ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
  • Ստոկհոլմում հանձնել են Նոբելյան մրցանակները
    Ստոկհոլմի համերգասրահում ավարտվել է  2018-ին Նոբելյան մրցանակների բաշխման արարողությունը: Դրանք տրվել են բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեության ոլորտի մրցանակակիրների: Միջոցառումը հեռարձակվել է շվեդական SVT հեռուստաընկերությամբ: Ֆիզիոլոգիայից կամ բժշկությունից մրցանակի են արժանացել Ջեյմս Էլիսոնը (ԱՄՆ) և Տասուկու Հյոնձյոն (Ճապոնիա), ֆիզիկայից՝ Արթուր Էշքինը (ԱՄՆ), Ժերար Մուրը (ԱՄՆ/Ֆրանսիա) և Դոնա Սթրիքլանդը (Կանադա):Քիմիայից նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ֆրենսիս Արնոլդը (ԱՄՆ), Ջորջ Սմիթը (ԱՄՆ) և Գրեգորի Վին
  • Bloomberg-ը նշել է 2019թ.-ի ամենամեծ ռիսկերը
    Bloomberg գործակալությունը հայտնել է 2019թ.-ին տնտեսության համար քաղաքական ամենամեծ ռիսկերը: Ըստ վերլուծաբանների, հիմնական խնդիրներից մեկը ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմն է: Նշվում է, որ այս հարցում դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են և գտնում են, որ Պեկինը մարտահրավեր է նետում: Նույնիսկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվեն, առևտրային հակամարտությունը կնմանվի սառը պատերազմի վաղ շրջանին:Ռիսկերի թվում են նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպական միությունից դուրս գալու գործը
  • Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կիրականացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը
    Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կանցկացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը՝ գրում է versiya.info-ն:Նշվում է, որ ի տարբերություն համակարգչային մոդելավորման վրա հիմնված այլ փորձերի՝ դա տեղի կունենա իրական աշխարհում:Մեկ ամիս առաջ գիտնականները սկսեցին խոսել այն մասին, թե հնարավոր է արդյոք արևային գեոինժեներիայի գոյությունը։Փորձի գաղափարը մթնոլորտում արևային լուսի արտացոլման համար շերտ ստեղծելն է։ Բաց կթողնվի ստրատոսֆերային զոնդ, որը հանձնարարված բարձրության վրա 100 գրամ կալցիումի կարբոնատ կցանի։ Այսպիսով, գիտնականները նախատեսում են պարզել, թ
  • Apple-ը խելացի ծածկոց կթողարկի
    Apple-ը խելացի ծածկոց է պատենտավորել, որը կվերլուծի սեփականտիրոջ սրտխփոցը, ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը: Այս մասին հաղորդում է New York Post-ը:Աքսեսուարը կստանա iSheet անվանումը: Նշվում է, որ գործվածքում հատուկ հաղորդիչներ կկարեն: Հաղորդիչները կհավաքեն տվյալները, իսկ ծրագրային ապահովումը դրանք կհամեմատի օպտիմալ ցուցանիշների հետ: Տվյալները կցուցադրվեն անլար կառավարման պանելում:Ծածկոցը կօգնի առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց: Վատ ինքնազգացողության դեպքում ծածկոցը շտապ օգնություն կկանչի:Նյութի   աղբյուրը՝    https://www.
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գիտելիքը որպես արժեք

    ԱՐԱՄ  ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոն


    Հոդվածում քննարկվում են «արժեք», «գիտելիք» հասկացությունների փիլիսոփայական և մշակութաբանական ըմբռնումները, գիտելիքի արժեքային ըմբռնման ժողովրդական իմաստավորումները, ինչպես նաև հայ ժողովրդի վերաբերմունքի դրսևորումները գիտելիքը կրողի` ուսուցչի, դասախոսի, դպրոցի և բուհի նկատմամբ: Վեր են հանվում այն պատճառները, որոնց հետևանքով ձևախեղվեցին աշակերտի և
    ուսանողի` գիտելիքի արժեքային ըմբռնումները, հետևաբար` վերաբերմունքը ուսուցչի և դասախոսի, դպրոցի և բուհի հանդեպ:

    Հիմնաբառեր. գիտելիք, արժեք, արժեհամակարգ, ճշմարիտ, աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս, գիտնական, իմաստնություն, դպրոց, բուհ, բիզնես, բիզնեսի հոգեբանություն, արժեքային դատարկություն, ճգնաժամ, պարտք, պատիվ, արժանապատվություն, ձևախեղում, կյանքի իմաստ, երջանկություն

    Մշակութաբանական գրականության մեջ գիտելիքի` որպես արժեքի խնդրին քիչ է ուշադրություն դարձվել, որովհետև գիտելիքը նույնացվել է ճշմարտության հետ, իսկ ճշմարտությունն իր գոյաբանական (այն, ինչը գոյություն ունի) և իմացաբանական (մտքի համապատասխանությունը իրականությանը) կարգավիճակներում արժեք չէ կամ արժեքաբանորեն չեզոք է, որովհետև եթե արժեքը օբյեկտի սուբյեկտիվ նշանակությունն է մարդու համար, ապա ճշմարտությունը` օբյեկտի օբյեկտիվ նշանակությունը: Օրինակ` «2x2=4», «Օզոնի քիմիական բանաձևն է` O3», «Եռանկյան երեք անկյունների գումարը հավասար է 180 աստիճանի» մտքերը ոչ լավն են, ոչ վատը, որովհետև որևէ վերաբերմունք չեն արտահայտում. դրանք պարզապես ճիշտ են, մինչդեռ` «Կյանքն իր ցանկացած վիճակում նախընտրելի է մահից», «Կորչելու է այս աշխարհը, որովհետև նրանում ոչ մի իմաստ գոյություն չունի» մտքերը կարող են վիճարկվել: Թեև  ճշմարտությունը արժեք չէ, արժեքաբանորեն չեզոք է, այնուամենայնիվ, որոշակի սոցիալ-մշակութային (օրինակ` միջնադար), գաղափարախոսական (կրոնական, դասակարգային, կուսակցական և այլն), ժողովրդական, ամենօրյա-առօրյա միջավայրում, իրավիճակներում և մակարդակներում կարող է դառնալ արժեք կամ զոհաբերվել արժեքներին: Եթե Արիստոտելը առաջնորդվում էր «Թեև Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունը թանկ է» կարգախոսով, ապա շատերս ենք մեր ամենօրյա կյանքում ապրում «Թեև ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնը բարեկամս է» սկզբունքով:
    Հոդվածում քննարկվում են գիտելիքի արժեքային ըմբռնման հարցերը ոչ միայն մշակութաբանական, այլև հանրային, ժողովրդական ընկալման դիտանկյունից: Լայն ըմբռնմամբ արժեքը աշխարհի անհատականորեն գունավորված ընկալումն է, որն առաջանում է տեղեկատվության, գիտելիքի կամ կենսափորձի հիման վրա: Ըստ այդմ` արժեքը գնահատական է, վերաբերմունք, որը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական:
    Նեղ ըմբռնմամբ արժեքը իրի, առարկայի, երևույթի, արարքի, գործունեության, վարքագծի դրական նշանակությունն է: Արժեքը կենսականորեն կարևորն է, նշանակալիցը, թանկն ու հարազատը, որը հոգեմտավոր իմաստավորման է ենթարկվում մշակութային սուբյեկտի կողմից և ուղղորդում նրա
    վարքը որոշակի չափորոշիչների (իդեալ, նպատակ) տեսանկյունից: Այս ըմբռնմամբ արժեքը այն ամենն է, ինչը դրական նշանակություն ունի մարդու  համար: Ուստի «բացասական արժեք» արտահայտությունը սխալ է և նման է «բարի-չար», «գեղեցիկ-տգեղ» բառազույգերին: Դա արժեքի հակարժեքն է, որը բացասական նշանակություն ունի: Օրինակ` գեղեցիկը արժեք է, տգեղը` հակարժեք, բարին արժեք է, չարը` հակարժեք, գիտելիքը արժեք է, տգիտությունը` հակարժեք, դաստիարակվածությունը արժեք է, անդաստիարակությունը` հակարժեք, և այդպես շարունակ:
    Արժեքների հիմքի վրա է ձևավորվում արժեհամակարգը, որը անհատի կամ հանրության արժեքային պատկերացումների (արժեքների) ընդհանրական գումարն է, որը ձևավորում է անհատի կամ հանրության հոգեկերտվածքը և դառնում գործունեության կերպը պայմանավորող ամենավճռական գործոնը:
    Գիտելիքի երկու ըմբռնում գոյություն ունի` լայն և նեղ:
    Լայն իմաստով ըմբռնված գիտելիքը տեղեկատվությունն է շրջապատի, բնության, մարդկային հարաբերությունների, առհասարակ` իմացության օբյեկտի մասին, որը հոգևոր գործունեության ձևերում (գիտություն, փիլիսոփայություն, արվեստ և այլն) կարող է դառնալ ուսումնասիրության առարկա:
    Լայն իմաստով ըմբռնված գիտելիքը իրազեկվածությունն է, տեղեկացվածությունը, որը կարող է լինել գիտական և արտագիտական (գիտականից դուրս, ոչ գիտական, բայց նաև հակագիտական): Նման գիտելիքներ գոյություն ունեն բարոյականության, արվեստի, գաղափարախոսության, ողջախոհության մեջ, կրոնում, գաղտնագիտական ուսմունքներում և այլն:
    Այդ գիտելիքների ձևավորման աղբյուրը ընթերցանությունն է, շփումը, հաղորդակցումը, հետաքրքրասիրությունը, նախորդ սերունդների կողմից կուտակված սոցիալական փորձի յուրացումը, սեփական կենսափորձի իմաստավորումը, արդյունքում` ինքնահասունացումը, ինքնահաստատումը, ինքնահայեցողությունը` ռեֆլեքսիան:
    Նեղ իմաստով ըմբռնված գիտելիքը հիմնավորված, հավաստի և անսխալ կարծիքն է, որը համապատասխանում է իրերի իրական վիճակին և ունի հիմնավորվածություն: Այս սահմանման մեջ առանձնացվում է երեք կողմ.
    ա) ճշմարտություն (համարժեքություն, համապատասխանություն),
    բ) համոզվածություն,
    գ) հիմնավորվածություն:
    Գիտելիքի հիմքն այս երեք սյուներն են:
    Առանձնացվում է գիտելիքի երկու ընդհանրական մակարդակ.
    ա) Ողջախոհության (ամենօրյա-առօրյա), որը մարդու պատկերացումների ամբողջությունն է աշխարհի և այստեղ ունեցած իր տեղի ու դերի, բնության, հասարակության, շրջապատի մասին, որոնք ձևավորվում են ամենօրյա կենսափորձի և շփումների ընթացքում: Սովորական ողջախոհության, կենսափորձի կուտակման, իմաստավորման արդյունքում ձևավորվում են ժողովրդական իմաստության կրողներ, իմաստուններ, ովքեր կարող են նույնիսկ դպրոցական կրթություն չունենալ: Օրինակ` հայ գյուղացին դարեր շարունակ հող է մշակել, ակոս բացել (առանց ակոսի բանաձևն իմանալու), առատ բերք ստացել, հրաշալի հասկացել «բնության լեզուն»:
    բ) Գիտական, որը ուսումնասիրվող առարկայի, օբյեկտի մասին հավաստի և անսխալ գիտելիքն է: Գիտական գիտելիքի կազմում առանձնացվում են էմպիրիկ (փորձառական), տեսական և մետատեսական մակարդակները:
    Առանձնացումը կատարվում է` հաշվի առնելով. 
    ա) ուսումնասիրվող առարկան,
    բ) գիտական իմացության մեթոդներն ու եղանակները,
    գ) իմացության զգայական և բանական (ռացիոնալ) մակարդակների հետ ունեցած հարաբերակցությունը:
    Գիտելիքի գիտականության չափանիշներն են`
    - հիմնավորվածությունը, ապացուցելիությունը,
    - օրինաչափության բացահայտումը,
    - ստուգելիությունը (փորձնական կամ տեսական),
    - հիմնախնդրայնությունը,
    - օբյեկտիվությունը, վերանձնայնությունը, անհակասականությունը, վերարտադրելիությունը այլն:
    Նշված չափանիշներով է գիտական գիտելիքը տարբերվում գիտելիքի այլ ձևերից:
    Ավելի դժվար է գիտական գիտելիքի ձեռքբերման ուղին, ուստի առավել ընդգծված է եղել ժողովրդի հարգանքը նմանատիպ գիտելիք կրողների նկատմամբ, ովքեր դիտվել են նաև արժեքների կրողներ:
    Տեսության մեջ գիտելիքի` որպես արժեքի ըմբռնման սկզբնավորողը Սոկրատեսն է: Քննադատելով սոփեստների ծայրահեղ հարաբերապաշտությունը (ռելյատիվիզմ)` ըստ որի կայուն և անփոփոխ գիտելիքներ, բարոյական արժեքներ, պետության օրենքներ գոյություն չունեն, ամեն ինչ հարաբերական է ու անցողիկ, Սոկրատեսը կարծում էր, որ նման քարոզչությունը ծնում է ցինիզմ և անհարգալից վերաբերմունք ճշմարտության, բարոյականության, նախնիների ստեղծած ավանդույթների և օրենքների նկատմամբ:
    Մինչդեռ, եթե մարդն իմանա, թե ինչ են բարին, արդարը, ապա կգործի մարդավայել, կլինի առաքինի ու երջանիկ: Ճշմարիտ գիտելիքը բարոյական կատարելության աղբյուր է, բարիք, որին հետևող մարդը ձեռք կբերի հոգու անխռով վիճակ:
    Գիտելիքը բարձրագույն առաքինություն է, բարիք, իսկ տգիտությունը` չարիք: Առաքինությունները մարդը ձեռք է բերում ճանաչողության և ինքնաճանաչողության միջոցով, համոզված էր Սոկրատեսը: «Գիտելիքը բարիք է» կարգախոսը Եվրոպայում պահպանվեց մինչև XVII դարը, երբ անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը հռչակեց «Գիտելիքը ուժ է» կարգախոսը: Վաղ միջնադարի հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը, հետևելով Արիստոտելին, փիլիսոփայական գիտելիքի մեջ առանձնացրեց տեսական և գործնական բաժիններ (ըստ Արիստոտելի` երրորդը գեղարվեստականն էր):
    Գործնական գիտելիքն է (բարոյագիտություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն), ըստ Անհաղթի, մարդուն և հասարակությանը ազատում արատներից և առաքինության ուղին ցույց տալիս, օգնում հասնել բարուն և գեղեցիկին, ընտրել բարին, մերժել չարը և ապրել առաքինի կյանքով, որովհետև առաքինությունը երջանկություն է, իմաստնության մայրը, երջանիկ է նա, ով ապրում է առաքինությանը համապատասխան, չի տրտմում ո՛չ փորձությունների, ո՛չ արտաքին պարտադրանքների, ո՛չ հարստության, ո՛չ ունեցվածքի, ո՛չ էլ դրանց կորստի դեպքում:
    Ժողովրդական լայն միջավայրում դարեր շարունակ իշխել է այն մտայնությունը, թե գիտության մարդն ավելին է հասկանում, ավելի խորն ու հեռուն է տեսնում, քան սովորական մահկանացուն: Նա իր համար բացահայտել է աշխարհի ու մարդկային կեցության գաղտնիքը և սեփական գոյության խորհուրդը, այսինքն` գիտելիքը նույնացվել է իմաստնության և արժեքի հետ:
    Շատ են դեպքերը, երբ իրադարձությունների, իրավիճակների ոչ հստակությունը, ոչ կանխատեսելիությունը ստիպել են սովորական մարդուն դիմել գիտուն, գիտնական մարդուն. «Դու խելոք մարդ ես, կիմանաս` սրա վերջն ի՞նչ է լինելու»,− հարցմամբ: Բարձր գնահատելով գիտելիքն ու այն կրող մարդուն` հայ ժողովուրդը թե՛ հայրենիքում, թե՛ ամենուր առաջին հնարավորության դեպքում կառուցել է եկեղեցի, հիմնել դպրոց, որովհետև այն համոզմանն է եղել, որ հավատն ու գիտելիքն են մարդու կարևորագույն առաքինությունները, երկիրը փրկող ու շեն պահող գործոնները: Ժողովրդական ընկալումներում գիտելիքը կապվել է ոչ միայն գիտունության, իմաստնության, այլև համեմատաբար հանգիստ ապրելու, երաշխավորված ապագայի, ընդհանրացված` «մարդ դառնալու» հետ:
    Իմ սերնդակիցների ծնողների մեծ մասի փափագն էր իրենց զավակներին բարձրագույն կրթության տալը, որովհետև դրանով էին պայմանավորում իրենց երեխաների «մարդ դառնալը», ապահով կյանքն ու ապագան:
    Շատ անգամ է մայրս ինձ ասել. «Լավ սովորիր, գնա բարձրագույն կրթություն ստացիր, որ մարդ դառնաս, ոչ թե մեզ նման….»: Այս ամենով է պայմանավորվել ժողովրդի հարգանքը գիտելիքի նկատմամբ և ակնածանքի հասնող վերաբերմունքն այն կրողի ու սովորեցնողի` ուսուցչի, դասախոսի, գիտնականի հանդեպ: Այս գործոններով էին պայմանավորված նաև դպրոցաշինության լայն տարածումը և համեմատաբար բարձր կարգավիճակը մեզանում:
    Աշխարհին են հայտնի միջնադարյան կրթության նշանավոր կենտրոններ Անիի, Կարսի, Հաղպատի, Սանահինի, Կեչառիսի, Այրիվանքի, Նարեկավանքի, Մշո Ս. Կարապետ վանքի, Գլաձորի, Տաթևի վարդապետարաններն ու համալսարանները, Կիլիկիայի բժշկանոցները, որոնցում ուսուցանում էին ոչ միայն յոթ ազատ արվեստները` Տրիվիում (եռյակ արվեստ` քերականություն, հռետորություն, դիալեկտիկա), Քվատրիում (քառյակ արվեստ` թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն), այլև բազմաթիվ այլ բնական գիտություններ, իսկ բժշկանոցներում կատարում էին
    դիահերձում, որը Եվրոպայում արգելված մնաց մինչև նոր ժամանակները:
    Այդ բժշկանոցներում սովորել են նաև մարդակազմություն (անատոմիա), նորմալ բնախոսություն (ֆիզիոլոգիա), որոնք Եվրոպայում, որպես ուսումնասիրության առարկա, գոյություն չեն ունեցել:
    Ճիշտ է, մի որոշակի շրջան ունեցանք նաև խալֆայական տիպի տարրական դպրոցներ, որոնցում իշխել է ծեծը` որպես ուսուցման միջոց (դրանց մասին շատ լավ գրում են Րաֆֆին և Հովհաննես Թումանյանը), և, հավանաբար, դրանով կարելի է պայմանավորել այն արտահայտությունը, որ ասում էին ծնողներն իրենց զավակներին ուսուցչին հանձնելիս` «միսը քեզ, ոսկորն ինձ»:
    Բայց XIX դարից նման դպրոցներն աստիճանաբար վերանում են, ստեղծվում են կրթության և ուսուցման առանձնահատկությունները հաշվի առնող դպրոցներ:
    1810 թ. Աստրախանում բացվում է Աղաբաբյան դպրոցը: 1815 թ. Մոսկվայում հիմնվում է Լազարյան ճեմարանը, որը դառնում է հայագիտության, արևելագիտության ուսումնական և գիտական խոշոր կենտրոն` անուրանալի կարևոր դեր կատարելով հայ հասարակական-քաղաքական մտքի և մշակույթի զարթոնքի գործում: Լազարյան ճեմարանում են սովորել Ռ. Պատկանյանը, Գ. Դոդոխյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Տերյանը, Վ. Սուրենյանցը, Ե. Թադևոսյանը, Ա. Մյասնիկյանը, ինչպես նաև ռուսական մշակույթի փառքը կերտողներից Լ. Տոլստոյը, Ի. Տուրգենևը, Կ. Ստանիսլավսկին և շատ ուրիշներ:
    Ճեմարանի տպարանում է հրատարակվել «Հյուսիսափայլ» հանդեսը, որում տպագրված հոդվածներում Ստ. Նազարյանցն ու Մ. Նալբանդյանը ստեղծեցին իրենց մարտնչող հրապարակախոսությունը, որի ազդեցությամբ հայ իրականության մեջ ձևավորվեց նոր ոգով մտածող սերունդ:
    1824 թ. Թիֆլիսում ստեղծվում է Ներսիսյան դպրոցը: Տարբեր տարիներին դպրոցում տեսուչ են աշխատել Հ. Ալամդարյանը, Գ. Պատկանյանը, Պ. Շանշյանը, Ստ. Նազարյանցը: Այնտեղ են սովորել Խ. Աբովյանը, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հ. Թումանյանը, Դ. Դեմիրճյանը և ուրիշներ:
    1832 թ. Երևանում հիմնվում է գավառական, իսկ 1837 թ.` թեմական դպրոց: 1838 թ. Շուշիում բացվում է թեմական, իսկ դարավերջին` ռեալական դպրոց:
    1874 թվականից գործում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որտեղ դասավանդել են Կոմիտասը, Կարա-Մուրզան, Վ. Սուրենյանցը, Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը և ուրիշներ:  1885 թ. Անդրկովկասում հայկական դպրոցների թիվը հասնում է 270-ի, որից 41-ը` իգական: Միայն Երևանի թեմում գործել է 102 դպրոց, Ռուսաստանի մյուս վայրերում` 330: Հայերը սովորել են նաև ռուսական և եվրոպական երկրների դպրոցներում: 1890 թթ. Անդրկովկասի բոլոր դպրոցներում (նաև հայկական) սովորել է մոտ 40 հազար հայ աշակերտ:
     Օսմանյան կայսրությունում 1870 թ. սկզբներին, ոչ լրիվ տվյալներով, գործել է 450-ից ավելի դպրոց, ավելի քան 24 հազար աշակերտով (3 հազարը` աղջիկ): Հայտնի էին Վանի (1881 թ.), Կ. Պոլսի (1896 թ.) Կեդրոնական վարժարանները, Արմաշի դպրեվանքը, Սանասարյան վարժարանը Կարինում (1881 թ.) և այլն:
    Արևմտահայ մտավորականության ձևավորման և գործունեության ասպարեզում մեծ էր Կ. Պոլսի Կեդրոնականի դերը: Այնտեղ են դասավանդել հայտնի մտավորականներ Մ. Գարագաշյանը, Ծերենցը, Ռ. Պերպերյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Հ. Պարոնյանը, Հ. Ասատուրը, Տ. Չրաքյանը, Հ. Օշականը, Կ. Զարյանը, Մ. Օրմանյանը: Այնտեղ են սովորել և հետագայում մեր մշակույթի նշանավոր գործիչներ են դարձել Ա. Չոպանյանը, Հ. Աճառյանը, Ա. Ալպոյաճյանը, Մ. Մեծարենցը, Վ. Թեքեյանը և ուրիշներ:
    Մեծ հեղինակություն են վայելել Մխիթարյան միաբանության հիմնած դպրոցները (Մուրադյան` 1834 թ. իտալական Պադուա քաղաքում, Ռաֆայելյան վարժարան` 1837 թ. Վենետիկում, որոնք 1846 թ. միավորվեցին Մուրադ-Ռաֆայելյան անվամբ), որոնցում պատրաստված դասագրքերի մի մասը լավագույնն էին Եվրոպայում, իսկ կրթության որակն այնքան բարձր էր, որ իտալական բուհերը այդ դպրոցն ավարտածներին ընդունում էին առանց ընդունելության քննությունների:
    XIX դարում հիմնվել և գործել են բազմաթիվ կաթոլիկ և բողոքական քարոզչական դպրոցներ և ուսումնական հաստատություններ, որոնցում սովորել են նաև հայ պատանիներ ու երիտասարդներ: Չմոռանանք, որ բազմաթիվ հայ երիտասարդներ կրթություն են ստացել ռուսական ու եվրոպական բուհերում և հայ իրականության մեջ դարձել են ազատ մտքի ու խոսքի, առաջադիմության մունետիկներն ու տարածողները: Գործնականում ցանկացած ուսումնատենչ պատանի, երիտասարդ, հնարավորության դեպքում, կարող էր կրթություն ստանալ:
    Նույն ժամանակահատվածի ուսումնասիրությունների արդյունքներից պարզ է դառնում, որ Ռուսական կայսրությունում ապրող ազգերի մեջ ռուսներից հետո քանակական առումով կրթության ամենաբարձր ցուցանիշն ունեցել են հայերը:
    XIX դարի երկրորդ կեսին մշակվում է ազգային կրթության ու դաստիարակության նոր հայեցակարգը (չենք անդրադառնում կրթության «գրաբար-աշխարհաբար» և «կրոնական-աշխարհիկ» բանավեճերին), որում մեծ ուշադրություն է դարձվել գիտելիքի արժեքային կողմին: Մասնավորապես` այդ ժամանակահատվածի հայ մտածողները համոզված էին, որ չկա հասարակական կյանքի որևէ բնագավառ, որը հնարավոր չլինի փոխել և կատարելագործել առաջադեմ կրթության ու դաստիարակության միջոցով, նույնիսկ ազգի ապագան էին պայմանավորում կրթությամբ և դաստիարակությամբ:  Ստ. Պալասանյանի համոզմամբ` «Այն օրը, երբ կրթութիւնը վերջին գիւղի խրճիթը մուտք կը գտանէ, ազգէրի տնտեսական բարօրութինը և քաղաքական ազատութիւնը ապահոված կը լինի», 3  որովհետև մարդկությունը դաստիարակությամբ փրկվեց վայրենությունից, տգիտությունից, թշվառությունից, նախապաշարումներից:
    Ծերենցը համոզված էր, որ ազգային դաստիարակության համար աշխատողը ազգի փրկության համար է աշխատում, «…. ով որ ուսմանց ծավալման կաշխատի…. ժողովրդյան բարոյականին համար կաշխատի և անոնք կրնան ըլլալ երկրի մը երջանկության, հարստության և անդորրության աղբյուրները»:
    Հայ մտածողները կրթությամբ ու դաստիարակությամբ էին պայմանավորում նաև մարդու ոգու բնույթը` ազատ ապրելու ձգտումը կամ ստրուկի հոգեբանությունը: Ըստ Մ. Մամուրյանի` կրթությունը «…. կրնա` ըստ տեսակին, զայն կնամարդի ու ստրուկ ընել, կամ արի ու ազատ»:
    Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանը դարձավ ամենակրթված երկրներից մեկն աշխարհում: 1937−1938 ուստարում Հայաստանում գործել է 1180 դպրոց: Ժողովրդի կրթվածության աստիճանով Խորհրդային Հայաստանը 3.5 անգամ բարձր էր կանգնած Թուրքիայից, 12 անգամ` Իրանից, իսկ սովորողների թվի աճի ցուցանիշն ավելի բարձր էր, քան ԽՍՀՄ միջինը:
    1976−1977 ուստարում մեզ մոտ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին էր ընկնում 191 սովորող, մինչդեռ Իրանում` 37, Թուրքիայում` 49, ԳՖՀ-ում` 70, Անգլիայում` 90, Իտալիայում` 120: Աշխարհում գրավել ենք առաջին տեղերից մեկը:
    1977−1978 ուստարում գործել է 1522 հանրակրթական դպրոց, որտեղ սովորել է 631 հազար աշակերտ, 65 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, որտեղ սովորել է 54,8 հազար մարդ: 43 հազար պատանիներ և աղջիկներ սովորել են պրոֆտեխնիկական ուսումնարաններում: Նույն ժամանակահատվածում աշխատել է 40.8 հազար ուսուցիչ: Հանրապետության բուհերում նույն ուստարում սովորել է 56.4 հազար ուսանող: Հազարների է հասնում այն հայ ուսանողների թիվը, ովքեր սովորել են այլ բուհերում: Հետպատերազմյան տարիներին միայն Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանն ավարտել է 2000 հայ: 1978 թ. հանրապետությունում գործել է 100 գիտահետազոտական ինստիտուտ: 1977 թ. ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան ուներ 43 իսկական անդամ, 54 թղթակից անդամ, 3 օտարերկրյա և 4 պատվավոր անդամ:
    Ինչպիսին են տվյալները մեր նորանկախ հանրապետության վերջին շրջանում:
    Ըստ ուսումնասիրությունների` Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ 2013 թ. զբաղեցրել է 74-րդ տեղը, 2015−16 ուստարում` 102-րդ տեղը:  Բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողների թվով աշխարհում երրորդն ենք, համալսարանների քանակով` 76-րդը, բարձրագույն կրթությանը հատկացված գումարով` 98-րդը, գիտական ինստիտուտների որակով` 96-րդը: Մենք առաջ ենք միայն Բուրկինա Ֆասոյից, Մադագասկարից, Մոզամբիկից, Զիմբաբվեից, Բանգլադեշից, Ալժիրից, Ուրուգվայից, Եթովպիայից, Պակիստանից: Եվ այսպես, նորից ներկայացնենք հիմնական ասելիքը. դարեր շարունակ հայ ժողովուրդը գիտելիքը ընդունել է որպես արժեք և մեծ հարգանք տածել գիտելիքը կրողի ու սովորեցնողի նկատմամբ, ուստի առաջին հնարավորության դեպքում ստեղծել է գիտելիքի ձևավորման, պահպանման և տարածման կենտրոններ (դպրոց, բուհ և այլն):
    Ժողովրդի բացարձակ մեծամասնության պատկերացումներում գիտելիքը բարիք է, ուժ, գիտելիք կրողն ապրում է համեմատաբար հեշտ (ժողովուրդը, բնականաբար, կողքից էր տեսնում, նրա համար տեսանելի չէր այն մտավոր, երբեմն տառապալից աշխատանքը, որ կատարում էին ուսուցիչը, դասախոսը, գիտնականը, մտավորականը), ապահով և հանգիստ կյանքով: Ժողովրդական լայն զանգվածների համար գիտելիք ունեցողը գիտակ, շրջահայաց, կնճռոտ հարցերի պատասխանն իմացող, վարք ու բարքի մեջ
    չափավոր, բարեկիրթ, կոկիկ հագնված, ազնիվ մարդն է, որը տարբերվում է շրջապատից:
    Մեծ էր հարգանքը ուսուցչի նկատմամբ (որպես հավաքական երևույթի, առանձին դեպքերը հաշվի մեջ չէին, ժողովուրդը նրան անվանում էր «վարժապետ» որի մեջ բարի ժպիտ, ներողամտություն, սրտացավություն կար, բայց ոչ` թշնամանք), ում միշտ տեսել է լուրջ, սթափ, իր գործին նվիրված, երբեմն առինքնող, իսկ լավ ու հմտացած ուսուցիչը ժողովրդական պատկերացումներում գրեթե ոգեղեն էր, եթերային: Շատ սերունդներ են իրենց վաղ հասակում կարծել, թե ուսուցիչը հաց չի ուտում, իսկ երբ իմացել են, որ նա էլ է հողեղեն և ապրում է ոչ միայն «բանիվ», այլև «հացիվ», խիստ զարմացել են: Ինքս այդ զարմանքի պահն ապրել եմ ու նույնիսկ վշտացել: Ուսուցիչը աշխատում էր իր կոչմանը հավատարիմ մնալ, լինել անաչառ, անկաշառ: Ասածս հիմնավորեմ մեր նորանկախ հանրապետությունը կերտողներից Վազգեն Մանուկյանի պատմածը կրկնելով. «Առաջին ընտրություններն էին,- հիշում է նա,- ընտրատեղամասերից մեկը դպրոցում էր, նախագահը` դպրոցի կին դիրեկտորը: Երբ կասկած հայտնեցի ընտրությունների արդյունքների օբյեկտիվության վերաբերյալ, նա, չթաքցնելով իր վրդովմունքը, վիրավորված ու բարձրաձայն ասաց. «Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս նման բան ասել, չէ՞ որ ես մանկավարժ եմ»: Վազգեն Մանուկյանը հավատացել էր նրա անկեղծությանը, ես` նույնպես: Ժողովրդի վերաբերմունքը գիտնականի, դասախոսի նկատմամբ ակնածանքի էր հասնում: Գիտությամբ զբաղվելը համարվում էր սուրբ գործ, իսկ գիտնականի կերպարը ժողովրդի համար համարժեք էր սրբի, ճգնավորի կերպարին: Այս ամենը կամ գրեթե ամենը վերջին 30 տարիների ընթացքում անցան-գնացին: Ինչո՞ւ: Ինչո՞ւ կորավ հարգանքը գիտելիքի` որպես արժեքի նկատմամբ: Այդ ո՞ր երկրում է, որ ուսանողը հսկայական գումար է վճարում, միաժամանակ ամեն ինչ անում, որպեսզի առանց գիտելիքի դիպլոմ ձեռք բերի: Ինչո՞ւ աշակերտը կորցրեց պատկառանքը ուսուցչի, ուսանողը` դասախոսի նկատմամբ: Ինչո՞ւ են աշակերտն ու ուսանողը ուսուցչի ու դասախոսի հանդեպ իրենց պահում այնպես, կարծես սոցիալականացման գործընթաց չեն անցել: Ինչո՞ւ ուսուցիչն ու դասախոսը կորցրին իրենց սրբի լուսապսակը: Ինչո՞ւ գիտելիքի յուրացման ու տիրապետման գործընթացը փոխարինվեց դրամով (որպես ուսման վարձ) դիպլոմ ձեռք բերելուն:
    Թվարկենք այն գործոնները, որոնք, մեր կարծիքով, արժեզրկեցին գիտելիքը և այն կրողին (առաջնային և երկրորդային պատճառների առանձնացումը թողնում ենք ընթերցողին): Առաջին` փլուզվեց ԽՍՀՄ-ը` իր հետ տանելով այն արժեհամակարգը, որով ապրել էր խորհրդային հասարակությունը: Նախկին արժեքները դադարեցին գործելուց, նորերը չձևավորվեցին: Հասարակությունը հայտնվեց արժեքային դատարկության մեջ: Արժեքներով ապրելու ժամանակ ու տրամադրություն չկար էլ, որովհետև հասարակությունը հայտնվեց բազմաբնույթ ճգնաժամերի մեջ: Գոյատևման խնդիրը մարդուն ստրկական կախվածության մեջ դրեց աշխատանքից, գործատուից: Նա փակեց իր «սրտի դավթարը», արեց այն, ինչ պահանջում էին իրենից` անտեսելով մասնագիտությունը, պատիվը, կոչումն ու արժանապատվությունը:
    Այս հորձանուտի մեջ հայտնվեցին նաև ուսուցիչն ու դասախոսը, գիտնականն ու մտավորականը: Ովքեր չհամակերպվեցին` հեռացան: Բազմաթիվ փորձառու ուսուցիչներ դուրս մնացին դպրոցներում իրականացվող բազմաբնույթ ռեֆորմների պատճառով, փոխարենը` դպրոց թափանցեցին փորձ, նվիրում, երբեմն անհրաժեշտ գիտելիք չունեցողները, որոնց համար դպրոցը, մանկավարժությունը ոչ թե կոչում էին, այլ աշխատանք:
    Ցածր աշխատավարձը ստիպեց ուսուցչին` մտնել աշակերտի (նրա ծնողների) գրպանը` զբաղվել մասնավոր գործունեությամբ, աշակերտին տանել իր տուն, նրան տեսանելի դարձնել իր կենցաղավարությունը, գործոններ, որոնք ուսուցչին դարձրին «հողեղեն»: Պարզ դարձավ, որ գնահատական ստանալը միայն գիտելիքով պայմանավորված չէ: Այս արատավոր երևույթը աշակերտն իր հետ բերեց բուհ և, որպես ուսանող, նույնկերպ վարվեց դասախոսի հետ: Կրակին յուղ լցրին մեր որոշ կոռումպացված դասախոսներ: Ահա թե ինչու առաջին և երկրորդ կուրսերում դասախոսների զգալի մասը զբաղվում է ոչ այնքան իր բուն գործով, որքան դպրոցի բացթողումները շտկելով: Երկրորդ` տարեցտարի ահագնացող արտագաղթը նվազեցրեց աշակերտների թիվը դպրոցում, ուսանողներինը` բուհում: Շատ բուհեր ուսանողների մեծ պակաս ունեն: Բուհն ուսանողով ապահովելու համար մեղմվեցին ընդունելության քննության պահանջները. որոշ բուհերում ուսանող են ընդունում ըստ ատեստատի գնահատականների, իսկ ոչ պետական բուհերում ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Արդյունքում` սովորելու ձգտում ունեցող ուսանողների կողքին հայտնվեցին վճարունակ երիտասարդներ: Այստեղից էլ` տարեցտարի նվազող պահանջները գիտելիքի գնահատման առումով: Գաղտնիք չէ, որ բուհում են հայտնվում երիտասարդներ, որոնք ոչ միայն գիտելիք չունեն, այլև վարվեցողության տարրական նորմերին չեն տիրապետում: Նրանց համար գիտելիքը ոչ միայն արժեք չէ, այլև, մեծ հաշվով, գլխացավանք է:
    Երրորդ` բուհում հայտնվածների մի մասի համար գլխավորը սովորելը չէ, այլ ժամանակ անցկացնելը, որովհետև տղաների մի խմբի համար բուհը զիվորական ծառայությունից խուսափելու միջոց է, իսկ աղջիկների համար դիպլոմը` օժիտի բաղադրիչ: Թվարկած խմբերին պատկանողները դասապրոցեսի անմիջական մասնակիցներ չեն, այլ բջջային հեռախոսների վրա իրենց հմտությունները կատարելագործողներ կամ դիմահարդարներ: Չորրորդ` համակարգիչը, համացանցն ու բջջային հեռախոսը պատանիներին, երիտասարդներին կտրեցին գրքից, զրկեցին ընթերցասիրությունից, համակողմանի ու հիմնարար գիտելիք ձեռք բերելու ցանկությունից: Ուսանողների ձեռքին մեծ մասամբ հեռախոս է, ոչ թե դասագիրք ու գիրք: Շատ ուսանողներ կիսամյակի ընթացքում զբաղված են ոչ թե գրականություն կարդալով, գիտելիք ձեռք բերելով, այլ թեստեր սերտելով: Հինգերորդ` խիստ հակասական դեր կատարեցին ոչ պետական բուհերը: Դրանց դերն, անշուշտ, դրական էր պետական բուհեր չընդունվածներին կամ չդիմածներին սովորելու հնարավորություն տալու առումով: Այդ բուհերում քիչ չէին և չեն խելացի, սովորելու ձգտում ունեցողները, ովքեր ավարտելուց հետո հաջողությամբ աշխատում են պետական և ոչ պետական հատվածներում, երբեմն զբաղեցնում բարձր պաշտոններ: Բացի այդ, շատ երիտասարդներ, ովքեր պետական բուհերում սովորելու հակում կամ համապատասխան պատրաստվածություն չունեին, բայց վճարունակ էին, փողոցից կտրվեցին, մտան լսարան: Եվ վերջինը` այդ բուհերում աշխատող շատ դասախոսներ կարողացան սոցիալական հարցեր լուծել, բայց վատն այն էր, որ այդ հաստատություններում (աննշան բացառություններով) հայտնվեցին բազմաթիվ անգրագետ ու անկիրթ երիտասարդներ: Նրանք ինչպես թերուս ընդունվում, այդպես էլ ավարտում էին/են (դարձյալ աննշան բացառություններով), ձեռք բերում դիպլոմ, որը երբեմն օգտագործում էին/են որպես մուրճ:
    Վեցերորդ` նախկինում դպրոցից բուհ տանող ճանապարհը երկար էր: Մինչև բուհ հասնելը շրջանավարտները գնում էին զանազան պրոֆտեխնիկական, տեխնիկական ուսումնարաններ, տեխնիկումներ, մասնագիտանում որոշակի ոլորտներում և ընդունվում աշխատանքի: Այսօր դպրոցից բուհ
    տանող ճանապարհը շատ է կարճացել. շրջանավարտը դպրոցից դուրս գալով` բախում է բուհի դուռը: Գիտելիք, մասնագիտություն ձեռք բերելու հիմնական վայրը դարձել է բուհը: Բոլորն այստեղ են դիմում` անկախ ունակություններից և հնարավորություններից:
    Յոթերորդ` բիզնեսի պահանջների և հոգեբանության մուտքը ուսումնական հաստատություններ: Դարեր շարունակ համալսարանական կրթությունը ոչ միայն մեզանում, այլև Եվրոպայում համարվել է սուրբ գործ: Այսօր փոխվել է բուհի կարգավիճակը. խնդիրը կիրառելի, լավ վաճառվող և արագ սպառվող գիտելիք տալն է դարձել: Բուհը շուկայի համար պետք է «արտադրի» գիտելիք, ծառայություններ և վաճառի դրանք: Բուհը դառնում է կորպորացիա, ուսանողը` «հաճախորդ» (կլիենտ): «Գնորդը միշտ իրավացի է» կարգախոսը թափանցում է բուհ: Արդյունքում` ապագա ուսանողի և նրա են առնում վարկանիշը, գեղեցիկ և համոզիչ «փաթեթավորումը», գովազդը, ժամանակակից կայքի առկայությունը, առաջատար է դառնում «գին−որակ» հարաբերակցությունը, համալսարանը վերածվում է գիտելիքի սպառման մեծ խանութի (սուպերմարկետների նմանությամբ): Այնուհետև, տարվելով շուտ ու հեշտ փող վաստակելու, բարձր աշխատավարձ ստանալու գաղափարներով, մեր երիտասարդներից շատերը հետևում են ոչ թե իրենց նախասիրություններին, այլ շուկայում գոյություն ունեցող պահանջարկին կամ մասնագիտության վարկանշին, որի պատճառով անտեսվում են հիմնարար գիտությունները: Ուսանողի համար կրթությունը դառնում է ոչ թե հիմնական, այլ ընդհանուր գործունեության միայն մի կողմը` աշխատանքի, անձնական կյանքի հետ միասին: Նման ուսանողների գերակշիռ մասը դասերի գրեթե չի հաճախում, վատ է սովորում, նրան հետաքրքրում է ոչ այնքան գիտելիքը, որքան դիպլոմը: Իսկ դպրոցի վերջին դասարանում սովորող աշակերտների մեծ մասը դպրոցի փոխարեն հաճախում է կրկնուսույցների մոտ` ընդունելության քննություններին նախապատրաստվելու նպատակով:
    Այսօր մեր շատ ուսանողներ չգիտեն բաներ, որ գիտեին խորհրդային դպրոցի միջին դասարանների աշակերտները: Ութերորդ` գիտելիքի և դրա կրողի նկատմամբ արժեքի կորստի առումով, փոքր դեր չունեցան հայրենական հեռուստաընկերությունները, որոնցում գրեթե բացակայում են ուսումնական, գիտահանրամատչելի հաղորդումները (բացի կրոնականից, որոնցում «հաջողությամբ» հուդայաքրիստոնեություն է քարոզվում): Փոխարենը` հեռուստացույցից բնակարան է առատորեն ներթափանցում փողոցի լեզուն, բռնության, մարդատյացության քարոզչությունը, ամենակուլ ռաբիսը, անհարգալից վերաբերմունքը գիտելիքի և դրա կրողի նկատմամբ, որոնք իդեալազրկում, հոգեզրկում են պատանուն, երիտասարդին, դարձնում ազգային արմատներից և ակունքներից կտրված անմակարդակ էակ (առանձին հեռուստաընկերությունների խիստ սահմանափակ հայագիտական, ուսումնագիտական հաղորդումները որակ չեն կազմում): Բոլորովին հիմնազուրկ և անճարակության արդյունք են երբեմն հնչող այն արդարացումները, թե հեռուստատեսությունը ժողովրդի պահանջներն է բավարարում: Նախ` հեռուստատեսությունն է ճաշակ ձևավորողը, և երկրորդ` ոչ մի ժողովուրդ, ազգ, չի կամենա այլասերվել, դառնալ հոգեմտավոր տհաս, մանկուրտ, բիրտ, մարդասպան: Էլիտար (բարձրաշխարհիկ, պրոֆեսիոնալ) մշակույթով աշխարհի հետ չափի մեջ մտնող ազգը արաբա−թաթարա−թրքական մլմլոցի, բռնության, անբարոյականության, «Քարե դարդի», անիմաստ, աննպատակ սերիալների պահանջ հաստատ չունի: Ազգն իր ակունքների մեջ շարունակում է մնալ բարձր բարոյականության, մարդասիրության կրող, գիտելիքը, բարձրաճաշակ արվեստը (նաև իր ժողովրդական, ազգային-ազգագրական, կենցաղային դրսևորումներում) գնահատող: Տվեք այդպիսի մշակույթ, և արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա: Մինչդեռ, այն, ինչ արվում է այսօր, կարծես ծրագրավորված քաղաքականություն է, որով փորձում են փչացնել մեր ազգի` դեռ առողջ մնացած գեները: Չեն համոզում նաև այն պնդումները, թե հեռուստաընկերությունները մասնավոր են, և իշխանությունները դրանց վրա իշխանություն չունեն: Բարձր մակարդակի խորհրդակցություններում հեռուստաընկերությունների քաղաքականության, քարոզչության վերլուծությունը, նոր ուղիների համատեղ ուրվագծումը մասնավոր հեռուստաընկերությունների իրավունքների խախտում չեն: Հաստատ է մի բան` հեռուստատեսության այսօրվա քարոզչությունն իր բնույթով, էությամբ հակազգային է, եթե չասենք` սադրանք ազգի նկատմամբ, որը դառնում է ազգային անվտանգության կարևորագույն խնդիր:
    Այս ամենի հետևանքով ընկավ հասարակության ոչ միայն բարոյականության մակարդակը, այլև գրագիտության աստիճանը: Զանգվածային լրատվամիջոցներում բազմաթիվ են ոչ գրագետ, ոչ հայեցի խոսքն ու զրույցը, նախադասություններ` բազում տառասխալներով, իսկը` «անգրագիտության տոնավաճառ»: Որպես ասվածի անուղղակի ապացույցը կարելի է համարել այն, որ ընդունելության քննություններից կտրվածների մեջ բարձր տոկոս են կազմում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից անհաջողության մատնվածները:
    Մենք շատ ենք սիրում կրկնել, թե չունենք ծով, նավթ, բայց ունենք մարդկային ներուժ, որով կարող ենք հաղթահարել և լուծել բազմաթիվ դժվարություններ, ստեղծել ծաղկուն և առաջադիմող հայրենիք, բայց արտագաղթը, հասարակական կյանքի և մշակույթի համընդհանուր ռաբիսացումը, կրթության և դաստիարակության, ըստ էության, դրական արդյունք չտվող շարունակական բարեփոխումները, պատերազմական իրավիճակը դատարկում են երկիրը, բարոյազրկում ազգը և հարվածում մեր հարստությանը` ներուժին: Ամփոփենք: Հավանաբար, գույները խտացրի: Ամեն ինչ չէ, որ այդքան վատ է ու, ամենակարևորը` անդարձ կորած: Բարեբախտաբար, դեռ քիչ չեն այն պատանիներն ու երիտասարդները (երբեմն նույնիսկ կուրսերն ու լսարանները), որոնց համար գիտելիքը և՛ ուժ է, և՛ արժեք: Նրանք գիտելիքի տիրապետման ու գործնականում ներդրման մեջ են տեսնում իրենց կյանքն ու կոչումը: Ունենք հրաշալի ուսանողներ, ովքեր տիրապետում են մի քանի լեզուների, կողմնորոշվում են համացանցում, մրցույթներում գրավում են մրցանակային տեղեր, աշխատում են` ապահովում իրենց մասնագիտական առաջընթացը: Բարեբախտաբար, դեռ կան ուսուցիչներ ու դասախոսներ, ովքեր սիրում են իրենց գործը, ում համար աշխատանքը ոչ միայն գոյությունը պահպանելու միջոց է, այլև կոչում, կյանքի իմաստ: Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե որն էր իր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա պատասխանել է. «Մենք ուսուցչին տվել ենք նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսեր չափ պաշտամունք»: Մեր ուսուցչին պետք է վերադարձնել այն կարգավիճակը, որն ունեցել է նախկինում, նաև խորհրդային տարիներին` թեև համեստ աշխատավարձ, բայց ուսուցչի արժանապատվություն, սեփական առաքելության գիտակցում: 1956 թ. ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերը կրթության ոլորտի աշխատողների հետ խորհրդակցության ժամանակ խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել Խորհրդային Միության փորձին, նվաճումներին, կրթական ծրագրերին, այլ ոչ թե երեխաներին բթացնել` ստիպելով նրանց լուծել թեստեր: Մենք գնացինք հակառակ ուղղությամբ. կազմալուծեցինք խորհրդային դպրոցն ու բուհը, որոնք այդ հասարակության և համակարգի ամենակայացած կառույցներն էին: Պարզապես պետք էր փոխել գաղափարախոսությունը` համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին, այլ ոչ թե կրթական ծրագրերի հիմքում դնել Բենջամին Բլումի տաքսոնոմիան («Բլումի տաքսոնոմիա»,1956 թ.) և այլ պահանջներ ու առաջադրանքներ, որոնք որևէ կերպ չեն առնչվում մեր կրթական համակարգի ավանդույթներին և լավագույն նվաճումներին, չեն բխում դրանցից, այլ ուղղակի նմանակումներ են: Պատմական փորձը ցույց է տալիս, որ Եվրոպայից եկող ամեն ինչ չէ, որ լավ է: Հիշենք XIX դարի հայ ազգային գործիչներից մեկի խոսքերը. «Եւրոպայի ոչ թէ քուրչերը, այլ ճշմարիտ լուսաւորականութիւնը ունենալ կ’ուզենք նէ»: