները Հոքինգը նկարագրել է իր վերջին աշխատություններից մեկի մեջ: Մահից առաջ բրիտանացի գիտնականը գրել էր «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» աշխատությունը, որը հրապարակվելու է հոկտեմբերի 16-ին:Աշխատության մեջ ֆիզիկոսը կիսվել է մտահոգություններով, որ ապագայում մարդիկ կկարողանան գումարի դիմաց փոփոխություններ անել ԴՆԹ-ում օրգանիզմի տարբեր որակներ բարելավելու համար:
  • «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը
    Հայաստանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի պլենար նիստով, որտեղ քննարկման հիմնական հարցերը կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ձեռքբերումները, միության տարածքում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու հեռանկարներն ու քայլերը, արտադրական կապերը խրախուսելու և ամրապնդելու ուղղությունները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին կայանալիք պլենար նիստին մասնակցելու համար հրավիրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսակա
  • Սոֆիա ռոբոտը Comedy Club-ից ավելի սուր կատակներ է անում Երևանում
    «Ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի առաջին հյուրը: Սոֆիան խոստովանել է, որ մինչ այժմ խոսում է միայն անգլերեն: Հանրահայտ ռոբոտ Սոֆյան Հոնկոնգից առաջին անգամ ցուցադրվում է Երևանում և որպես «ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովի առաջին հյուրը:Սոֆյան խոսեց գործարար համաժողովի բացմանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ջենի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:Մի շարք ելույթներից հետո, խոսքը փոխանցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Շոմբի Շարփի
  • Աշխարհում ռեկորդային թվով գործարքներ են կնքվել
    2018թ․ երկրորդ եռամսյակում աշխարհում վենչուրային կապիտալի գործարքների թիվը եռամսյակային կտրվածքով ավելացել է 17%-ով՝ ավելի քան 3,5 հազարով, իսկ գլոբալ ֆինանսավորման ծավալը հասել է 51 մլրդ դոլար ռեկորդային եռամսյակային մակարդակի: Այս մասին հայտնի է դարձել միջազգային PwC խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքում՝ գրում է psm7.com-ը: Տեղեկացվում է, որ եռամսյակային կտրվածքով միաեղջյուր ընկերությունների քանակը, որոնց կապիտալիզացիան հասել է ավելի քան 1 միլիարդ դոլարի, 12-ից հասել է 19-ի: Ասիայում նրանց թիվը 5-ից զգալիորեն աճել է 9-ի, ԱՄՆ-ում՝ 5-ից 6-ի
  • Արտասահմանյան բիզնեսը հեռանում է Ռուսաստանից
    Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կտրուկ արագացել է պատժամիջոցների սպառնալիքի, Արևմուտքի հետ շարունակվող հակամարտության և տնտեսության դանդաղումի ֆոնին՝ գրում է apsny.ge-ն: Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ երրորդ եռամսյակում մասնավոր հատվածը արտահանել է 19,2 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով արտահոսքը 48 անգամ արագացվել է և դարձել է ռեկորդային՝ 2015թ. առաջին եռամսյակից ի վեր, երբ պատժամիջոցները և նավթի գների անկումը Ռուսաստանին խեղճացած վիճակի մեջ դրեցին։«Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նման բան երբեք չի նկատվել»,- ասել է վերլուծաբան Կիրիլ Տ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հարկային հարաբերությունները Այրարատի կողմնակալություն- փոխարքայությունում

    ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
    Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարան

     
    Զաքարյանների կողմից 1190−1200-ական թվականներին Այրարատի նահանգի ազատագրումը, այնուհետև այդտեղ Այրարատի կողմնակալություն-փոխարքայության հիմնումն ու Վաչուտյաններին հանձնումը նշանակում էր նոր սոցիալ-տնտեսական և իրավական հարաբերությունների հաստատում: Երկրամասը շուրջ մեկուկես դար սելջուկյան լծի տակ հեծում էր սահմանված հարկերի ծանրությունից: Ազատագրումից հետո երկրամասում հաստատվեցին նոր իրավահարաբերություններ նաև հարկային քաղաքականության մեջ: Ինչպես նախորդ շրջանի, այնպես էլ ազատագրումից հետո առկա հարկերի մասին տվյալներ չկան: Որոշ հարկատեսակների վերաբերյալ մասնակի տեղեկություններ են պահպանվել ժամանակաշրջանի վիմագրերում: Հոդվածում քննարկվում են հարկատեսակների մասին   տեղեկությունները: 
    Հիմնաբառեր. Զաքարյան Հայաստան, Այրարատի փոխարքայություն, Զաքարե Բ, Վաչուտյաններ, Վաչե Ա, Քուրդ Ա, Մխիթար Գոշ, Փարպի, Հովհաննավանք, Օշական, Կարբի, հարկեր, հարկերի զիջում 



    Զաքարյանները, ապա նաև Վաչուտյանները, Այրարատի կողմնակալություն-փոխարքայության տարածքի բնակչության վիճակը թեթևացնելու նպատակով, որոշ չափով պակասեցրել, երբեմն էլ զիջել են գանձվող հարկերը: Նման առաջին ակտը, անշուշտ, 1191 թ. Փարպիի Ծիրանավոր եկեղեցու պատին փորագրված հրամանագիր-արձանագրությունն է. «Ի թ/ուի/ս ՈԽ /1191/: Ես` Զաքարիա ամիրսպասալար Հա/յ/ոց եւ Վրաց... առի զաշխարհս ի տաճկաց եւ ազատ արարի զՓարպո իրիցանիս յամենայն հարկէ»:
    Սելջուկ-թուրքերից երկրամասն ազատագրելուց հետո Զաքարե Բ ամիրսպասալարն անմիջապես Փարպիի իրիցանին ազատել է յամենայն հարկէ: Փարպի գյուղում վանական երեք կառույցների մնացորդները թույլ են տալիս նկատել, որ այդտեղ երեցների, քահանաների թիվն այնքան էլ փոքր չի եղել, և որ նրանք գյուղում, ինչպես նաև շրջակայքում ունեցել են այգիներ, բանջարանոցներ, հասութաբեր հաստատություններ, որոնք նույնպես քաղաքական անբարենպաստ ժամանակներում հարկադրվել էին նվաճողների կողմից, և ահա Զաքարե Բ-ն եկեղեցու սպասավորներին բոլոր կարգի հարկերից ազատել է:
    Թշնամու կողմից երկրամասի բնակչության կեղեքումը պատկերավոր «ի ծանր լծո» բառերով է ներկայացնում Զաքարե Բ ամիրսպասալարը Հովհաննավանքի 1200 թ. արձանագրության մեջ: Նրա հրամանով փորագրվել է. «…եւ ի թուականութեան...ՈԽԹ /1200/: Մե/ն/ք` եղբարքս հարազատք` Զաքարիա եւ Իւանէ, որդիք մեծին Սարգսի, որդո աւագ Զաքարիաի, յորժամ ծագեաց լոյս շնորհացն Ա/ստուծո/յ եւ այց արար աշխարհիս Հա/յ/ոց և /զ/աւրացոյց զտկարութի/ւն/ս մեր ի մարտ պատերազմի ընդդեմ թշնամեաց խաչին Ք/րիստոս/ի, եւ ելոյծ զզաւրութի/ւն/ նոցա եւ զվաղընջուց բռնութի/ւ/նն, եւ ազատեցաւ երկիրս Ա/յ/րարատու ի ծանր լծո ծառա/յ/ութե/ան/ նոցա, կամեցաք սակաւ ինչ նշան ընծա/յ/ից եւ տուրք շնորհի տուաք ի Ս/ուր/բ Կարապետս` ի վանս Յովհաննու եւ տուաք զգեղն Որդկան եւ զՏաճկամարգ, եւ ազատեցաք զամենայն հայրենիք ուր եւ իցէ ի գաւառիս` էթե այգի, էթե հող սոցա»: Զաքարե Բ-ն, Հովհաննավանքին տված ընծաների` երկու գյուղերի հետ միասին, հարկերից ազատել է գավառի տարբեր մասերում գտնվող եկեղեցու բոլոր կալվածքները: 1200-ական թվականների սկզբին Զաքարե Բ-ն մի արձանագրությունարտոնագիր էլ փորագրել է Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային, ձորահայաց պատին, բարձրուստ: Արձանագրության կարևորությունից ելնելով` մեջ ենք բերում ամբողջությամբ. «Ես` ամիրսպասալար Զաքարիա և Իւանէ... առաք զերկիրս Հայոց... եւ տուաք ի սուրբ ուխտիս զԽոճկոր` իւր ջրովն եւ հանդովն եւ լերամբ, եւ դաշտուն, եւ վերստին դարձուցաք ի ս/ուր/բ եկեղեցիս եւ աղբիւրն Աւանա: Եւ զինչ հայրէնիք կա գաւառիս ազատ յամենայն յարկէ եւ հաստատեցաք հայրենիք սմա եւ հոգեւոր զաւակացս, որ առ յաւիտեան»:
    Արձանագրության մեզ հետաքրքրող բաժինը կազմված է երեք իրավական-արտոնագրային հասկացություններից.
    1. Նվիրատվություն. Զաքարյանները Սուրբ Ստեփանոսին են նվիրել Խոճկոր բնակավայրը` իր դաշտով, սարով ու ջրով:
    2. Վերադարձ. Սուրբ Ստեփանոսին են վերադարձրել Ավանի աղբյուրների ջուրը:
    3. Հարկային. Սուրբ Ստեփանոսի բոլոր նախկին ունեցած հողային կալվածքները վերահաստատվել են ու ազատվել հարկերից:
    1214−1218 թվականների ընթացքում նույն Կոշ գյուղում Իվանե Ա Զաքարյանը եկեղեցի է կառուցել և հարավային պատի արևելյան անկյունում վրացերեն արձանագրություն փորագրել: Սա արտոնագիր է. դրանով Իվանե Ա-ն թեթևացրել է որոշ հարկեր: Ահա արձանագրության այդ մասը. «…. թողինք ձեր` կոշեցիների վերին /հանդա/սահմանի շարիաթը, և վարի /հանդա/սահմանից` միայն ցորենի ղալայից է ազատված կոշեցի մարդը: Եվ դուք սահմանեցիք, որ մեկ արոր ձեր եզով ու իր սարքով մշտապես մեզ համար լինի»:
    Այրարատի փոխարքայության հայրենի /սեփական/ տիրույթներում տարբեր ժամանակներում հարկային զիջումներ են արել նաև Վաչուտյանները: Կարբի գյուղի դիմաց` ձորի մյուս ափին գտնվող բերդում, փոխարքայի պաշտոնը ստանձնելու առթիվ, Քուրդ Ա Վաչուտյանը կնոջ` Խորիշահի հետ 1235-ին խաչքար է կանգնեցրել, որի պատվանդանին արձանագրել է. «.... ի թուի/ն/ ՈՁԴ /1235/, յիշխանութե/ան/ Շահնշահի, որդո Զաքարիաի, ես` Քուրդ, Վաչէ/ի որդի/ եւ ամուսին իմ Խորիշահ … շարետ առա … վասն փրկութե/ան/ հոգոց մեր/ոց/ եւ վասն կենաց որդոց մեր»:
    Կարբիի հաղթակամար-զանգակատան հարավային պատին, արտաքուստ, 1343-ին փորագրվել է Վաչուտյան տոհմի վերջին իշխանաց իշխան Թեոյդոս Չրքինի հրամանագիրը, որ խիստ կարևոր է ինչպես փորագրվելու շարժառիթի, այնպես էլ այդ ժամանակաշրջանի հարկային քաղաքականության ուսումնասիրության առումով: Արտոնագիր-հրամանագիրը հայտնում է. «Ես` Չրքինս, որդի Քրդին, տէր Անբերդո գաւառի անիրաւունք տէսա, որ զճանապարհորդի ձիաւլախ տաին: Մե/ն/ք զայս արձան գրեցաք, որ այլ ի Կարբի ճանպորդի ձիաւլախ չտան: ... Թվ/ին/ ՉՂԲ /1343/» : Ձիաւլախը մոնղոլական շրջանի հարկային պարտույթ էր, որն արտահայտել է մոնղոլական սուրհանդակներին, հարկահավաքներին, արտոնյալ վաճառականներին ձիերով, պարենամթերքով, օթևանով, ճանապարհի պաշարով ապահովելը: Հայկական վիմագիր արձանագրություններում և մատենագրության մեջ հարկային այս պարտույթի հիշատակությունն առաջին և միակ դեպքն է: Արտոնագրի` Կարբիում փորագրվելու հանգամանքը հուշում է, որ այն, լինելով Արարատյան դաշտ-Վրաստան առևտրատնտեսական ամենակարևոր ճանապարհի վրա, միաժամանակ կատարել է փոստակայանի դեր: Եվ Թեոյդոս Չրքին 1343 թ. արտոնագրով վերացրել է իլխանության` արդեն հարյուրամյակից ավելի ժամանակաշրջանում գործող պարտույթը: Այս փաստը գալիս է հաստատելու նաև, որ իլխանության կենտրոնական իշխանությունը 14-րդ դարի կեսերին այն աստիճան էր սպառել իրեն, որ ծայրամասերում արդեն ոչ միայն չէին կատարում պետական հրամանները, այլև դրանք ուղղակի վերացնում էին: Ամենայն հավանականությամբ, Վաչուտյանների կողմնակալություն-փոխարքայության տարածքում միայն Կարբիում չէ, որ եղել են փոստակայաններ: Եվ Թեոյդոս Չրքինի հրամանը հավասարապես վերաբերել է իրեն ենթակա ամբողջ տարածքին: Զաքարյան Հայաստանում գյուղացիությունն ամրացվեց հողին և հողի հետ միասին դարձավ հողատեր-իշխան-ֆեոդալի սեփականությունը: Սոցիալ-իրավական այս ինստիտուտը թեև բնորոշ է ճորտատիրությանը, սակայն, ինչպես իրավացիորեն նշել է պատմաբան Գ.Գրիգորյանը, 13-14-րդ դարերում Հայաստանում հաստատված կացութաձևն իր առանձնահատկություններով տարբերվել է դասական ճորտատիրական կարգից: Տիրող ձևը եղել է ճորտ-ծառաների ինստիտուտը, որը հարատևել է նաև հետագա դարերում:
    Հովհաննավանքի 1200 թ. արտոնագրով Զաքարե Բ-ն եկեղեցուն է նվիրել Որդկան և Տաճկամարգ գյուղերը: Պետք է հասկանալ, որ այդ գյուղերը Հովհաննավանքին են նվիրվել իրենց բնակչությամբ, եկամտով, հասույթի հարկի, պարտույթի ամբողջ իրավունքով: 1283 թ. Հասան Վաչուտյանի անունից փորագրված կտակ-արձանագրությունից պարզ է դառնում, որ     «.... եւ զՈրդկան, որ սեփական հայրէնիք էր էկեղէցոյս, եւ ի դառն բերմանց ժամանակաց էլել էր ի վանացս, բազում աշխատութ/եամ/բ եւ յոլով ծախիւք դարձուցաք ի ս/ուր/բ ուխտս» 10: Այս նույն արձանագրությամբ Հասանի եղբայր Դավիթ Բ-ն, որ առաջինի կտակով դարձել էր իշխանության ահակալ, Հովհաննավանքին Հասանի և իր անունից նվիրել է «զմեր գանձագին գեղն զՎարհամագեղ և զՂամազանցն իրենց ամէն հողով ու ջրով և բնորդի մարդկաւք»: Այս դեպքում նաև շեշտվել է, որ գյուղերը նվիրաբերվել են իրենց բնակիչներով հանդերձ: Երբեմն նվիրաբերված գյուղերը դուրս էին գալիս նվերն ստացողի իշխանությունից, նույնիսկ խլվում էին գերագույն իշխանության ներկայացուցիչների, նրանց ժառանգների կողմից: Սաղմոսավանքի 1215 թ. շինարարական արձանագրության մեջ Վաչե Ա-ն հայտնել է, որ «ողորմածութեամբ պատրոնին տվաք զգեղն Աղկունծ ի ս/ուր/բ Սիոն Սաղմոսավանացս»: Սակայն տարիներ հետո եկեղեցու իրավասությունից այն անցել է գերագույն իշխանավոր Շահնշահ Ա-ի որդի Իվանե Բ-ին: Եվ 1261-62 թվականներին փորագրված Վաչե Բ-ի կտակ-արձանագրությունից պարզվում է, որ Վաչե Ա-ի «ողորմածութեամբ պատրոնին» նախադասությունը բնավ էլ պատրոնի «ողորմածութեամբ» /թույլտվությամբ/ իմաստ չի արտահայտում, այլ նշանակում է պատրոնից գնված, ասել է թե` Վաչե Ա-ն Աղկունծ գյուղը Զաքարե     Բ-ից կամ նրա հաջորդներից /1215-ին Զաքարե Բ-ն արդեն մեռած էր/ գնել և նվիրել է Սաղմոսավանքին: Ահա այդ փաստը հաստատող Վաչե Բ-ի արձանագրության համապատասխան հատվածը. «....եւ գնեցին յընչից իմոց ԺՌ /10.000/ սպիտակի զԱղկունծ յԻվանէէ, յորդո Շահնշահի... զոր յառաջ պապն իմ Վաչէ գնել էր ի մեծ սպարապետէ Զաքարէէ եւ գրել ի դուռն եկեղեցւոյս, զոր խափանել էր ի չար պատահմանց ելել ի վերա աշխարհիս»: Այսպիսով` Զաքարե Բ-ից գնած և Սաղմոսավանքին նվիրված Աղկունծ գյուղը հարկ է լինում դարձյալ 10.000 սպիտակով /արծաթով/ գնել Զաքարե Բ-ի թոռ Իվանե Բ-ից, որը, ամենայն հավանականությամբ, օգտվելով երկրում տիրող խառնակ իրավիճակից, կրկին տիրել էր Աղկունծին: Հատկանշական է, որ Վաչե Բ-ի կտակ-արձանագրությամբ Սաղմոսավանքին տրվել է նաև «զըտունն Տորոզոնոնց ի Կարբի իւր հայրենիքն` ետուն յիմ քնարանս»: Այս դեպքում արդեն ոչ թե ամբողջ գյուղ է նվիրաբերվել եկեղեցուն, այլ Կարբիի բնակիչ Տորոզոնոնց գերդաստանն իր հայրենիքով, այսինքն` ամբողջ ունեցվածքով հանդերձ:
    1244 թ. կառուցելով Աստվածընկալի Կաթողիկե եկեղեցին` Քուրդ Ա Վաչուտյանը և Խորիշահ իշխանուհին այլևայլ նվերների թվում եկեղեցուն տվել են նաև «:Ա: շինական, :Գ: ողջատուն»: Մեկ շինականի նվիրատվությունը հասկանալի է, իսկ ինչ է նշանակում 3 ողջատունը: Վիմագրագետ Ս. Ավագյանը վիմագրական տվյալների համադությամբ պարզել է, որ ինչպես ողջատունը, այնպես էլ այլուր հիշատակվող «շինակնատունը», «լմնածուխը» նշանակում են ճորտ շինականի տուն, գերդաստան:
    1300 թ. Հոնայի որդի հեճուպ Դավիթը Հովհաննավանքին տված նվերների թվում ավելացրել է նաև «շինական ի շինութի/ւն/ Ձորի գեղին, զԱւետիս` մականուն Կոնկիկ»: Ավետիսի նվիրատվությունը, փաստորեն, կատարվել է նույն տարիներին` Քասաղի ձորում շինարարությանը, եկեղեցու, բնակելի խցերի կառուցմանը մասնակցելու համար:
    13-րդ դարի կեսերին, բոլոր դեպքերում, մինչև Հովհաննավանքի գավթի կառուցումը /մինչև 1247-1248 թվականները/, Կաթողիկե եկեղեցու ներսում, հյուսիսային պատին փորագրվել է. «.... ես` Մարուկս եւ Մխիթարիչս տուաք զմեր Կովաղագին եւ զԲշտունց տներն ի ս/ուր/բս»: Մարուկն ու Մխիթարիչը Հովհաննավանքին նվիրել են երկու տուն, սակայն դժվար է պնդել` բնակիչներով հանդերձ, թե առանց բնակիչների:
    Այրարատի կողմնակալություն-փոխարքայության տարածքում, ինչպես ամբողջ Զաքարյան Հայաստանում բնակչությունը, անձնական իրավունքների սահմանափակմանը զուգահեռ, տնտեսական շահագործման էր ենթարկվում: Բավական է դիտարկել Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» երկրորդ մասի առաջին հատվածը` համոզվելու համար, թե բնակչության շահագործումն ինչ չափերի էր հասել, և օրենսդիրն ինչպես է փորձել որոշակիորեն կարգավորել տեր և ծառա, շահագործող և շահագործվող դասակարգերի իրավահարաբերությունները: Նա գրել է. «Զանդաստանացն զհինգերորդ մասն առցեն, որպէս Յովսեփ աւրինադրեաց յԵգիպտոս … Սոյնպէս եւ այժմ լիցի, զի արծաթագին անդաստան, եւ այգեստան, եւ բուրաստան մի լիցին ընդ հարկաւ հնգեկին, նմանապէս` ջրաղաց եւ տուն: Այլ թէ բնակիչքն ընդ արուեստի եւ կամ ընդ վաճառի հարկիցեն, զի ոչ է հարկ գլխոյ քրիստոնէից, բայց այլազգեաց, յորժամ բռնի ընդ հարկաւ արեսցեն: Բայց անդաստանք ջրարբիք լիցին ընդ հնգեկաւ, այլ ոստինք` տասանորդեսցին, զի հող միայն է իշխանի եւ թագաւորի եւ ոչ ջուր: Սոյնպէս` ոստինք, այգիք եւ ծառաստանք: Այսպէս եւ յաւուրս շաբաթի յեւթնէն մին գործիցէ իշխանի եւ տէրունի, այլ աւելի աշխատելն զձեռամբ անկեալն անիրաւութիւն մեծ է: Եզին առանձինն այլ հարկ մի լիցի, զի այն իսկ է, զոր աշխատեալ
    հնգեկի:  Կովու լիտր եղն միայն լիցի: Արաւտի հարկ այլ մի լիցի, զի այն իսկ են արաւտականք, որ հարկին:
    Ոչխարք ի գառինսն տասանորդեսցին. թէ հաճոյ իցէ տէրունեանցն` ընդ ոչխարի փոխանակիցէ ըստ արժանաւոյն: Ձիոյ, եւ ջորւոյ, եւ իշոյ մի լիցի հարկ, զի նոքաւք բազում անգամ ծառայէ զտէրունիսն»:
    Վերը բերված ընդարձակ հատվածից հետևում է, որ օրենսդիրը տերերին պարտավորեցրել է ջրովի, բարեբեր հողերի պարագայում գանձել գյուղացու եկամտի մեկ հինգերորդը, իսկ անջրդի հողերի դեպքում` մեկ տասներորդը, յուրաքանչյուր կովի համար ստանալ մեկ լիտր յուղ, տասը ոչխարից վերցնել մեկը: Միաժամանակ սահմանում է, որ գյուղացին իր բանող անասուններով արքունիքի /զտէրունիսն/ և անմիջական տիրոջ օգտին աշխատի մեկ օր: Մխիթար Գոշի հիշատակած լիտրն այժմյան կշռով պետք է հաշվել 408 գրամ: Վիմագրական ու մատենագրական տվյալներով` գյուղացին վճարել է շարիատ /լայն առումով` հողային տուրք, ֆեոդալին բնարդյունքով վճարված տուրք, նեղ առումով` հացահատիկից բնարդյունքով վճարվելիք բերքի 1/10 մասը/, խալա /այգեգործությունից բնարդյունքով վճարված տուրք/, բեկար /Զաքարյաններին տրվող եկամտահարկ/ և այլն: Զաքարյանների արքունիքի և տեղական իշխանների կողմից հովանավորվող վանքերն ու եկեղեցիները դարձել են ժամանակի խոշոր հողատերեր` ստանալով այն բոլոր հարկերն ու տուրքերը, ինչ` աշխարհիկ տերերը: Այրարատի փոխարքայության տարածքում կիրառվող հարկերի չափերի մասին Զաքարյան պետության շրջանից հիշատակություններ չունենք: Փորձենք այլ ժամանակահատվածի տվյալներով պարզել հարկային քաղաքականության բովանդակությունը: 1026-ին Անբերդի եկեղեցու բարավորին Վահրամ Պահլավունու փորագրած հրամանագրով սահմանվել են նորահաստատ եպիսկոպոսական աթոռի հասույթները Նիգ-Արագածոտնից, որ գրեթե ամբողջությամբ համապատասխանում էր Վաչուտյանների հայրենի /սեփական/ իշխանության տարածքին: Արձանագրությունը մեջ ենք բերում ամբողջությամբ. «Յամին ՆՀԵ /1026/: Ես` իշխանս Վահրամ, շինեցի զԿաթողիկես աթոռ հա/յ/րապետական եւ սահմանեցի պտուղ Նիգի տունն :Բ: կապիճ ցորեան, յԱրագածոտնե յէգին :Բ: փասգի, ի Քաղքոդաշտի բաբակն :Ժ: լիտր: Յէրէցն :Ա: դահեկան յիւրո և ի կնոչէ, :Գ: դահեկան հողադրամ, ձեռնադրել է :Դ: ՅԱնբերդի պտուղ տունն :Դ: կապիճ ցորեան, :Ա: կտաւահատ: Այլ տւաք զջաղացն վերա կարմնճին: Ի պսակի :Գ: դահեկան, հողադրամ, կնքադրամ, տնաւրհնեք»: Այստեղ հականե-հանվանե թվարկվել են ժամանակի գրեթե բոլոր պարտույթները, միաժամանակ նշվել են եպիսկոպոսական թեմին տրվելիք հարկերի չափերը: Լեռնային Նիգ գավառը հիմնականում արտադրել է ցորեն և գյուղատնտեսական կենդանիներ, և, ըստ դրա, գավառի բնակիչների պարտույթը նշանակվել է երկու կապիճ ցորեն: Վաղ և քննարկվող ժամանակաշրջանի այլ վկայություններ չկան, բայց այդ փաստը հաստատող ուշ շրջանի վկայություններ կան: 1598 թ. Հանես քարագործը Ապարանի ջրամբարի տակ մնացած բնակավայրում պատրաստել է Գրիգորի տապանաքարը, որի արևելյան լանջին պատկերված է մի զույգ լծկան եզներով գութան, որի հետևից քայլում են երկու հողագործ22: Նույն քարագործ վարպետը նմանօրինակ աշխատանքային տեսարանով մի տապանաքար էլ պատրաստել է այդտեղից ոչ հեռու գտնվող Երնջատափ գյուղում: Բնակատեղին մոտ գտնվող Զովունի գյուղի հին գերեզմանատանը մի տապանաքարի հարավային կողմում պահպանվել է հետևյալ տապանագիրը. «Այս է տապան առն քաջի եւ բազմաջան հողագործի, որ անուամբ Վարդանն ասի: Թվ/ին/ ՌՃԼ /1681/»: Այս արձանագրությունից երևում է, որ, քաջակորով տղամարդ լինելուց բացի, Վարդանը նաև բազմաջան հողագործ է եղել: Պետք է նշել նաև, որ առայժմ հրատարակված ավելի քան տասը հազար հայերեն վիմագիր արձանագրություններից սա միակն է, որտեղ օգտագործված է հողագործ բառը: Նույնպիսի լեռնային տարածք, բայց ավելի բարեխառն կլիմա ունեցող Անբերդը վճարելու էր արդեն չորս կապիճ ցորեն և մեկ կապիճ կտավատ:  Հայկական չափագիտության մասնագետ Ռ.Վարդանյանը պարզել է, որ միջնադարից վկայված կապիճ չափակշռային միավորը, որ նույնական է օտար աղբյուրների փոքր կապիճի հետ, հավասար է նաև գրիվին կամ մոդին, այսինքն` համապատասխանել է 8,976 կգ-ին կամ 9,872 կգ-ին: Այսպիսով` Նիգ գավառի յուրաքանչյուր տուն ցորենի պտղի է տվել 2x8,976=17,972 կգ կամ 2x9,872=19,744 կգ, իսկ Անբերդի յուրաքանչյուր տունը ցորենի պտղի տվել է 4x8,976=35,97 կգ կամ 4x9,872=39,888 կգ:
    Արագածոտնի դաշտային մասի համար, որ ձգվում է ներկայիս Աշտարակից մինչև մի կողմից Վաղարշապատով դեպի Արաքս, իսկ մյուս կողմից մինչև Թալինի սահմանը, հիմնական պարտույթը սահմանվել է յուրաքանչյուր այգուց երկու փաս գինի: Փաս միավորի չափի որոշման համար ելակետային է Եսայի Նչեցու հետևյալ տեղեկությունը. «Ձէթ որ տան պտուղ քահանայիցն քսեստ մի, որ լինի ի սափորէն, որ է փաս մի, ի տասնէն մինն»: Այստեղից հետևում է, որ փասը հավասար է մեկ սափորի, որի մեծությունը 10 քսեստ է: Եվ քանի որ քսեստի մոտավոր չափը 532-652 գրամ է, ապա փաս սափորի կշիռն էլ, համապատասխանաբար, կլինի 5,32-6,52 կիլոգրամ: Փաստորեն, Արագածոտնի յուրաքանչյուր այգուց եկեղեցական թեմին պարտույթ է հասել 2 փաս` մոտ 12-13 լիտր գինի:
    Արձանագրության Քաղքոդաշտը ներկայիս Վաղարշապատն է իր շրջակայքով: Արագածոտնի այն հատվածը, որ սահմանակցել է Վաղարշապատին, պարտավոր էր վճարել իր հիմնական արտադրանքը` տունը 10 լիտր բամբակ: Արձանագրության մեջ հիշված եկեղեցական արարողությունների համար սահմանված այլ վճարումները /պտուղ, հողադրամ, կնքադրամ, ձեռնադրել, տնօրհնեք, պսակ / շուրջ երկու հարյուրամյակ հետո փոխանցվել են Զաքարյան Հայաստանի հարկային համակարգ, իսկ դրանից հետո գոյատևել հետագա դարերում ևս:
    Ահա մի օրինակ: Վաչուտյանների Այրարատյան կողմնակալությունփոխարքայության տարածքում գտնվող Աշտարակում, Կարմրավոր եկեղեցու պարսպի հարավային մուտքի բարավորին 1325 թ. փորագրվել է շինարարական-նվիրատվական արձանագրություն, որում հանդիպում է նույն փաս կամ փաս գինի արտահայտությունը` որպես եկեղեցու հաղորդության համար տրված պարտույթ: «.... ողորմութեամբ պարոն Աղբուղային եւ Սիթի խաթունին, ես` Ասնաւորս եւ Ղուտուլչաքս... շինեցաք զպարիսպս, զշրջայմաղն եւ զդուրն յիշատակ մեզ եւ զաւակի մեր Զաքարի եւ տվի տարէնն :Ժ: փաս գինի ի Թամիրայ այգոյն… Թվ/ին/ ՉՀԴ /1325/» 26 : Ասնավորը և Ղուտալչաքը նախատեսել են Կարմրավոր եկեղեցուն տարեկան հանձնել 10 փաս, այսինքն` 54-66 լիտր գինի: Ասնավորի և Ղուտալչաքի արձանագրության մեջ հիշված Թամիր բնակատեղին Տեղերից ոչ հեռու, Արագածի փեշին ընկած պատմական Թամիր գյուղատեղն է /ուշ շրջանում` Աղթամիր/, ներկայիս Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերի տարածքը: Թամիրը հիշվել է նաև Տեղերի եկեղեցում 13-րդ դարի կեսերին փորագրված Խնծորիկի նվիրատվական արձանագրության մեջ. «ՈՁԲ /1233/: Ես` Խնծորիկս միաբանեցա Ս/ուր/բ ուխտիս Տեղերու եւ ետու յառաջ զիմ այգին ի Թամիր, եւ յետ իմ մահուան այլ զինչ լինի»27, ինչպես նաև Բագնայրի դարձյալ 13-րդ դարի մի նվիրատվական արձանագրությունում. «Ես` Ավետիս եւ Հազարդեղս տուաք… այգին ի Թամիր…»:
    Վաչուտյանների փոխարքայությունում պահպանված արձանագրություններում հիշվում են նաև այլ հարկատեսակներ: Աշտարակի Մարինե եկեղեցու պատին 1323 թ. փորագրվել է Զաքարյան Աղբուղա Գ-ի կին Սիթի խաթունի հրամանագիրը, որի համաձայն «ետու ի սուրբ Մարիանէի միաբանացտունն զՓարպոյ հողին կէսն, որ Այծամանց երկիրն, որ զկէսն Ակոբ` Ապլղարիփի որդին գնել էր ի Թուրանէն, ի Խոսրովէն, ու սուրբ Մարիանէիս տվել, որ զ :Ա: էլ կէսն ես տվի ու ի յամենայն հարկէ ազատեցի: Չունի ոչ ով դաւի` ոչ չարի, ոչ շարիատի, ոչ էլ մեծ կամ փոքր խարճով զմեր հաստատ յիշատակս խաբանել ջանայ… Ի թվ/ին/ ՉՀԲ /1323/»: Այս արձանագրության մեջ հիշատակված շարիատ հարկը, արդեն գիտենք` կամ հողային տուրք է, կամ հացահատիկից բնարդյունքով վճարվելիք տուրք, իսկ մեծ կամ փոքր խարճը, կորցնելով նախկինում ունեցած գլխահարկ նշանակությունը, մոնղոլական շրջանում ըմբռնվել է որպես հողային հիմնական հարկատեսակ: Փարպին բարեբեր հողերով ու այգիներով հարուստ բնակավայր էր նաև միջնադարում: Այրարատի առաջին փոխարքա Վաչե Ա Վաչուտյանը 1221 թ. Հառիճի վանքին մի այգի է նվիրել Փարպի գյուղում30, նրա որդի Քուրդ Ա Վաչուտյանը 1244-ին Աստվածընկալի Կաթողիկե եկեղեցուն մեկ այլ այգի է նվիրել նույն Փարպի գյուղում: Հոռոմոսի եկեղեցուն Փարպի գյուղի հյուրատան մոտ գտնվող մեկ այգի 1174 թ. նվիրել են Պետրոս երեցն ու իր եղբորորդիներ Ազատը, Յուսիկը և Սիմոնը, մեկ մեծ այգի` անթվակիր արձանագրությամբ` Սարգիս կրոնավորը: Հոռոմոսի անթվակիր ևս մեկ արձանագրությամբ` նույն գյուղի անորոշ հատվածից այգի է նվիրել Բարդուղիմեոս աբեղան: 1271 թ. Կոշի մոտ գտնվող Պետրոս Ականատեսի խաչքարի հարավային պատին փորագրվել է Ուքանի արձանագրությունը, իսկ նույն խաչքարի հյուսիսային կողին` վերը հիշված Աղբուղա Գ-ի բավականին եղծված արձանագրությունը, որոնցով յուրաքանչյուրի հեղինակն արտոնել է որոշակի հարկերի վերացման կամ, գուցե, ժամանակավոր վերացման մասին: Ուքանը զիջել է շահնահակը, Աղբուղա Բ-ն` թողի … հորահակ կտաւն: Պատմաբան Գ. Կարախանյանը շահնահակը համարել է այգիներից և ջուլհակից գանձվող հարկ: Սակայն նրա եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը: Շահնահակն առաջացել է շահնայի` հարկահավաք պաշտոնյայի` ոստիկանի պաշտոնի անվանումից և գանձվում էր այդ պաշտոնյայի օգտին /հիշվել է նաև Քանաքեռի Պետևանի խաչքարի 1266 թ. և Հռիփսիմեի տաճարի 1296 թ. արձանագրություններում/: Հորահակ կտաւն հարկատեսակը Գ. Կարախանյանի կողմից ճիշտ է մեկնաբանվել և իրոք համապատասխանել է կտավագործից գանձվող հարկին: 1352 թ. Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցու ներսում, արևելյան պատին փորագրվել է հետևյալ արձանագրությունը. «Թվ/ին/ ՊԱ /1352/... մե/ն/ք` Յոհանայվանից միյաբանքս, տ/է/ր Անդրէաս, հայր Աբրայհամ, Դաէս, Յովէլ, Կարապետ, այլ միաբանքս տվաք ձիթայհանից հակէ կէս լիտր ձէթ ս/ուր/բ Կարապետիս, :Ա: լիտր հասարակաց»: Այս արձանագրությունից պարզվում է, որ միջնադարյան Հայաստանում գոյություն է ունեցել նաև ձիթհանքի հարկ, որ այլուր չի հաստատված: Այդ հարկի վճարման սկզբունքն այնքան էլ պարզ չէ, քանի որ ձիթհանքի հարկից կես լիտր տրվել է եկեղեցուն և մեկ լիտր` հասարակաց /գյուղի բնակիչներին/:
    Մեր կարծիքով ձիթհանքի հարկին է վերաբերում նաև Կարբիի հաղթակամար-եկեղեցու հարավային պատին 1338 թ-ից հետո փորագրված արձանագրությունը. «Կամաւն Ա/ստուծո/յ, ես` Երանաւս, Կարբոյ տանուտէրս շինեցի ձիթահան եւ ետու ս/ուր/բ Աստուածածնիս յամէն դրքէս չարէք ձէթ»: Միջնադարյան ձիթհանը կարող էր մի քանի դիրքից լինել: Դիրքն այն տեղն էր, որտեղ տեղավորված էր ձիթահատիկները ճզմելու և ձեթը քամելու հարմարանքը, մամլիչը: Երանոսի արձանագրությունից պետք է հասկանալ, որ նա եկեղեցուն ամեն դիրքից որպես հասույթ տվել է չարեք ձեթ: «Չարեքը» փոխառնվել է պարսկերենից և, ըստ «Վաստակոց գրքի», նշանակում է քառորդ, մի բաժին ի չորից36: Հեղուկների դեպքում մեկ չարեքը նշանակում է չափի որոշ միավորի` դույլի մեկ քառորդը: Չարեքը օգտագործվել է նաև որպես ընդեղեն բույսերի չափի միավոր, բայց այս դեպքում հավաստի է, որ Երանոսը Սուրբ Աստվածածնին տվել է ձիթհանքի յուրաքանչյուր դիրքի հանույթի մեկ չարեքը` մեկ քառորդ դույլ ձեթ: Վաչուտյանների փոխարքայությունում գտնվող Օշական գյուղի եկեղեցում Յով.Շահխաթունեանցն անցյալ դարի 30-ական թվականների վերջին ընդօրինակել է մի քանի արձանագրություն, որոնք այժմ ծածկված են ծեփով: 1286 թ. պարոն Սահմադինի ողորմածությամբ /համաձայնությամբ/ Ստեփանոս ձեռնավորը և Վահրամ Քեթոբարը «թողաք զյՕշականու քահանայից զինչ որ հարկ կայր այգւոյ, բամբակի»: 1288-ին նույն Սահմադինի և իր որդիների` Ամիրբեկի և Հազարբեկի օրոք «.... ես` Գէշ մարդս էյի ամիրայ եւ Հաւիկս ձեռնաւոր` թողաք զՍ/ուր/բ Կարապետին այգեացն զյՕշականու, զՄիրինու զձեռնաւորին զյարկն` զինչ որ կայր» 38 /փաստորեն, Գեշմարդ ամիրան և Հավիկը, Օշականի ու Մրանա այգիներից իրենց օգտին սահմանված ձեռնավորի հարկը թողել են Սուրբ Կարապետին` Հովհաննավանքին/: Ավելի քանմեկ տասնամյակ անց` 1295 թ-ին, նույն պարոն Սահմադինի որդի Ամիրբեկի որդի Բէսութայը «թողի զյՕշականու զղեսարայ զհարկն, զգեղիս և զվանորայից»: Վերը դիտարկված օրինակներում Վաչուտյանների փոխարքայությունում հիշատակվեցին Զաքարյան Հայաստանի և մոնղոլական տիրապետության շրջանի հարկային ինստիտուտները` շարիատ, ղալա, փասգինի, խարճ, ձիաւլախ, ձեռնավորի հարկ, շահնահակ, հորահակ կտաւն, ձիթհանքի հարկ, կոռ: Ինչ խոսք, շրջանառության մեջ էին նաև ավելի վաղ ժամանակներից հիշված այնպիսի հարկային ձևեր, ինչպես կապիճը, հողադրամը, կնքադրամը, ձեռնադրելու, տնօրհնեքի, պսակի դրամը և այլն: Թվարկված հարկերին զուգահեռ, պետք է նկատի ունենալ և այն հարկերը, որոնք թեև այստեղ չեն հիշված, բայց այդ ժամանակ շրջանառության մեջ էին Հայաստանում և Այրարատի կողմնակալություն-փոխարքայության հարևան գավառներում: Սահիբ Դիվանի և Խոշաքի որդի, աթաբեկ Ավագ Զաքարյանի թոռ Զաքարե Դ-ն Բջնիի եկեղեցու պատին 1325-ին փորագրած արձանագրությամբ իր տիրույթների բնակիչներին ազատել է որոշ հարկերից և արտոնել. «Ես` Զաքարէ… ի վեր կալայ որ Բջնի այլ մարդոյ տիրութիւն չէլնի եւ թողի զամէն հարկ` զամիրայհակն, զհարսանէհակ, զկովայհամարն, զկալայթաղարն, զսայլին սպիտակն, զմահկանէն…»: Այս նույն Զաքարե Դ-ն և իր մայր Խոշաքը 1291 թ. Գառնիի հեթանոսական տաճարի մուտքի պարակալին փորագրված արտոնագրով հայտնել են. «Գիր տուաք Գառնո մեր սեփական հայրենացն, որ եզն :ԺԱ: սպիտակ շարիատ էր եւ :Ի: ոչխարն :Ա: բալախահակ, եւ մե/ն/ք վերուցաք զայս հարկ, ազատեցաք զեզն եւ զոչխար յամենայն հարկաց»: Անիի Առաքելոց վանքի գավթում Աղբուղա Բ Զաքարյանը 1301 թ. արտոնագրել է. «Ես` Աղբուղայս … թողի զեզինն հազրն, զկովին համբրելէն, զոչխարին աղլհակն»: 1296 թ. Հռիփսիմեի տաճարի հարավային ավանդատան պատին փորագրված արտոնագրով տեղի իշխանավորների կողմից վերացվել է վանքից առնվող բամբակի շարիատ հարկը, ինչպես նաև շահնայի /հարկահանի/ օգտին հավաքվող բամբակի հարկը. «…. թողաք զՀռիփսիմուցս զբաբակին շարիատն եւ զշահնաին բաբակի հակն»: Բջնիի և Անիի քննարկվող արձանագրություններում հիշատակված հարկերը հավասարապես ընդհանուր էին նաև Վաչուտյանների կողմնակալություն-փոխարքայության համար: Դրանք գանձվել են` ամիրահակը` քաղաքապետի օգտին, հարսանէհակը` տեղական աշխարհիկ իշխանավորների օգտին, կովայհամարն կամ կովին համբրելէն` խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի համար, բալախահակը` իշխանական արոտներում անասուններ արածացնելու համար,
    աղլհակն` տեղական կալվածատերերի օգտին` նրանց պատկանող փարախներում, արոտավայրերում կամ մակաղատեղերում անասուններ պահելու համար, շահնահակն` հարկահանի օգտին: Բջնիի արձանագրության կալայթաղար հարկատեսակը Լ. Բաբայանը մեկնաբանել է որպես կալերից/կալատեղից/ վերցվող թաղար-հարկ: Վերը բերված արձանագրություններում նշված են նաև սայլի, եզի համար անվանված հարկերը: Ինչպես երևում է վերը բերված օրինակներից, մեկ կամ մի շարք հարկեր վերացնելու մասին արտոնագրերը հիմնականում փորագրվել են 13-րդ դարի վերջերին և 14-րդ դարի առաջին կեսին, այսինքն` իլխանության հոգեվարքի շրջանում: Մինչդեռ այս և սրանց զուգահեռ հիմնական պետական հարկերը` մալը /հողահարկ/, ղփչուրը46 /գլխահարկ/, տղղուն /պաշտոնեության համար գանձվող հարկ/, թաղարը47 /բանակի պահպանման համար գանձվող հարկ/ մեկուկես հարյուամյակից ավելի կեղեքել ու կործանման են հասցրել հայ ժողովրդին: Այս ամենին պետք է գումարել նաև 13-րդ դարի վերջին կյանքի կոչված, բայց 1307 թ. Ուլջեյթու-Մուհամմեդ խանի ժամանակ վերականգնված ջիզա-խարաջը /քրիստոնյա ժողովուրդներից գանձվող հարկը/, որ նոր հարված էր հայ ժողովրդին: Գրիգոր եպիսկոպոս Կարնեցու կենսագրականում /1321/ այս առթիվ գրվել է. «….եդին հարկս ի վերայ քրիստոնէից և յամենայն գլխոյ առնուին էօթն ութ դահեկան` յամենայն ամի, կամ ուրանալ զՔրիստոս, կամ տալ զդահեկանն :է: խարաճ…: … յերկոտասանամեայ մանկանէ առնուին զհարկն. և բազումք տարագիր եղեալ վասն հարկին….» :Դաժան հարկահանությունը ստիպում էր մարդկանց հարկի դիմաց վաճառել հարազատ զավակին, նաև ստիպում էր լքել հայրենի բնօրրանն ու հեռանալ այլ երկրներ:
    Պատմիչ Մաղաքիա աբեղան գրել է. «Եւ յամենեցունց պահանջեալ խստագոյն հարկս, աւելի քան զկար մարդոյն, սկսան չքաւորիլ. և նեղէին անհնարին կտտանօք և չարչարանօք և գելոցօք: Եւ որ թաքչէր` ըմբռնեալ, սպանանէին, և որ ոչ կարէր հատուցանել զսակն զմանկունս նոցա առնուին ընդ պարտուցն….»:
    Թեղենյաց վանքում 1295-ին ընդօրինակված Ավետարանի գրիչ Դավիթն իր հիշատակարանում գրել է. «Բայց գրեցաւ սա ի թվիս Հայոց ՉԽԴ /1295/, ի յաւուրն նետողաց ազգի, որ բռնացել ունէր զամենայն աշխարհս Հայոց և զայլս բազումս, որում չեն բաւական պատմել զդառնութիւն և զաւէրութիւնն աշխարհիս, որ իբրև զծով խռովել մրրկածին աւդով զերեքալեանն բերելով զնմանութիւն, ուր ոչ երկիր, և ոչ քաղաք, և ոչ գեաւղ, և ոչ աւանք, և ոչ հրաշազան վանորեայք զխաղաղութիւն գտեալ….»:
    Գրեթե նույնպիսի մի հիշատակարան էլ 1310 թ. Հովհաննավանքում արտագրած «Ավետարանի» 311բ էջում թողել է Սարկավագ գրիչը. «Բայց զաղետ և զողբ տարակուսանացս ո~ պատմեսցէ, զի ի խիստ և յանհնարին հարկապահանջութենէ ծախեա/լ/ լինին ուստերք և դստերք աշխարհիս մեր և բազում գեղք և վանորայք աւէր և անհանգիստ և քահանայք տարաշխարհիկ լինին»:
    Հպատակ ժողովուրդների` հատկապես հայ ժողովրդի համար ստեղծելով սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններ, բռնելով ժողովրդին և նրա իշխանական տներին ձուլելու-ուծացնելու ճանապարհը` 13−14-րդ դարերում մոնղոլ տիրողները երազում էին ոչնչացնել հայ ժողովրդին, որը, սակայն, ինչպես նրանց, այնպես էլ նրանցից հետո եկածներին չհաջողվեց: